«Եվրո տատիկն» ու Այգեստանի տղամարդիկ

Տունս այնքան մոտ է համալսարանին, որ կարող եմ ճանապարհին ոչինչ չնկատել բացի քայլերիս քանակից:
Բայց…

Այդ «եվրո տատիկը», որին հանդիպում եմ մասնաշենքից դուրս գալիս… Ինչպես եմ վատ զգում, որ
ինձնից փող չի ուզում… Մուրացկանության նոր մշակույթ. բերան չցավեցնել նիհար դրամապանակներից
փող պոկելու համար, ունենալ մշտական հաճախորդներ ու նրանցից վերցնել հազար դրամից ոչ պակաս
գումար:

Իսկ այդ մշտական հաճախորդները «եվրո տատիկին» եվրոներ են նվիրում այն նույն հոգեբանությամբ,
որը նրանց ձեռքից բռնել ու տարել է համալսարանի «ամենաթանկանոց» ֆակուլտետը, գնել է տալիս
ամենակարմիր դիպլոմը ու ամենասև ջիպը… Եթե կա ամեն ինչի էլիտար տարբերակը, պետք է լինի նաև
մուրացկանինը, և հորինվել է «եվրո տատիկը»…

Իսկ մասնաշենքի դարպասների հենց կողքին գտնվող խանութի տերերը փող աշխատելու համար գործի

մեջ են դնում, օրինակ, իրենց էներգիան, միտքը, ժամանակը ու նման բաներ… Նախ մտածել են` որտեղ
հիմնեն իրենց բիզնեսը, որ լավ առևտուր լինի, ու խանութը կառուցվել է ուտելու վազող ուսանողների
հարևանությամբ: Եվ այն ժամանակ, երբ ուսանողները սպառում են նրանց ունեցածը, նույն ընթացքում
խանութն ապրանք է ստանում:

Ուսանողներին էլ ի՞նչ է պետք բացի ուտելուց. գրքեր պատճենել, կուրսային աշխատանք ու ռեֆերատ
պատվիրել: Դա էլ են անում. ոչինչ, որ տարածքը փոքր է: Ի դեպ, կուրսային աշխատանքների թեժ
շրջանում պատվերներն ընդունվում են նաև պատուհանից, որովհետև ներս մտնելիս հնարավոր է
դիֆուզիայի ենթարկվել: Բայց որպեսզի քիչ գովազդեմ արդեն հաջողված բիզնեսը, ավելի լավ է անցնեմ
փողոցը ու գնամ տուն:

Այգեստանի տղամարդիկ… Նրանք չգիտեն, թե աշխատանքային օրն ինչ տևողություն ունի, աշխատանք
հազվադեպ են փնտրում, չեն հիշում նվազագույն աշխատավարձի չափը, ու նրանց քիչ է հետաքրքրում,
որ այդ չափը վերջերս ավելացավ… Այս ձեռքբերումներին այգեստանցիները չէին հասնի, եթե
ուսանողները նրանց բնակարանները վարձակալելու այդքան մեծ ցանկություն չունենային… Այսպես,
իրենք տեղավորվում են տան մեկ անկյունում, մնացած երեք անկյունները վարձով են տալիս: Ամսական
նվազագույնը 60000 դրամ պետք է վճարես մեկ սենյակի համար, որի մի ծայրից մյուսը կարելի է հասնել
երեք-չորս քայլով:

Այսօր Այգեստանի տղամարդիկ համարում են, որ ավարտվել է ուսանողներին վարձով բնակարան տալու
«սեզոնը». այդ պատճառով վարձակալության հայտարարությունները պարսկերենով են փակցնում:
Պարսիկների համար բնակարանն արժի ամսեկան ոչ թե 60000 դրամ, այլ երեք հարյուր դոլլարից ոչ
պակաս: Նախանձել կարելի է Այգեստանի տղամարդկանց: Չնայած… եթե նրանք աշխատավարձ են
ստանում այսպես թե այնպես ու հենց այնպես, ապա ինչո՞վ են տարբերվում «եվրո տատիկից»…

Մարինե Մադաթյան

Tags: ,

Comments are closed.