«Կարո՞ղ է դուք իմանաք` որտեղ է Քադաֆին»

Էլի ուշացա: Պայուսակս եմ լցնում այն ամենը, ինչն այդ պահին ընկնում է աչքիս, մտքումս ինչ ասես ասում եմ Մարկ Ցուկենբերգին ֆեյսբուք հիվանդությամբ բոլորիս վարակելու համար, ու ինձ դուրս եմ նետում տանից…

Կանգառում…

Էս 64-ը, ժողովուրդ ջան, գալիս է 15 րոպեն մեկ: Մեր բախտն էլ էդպես է բերել: Գոնե մի ալտերնատիվ միկրոավտոբուս էլ լիներ, թե չէ ես ինձ արդեն կանգառի սյուն եմ զգում կամ էլ լուսացույց:

Հիմա ինչ, գալո՞ւ ես 64 ջան: Ըհն, եկավ… էնպես էլ նազանքով ու դանդաղ է գալիս, ոնց որ բալետ պարի: Վերջապես…ինձ ներս եմ գցում ու ինչպես միշտ` ուժս չի հերիքում, որ դուռը փակեմ…մունաթախառը նկատողություն վարորդի կողմից, թե դուռը չի փակվել:  Ինչքան ուժ ունեմ գործադրում եմ. դուռը արդեն փակ է, բայց վարորդն էլի դժգոհ է, փաստորեն հիմա էլ դուռը ջարդելու գործով էի զբաղված: Դռան դեմ մահափորձը բարեհաջող իրականացնելով, ինձ նետում եմ միակ ազատ նստարանի վրա: Իսկ այնտեղ նետվելու ճանապարհին երթուղայինի «սիրելի» վարորդը սկսում է մեքենան վարել ու քիչ է մնում ընկնեմ դիմացս նստած պապիկի գիրկը: Բայց…..չեմ ընկնում: Հա , վերջապես նստած եմ: Ու չորս կողմից ուղևորները թարս են նայում վրաս:

«Էս հոգնածն ով էր, հազիվ աչքս կպել էր, եկավ զարթնացրեց» ու նմանատիպ այլ հայացքներով ինձ են նայում հետևից ու կողքից: Համոզված եմ` եթե դիմացինները հնարավորություն ունենային , իրենք էլ կնայեին, բայց դիմացը նստած 2 աղջիկները գերադասում էին արագի մեջ քսվել, քանի տեղ չեն հասել:

Իսկ ես ոչ մեկին նայելու հավես ու ներվեր չունեմ, ուստի ընդունում եմ դեմքի «հակատանկային» արտահայտություն և սկսում պատուհանից դուրս նայել: Դրսում էլ ամեն ինչ մի տեսակ անկապ է, սովորական: Մի քիչ էլ ցուրտ է, բայց ցուրտը մի տեսակ չէի զգում:

«Ցուրտ ա, էդ պատուհանը փակեք էլի»:

Իսկ ես մտածում էի թե որտեղ է այս պահին Քադաֆին…

«Պատուհանը փակեք»:

Տեսնես ՀԱԿ-ը ու կոալիցիան կերկխոսեն, ախր էդ վրաններում նստած մարդիկ մեղք են, գիշերը ցուրտ ա լինում…

«Աղջիկ ջան, չես լսում, պատուհանը փակի»!!!!!!!!!

Փաստորեն իմ հետ էին…շփոթվում եմ, «կարո՞ղ է դուք իմանաք որտեղ է Քադաֆին»,- հայացքով  նայում եմ ինձ դիմողին ու փակում պատուհանը:

Էս էլ համալսարանը: Մյուս տարի էս ժամանակ երևի էստեղ էլ չեմ լինի…Իջնում եմ երթուղայինից ու փոխանակ գնամ մասնաշենք, քայլերս ուղղում եմ ընթերցասրահ… սովորություն է դառել մի տեսակ: Մարդիկ ծխում ու խմում են, ես էլ ընթերց եմ գնում…Լավ եմ անում գնում եմ, բայց եթե իմանաք, թե ոնց են թարգում ընթերց գնալը, ինձ էլ ասեք:

Հաաա. Մեկ էլ եթե տեղեկանաք, թե որտեղ է Քադաֆին, այդ մասին էլ տեղեկացրեք:

Նարինե Դանեղյան

Comments are closed.