Մտորելիք է

«Ապե, դու էլ ե˚ս գալիս Երևան»,- լսվում է Վայք-Երևան երթուղայինի վարորդի ձայնը: «Չէ է, ախր դու Երևան գնալու շորեր չես հագել»,- ինքն իրեն ուղղում է վարորդը: Երթուղայինի մեջ ծիծաղ է սկսվում: Ես էլ եմ ծիծաղում: Մտածում եմ` տեսնես «Երևան գնալու շորերը» որոնք են ու ակամայից հագածիս նայում:

Մեքենան ավտոկայանից շարժվում է: Դեռ ազատ նստատեղեր կան: Զարմանում եմ` առանց նստատեղերը լրացնելու ճանապարհ ենք ընկնում: Պարզվում է` ոչ: շուրջվայքյան ճանապարհորդություն է` ուղևորներ «հայտնաբերելու» նպատակով:

Մենք քսան րոպե պտտվեցինք քաղաքով: Ես այդ ընթացքում հասցրի երեք անգամ ձեռքով անել պատշգամբում կանգնած մայրիկիս:

Ահա մի երիտասարդ պատրաստվում է նստել առջևի ազատ նստատեղին: «Ընգերս,  ստեղ նստած մարդ կա, ստեղ մի նստի»,- լսվում է վարորդի ձայնը: Հետաքրքիր է`ո՞վ էր նստած ազատ նստատեղին, որ ոչ ոք նրան չէր տեսնում: Ավելի ուշ պարզվեց, որ մեկը խնդրել էր վարորդին իր համար առջևում տեղ պահել:

Վերջապես ճանապարհ ընկանք:

Երթուղայիններում լինում են մարդիկ, ովքեր միշտ զրույցի են բռնվում կողքին նստած ուղևորի հետ: Այդպիսի  մի տղամարդ էլ իմ կողքին էր նստել: Հարցրեց ինձ վերաբերող գրեթե ամեն ինչ: Պատասխանեցի լակոնիկ: Իմացավ, որ սովորում եմ: Շրջվեց ու դիմացինին. «Էս մեր երեխեքն էլ սովորում, ավարտում են ու աշխատելու տեղ չի լինում: Հենա հարսս էլ ավարտել ա, չի կարում աշխատանք ճարի: Տերովին տերն ա տանում, անտեր էլ գելը»,- բողոքեց տարեց տղամարդը: «Ինչի՞, հարսդ անտե՞ր ա»,- ասաց դիմացինն ու սկսեց ծիծաղել:

Ապա մեկ ու կես ժամ ուղևորներս ստիպված եղանք խորհելու մեր աշխարհ գալու փաստի մասին: Ոմանք խորհեցին, քթի տակ երգեցին ու հիացան, ոմանք գլխացավ ստացան: Խոսքը «Ինչի համար  աշխարհ եկա երգի մասին է»:

Լսվեց մի պապիկի ձայն. «Վարպետ, ստեղ կանգնեցրու, ինձ ու կնգաս իջացրու»: Խոսքերից կարելի էր մտածել, որ վարորդը կիջնի, կբացի դուռը, կօգնի տատիկին ու պապաիկին իջնել ու ինքն էլ կփակի դուռը: Ու այդ դեպքում չէր լսվի վարորդի ձայնը. «Կամաաաաաաաաաց, ձեր տան դուռը չի»: Այստեղ ես ևս մեկ անգամ, Աստված իմ, ասելու ու զարմանալու առիթ եմ ունենում: Այս ուր ենք հասել, ինչպես են խոսում մեզանից մեծ մարդկանց հետ:

Լսվում է ուղևորներից մեկի ձայնը. «Արգելակեք»: Վարորդը կանգնում է: Երիտասարդ աղջիկը գումարը տալիս է վարորդին. «Համե»: Իջնում է: Ներկաներիս համար ծիծաղելի էր: Ինչպե՞ս ենք մենք խոսում. «Արգելակեք, համե»: Եթե չեմ սխալվում «համե» արևմտահայերեն է, նշանակում է «ինչ»: Ինչ կապ ուներ գումար տալը «ինչ» բառի հետ: Մտորելիք է…

Վերջին կանգառում իջնում եմ երթուղայինից, հասնում համալսարան: Դասը սկսվում է: Մտնում եմ լսարան: Մոտենում առջևի ազատ նստատեղին ու ակամայից հարցնում կուրսեցուս. «Էստեղ նստած մարդ կա˚»:  Հետաքրքիր է` ով և ոնց պետք է նստած լիներ, որ չտեսնեի…

Նունե Հովսեփյան

Comments are closed.