Խոհ

Քայլելիս ուղեղն ավելի լավ է աշխատում,

Մտքերն էլ իրենց հերթին շատ խորն են տանում…

Դարավոր դղյակի դարպասների ծանրությամբ բացվում են կոպերս, ծուլորեն ձեռքս շոշափում է պահարանիս երեսը, ականջ ծակող զարթուցիչի գլխին անմիջապես արջի թաթի հարված է հասնում, ու կտրվում է նյարդեր սղոցող աքաղաղի կանչը:

Հագնում եմ շորերս, լվացվում, նախաճաշում, ստուգում ֆեյսբուքյան էջս, տանից դուրս գալուց առաջ նայում եմ հայելու մեջ, ստուգում արդյոք ամեն ինչ տեղում է. բջջայիններս, ծխախոտս, կրակայրիչս, փողերս:

Տեղում է ամեն ինչ, կարող եմ գնալ: Մեր տնից կանգառ տանող ճանապարհը զուրկ է մայթից, ավելի ճիշտ` այն գրավել են, զավթել են ու տեղը կառուցել ավտոլվացման կետեր, խորովածանոցներ: Տեսնես հե՞շտ է եղել տարածք գրավելը, երևի թե դժվար, բայց արդյոք այնքա՞ն դժվար, ինչքան քո ուշադրությունը գրավելն է: Գիտես, երեկ ինձ մի պահ թվաց, թե հաջողվել է ուշադրությանդ արժանանալ: Նայեցիր աչքերիս մեջ, ու կարծես արև շողաց, ինչպես հիմա:

Հիմա արևը ինձ է նայում դիմացի մայթից, այն նոր է վերանորոգված, շքեղ է, բարձր արգելապատնեշներով, հաճելի կլիներ այդ մայթով քայլելը, բայց չեմ կարող այնտեղ հասնել, մոտակա անցումը հենց կանգառի մոտ է: Դու էլ ես ինձ համար նույնքան անհասանելի, համենայնդեպս հիմա, իսկ երբ հասնեմ այնտեղ ուր գնում եմ կդառնաս հասանելի, բայց, ցավոք, քո կարիքը էլ չի լինի, ինչպես և դիմացի մայթ անցնելու: Քեզ պես շքեղ է այն: Ինձ սկսում է արդեն թվալ, որ շքեղությունը ու անհասանելիությունը հոմանիշներ են: Քո շքեղության կողքով անցնում եմ, աչքերով տիրում, միասին շարժվում ենք նույն ուղղությամբ, բայց դա դեռ շատ քիչ է նրա համար, որ մեր ճանապարհները խաչվեն:

Արդեն հասնում եմ կանգառ, իսկը ժամանակն է ծխախոտս վառելու, միևնույն է, գիտեմ, առնվազն կես ժամ այստեղ եմ: Ծուխը այրում է կոկորդս, բայց, չգիտեմ ինչու, հաճելի է, այնքան հաճելի, ինչքան որ երեկ էր, երբ մի պահ փորձեցի պատկերացնել, թե երբ իմանաս իմ զգացմունքների մասին` կթշմանամանք: Բայց դա էլ էր հաճելի, ցավոտ, բայց հաճելի. ատելությունն էլ զգացմունք է, կարգին ատող ունենալն էլ այս դարում երջանկություն է:

Ոնց որ իմ երթուղայինն է, վայ, չկանգնեց: Երևի վարորդը չնկատեց, չնայած ավելի լավ, դեռ ծխախոտս չի վերջացել:

Երթուղայինս անցավ, շատերն էլ անցել են իմ կողքով ու չեն տեսել ինձ, չեն ճանաչել իրականը իմ մեջ, չնայած ես առանձնապես այն չեմ էլ թաքցրել, միշտ պատրաստ եմ եղել բացվելու, երևի հենց դա էլ խանգարել է նրանց, կարիք չկար այդքան բաց լինելու, կեղծ եմ թվում: Երթուղայինի նման` դու էլ կանցնես, բայց դեռ ժամանակ կա, դեռ հուսալու, երազելու, սպասելու ժամանակ կա: Երեկվա զանգը չեմ մոռանա, չնայած կողքիս էիր, բայց ինձ թվաց, թե քեզ կորցրի, ինձ, անկեղծ ասած, թվաց ընկերդ էր:

Էհ, ինչեր եմ ասում, դու չես կարող, չնայած ինչն է քեզ հետ պահելու ընկեր ունենալուց, հաստատ որ ես` անծանոթս, ոչինչ անել չեմ կարող: Զանգողը հաստատ տղա էր, միայն դա ինձ այրեց: Եթե այրի էլ, կսովորեմ, ծխախոտի ծուխին ոնց եմ սովորել, անգամ հաճելի է:

Սա էլ իմ երթուղայինը: Մի քիչ հնամաշ է, բայց ինչ արած, իմն է, պիտի նստեմ: Դուռը աշխատում եմ հնարավորինս անաղմուկ փակել ու միաժամանակ չեմ մոռանում վարորդին կիսաձայն ասել.

-Շնորհակալություն…

Սպարտակ Գրիշյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Չորրորդ կուրս

Comments are closed.