Մենք այլեւս չխոսեցինք ցեղասպանությունից

Այսօր իմացա, որ Զեհրան ամուսնանում է… հուզվեցի:

Գիշերվա ժամը երկուսն էր, ղեկավարս Զեհրային բերեց մեր տուն: Եվրոպական ձեւերով բարեւեցինք, բայց արեւելյան ազգերին բնորոշ ջերմությամբ  թեյեցինք ու խոսեցինք ողջ գիշեր:  Թուրքի նկատմամբ կոմպլեքս ունեի:  Թուրք տեսել էի, շփվել էի, խմել էի հետը, բայց ապրե՞լ…այս միտքն ինձ նույնիսկ գիշերները հանգիստ չէր տալիս:  Մինչ Զեհրայի գալը ես հպարտությամբ դարակներից հանել էի բոլոր հայկական հուշանվերները ու տարածել տնով: Սենյակիս դռան բռնակից  էլ հայկական դրոշ էի կապել:

Երբ թեյում էինք խոհանոցում, Զեհրան միանգամից նկատեց այն, ինչ ուզում էի  նկատեր. սառնարանի փոքրիկ մագնիսները՝ Արարատ լեռան պատկերով: Դրանով պիտի փակեի թուրքի առաջ ունեցածս կոմպլեքսը…Զեհրան  նկատեց. «Ես շատ բան չգիտեմ իմ եւ քո ազգերի միջեւ կոնֆլիկտների մասին, բայց ծնողներս զգուշացրել էին, որ քեզ հետ զգույշ վարվեմ, որովհետեւ դուք ցավ եք տեսել: Բայց չգիտեմ ինչ ցավ, հուսամ կպատմես ինձ»: Նայում էի նիհար Զեհրայի մեծ, սեւ, անկեղծ աչքերին ու մի ցանկություն ունեի՝ ձեռքերս արագ սահեցնել տան բոլոր ծակուծուկերով ու հանել հայկական դրոշներս ու հուշանվերները:

Եվրոպական ծրագրի կամավորներով ապրում էինք Լիտվայի հյուսիսային փոքրիկ քաղաքներից մեկում:  Մինչ Զեհրայի ժամանելը այլ երեք  կամավորների հետ էի ապրում.  բացի սեքսից, գարեջրից ու նման բաներից այն կողմ չէինք խոսում: Իմաստ չկար:  Մենք միասին չէինք ճաշում, չէինք պատրաստում, չէինք թեյում: Ես արդեն սովորել էի նման կերպ ապրելուն:

Առավոտյան  Զեհրան աղմկում էր խոհանոցում: Մաքուր սպիտակ  գլխաշորով էր, սպիտակ շապիկ էր հագել ու  սպիտակ գոգնոց: Մեզ համար նախաճաշի  բլիթներ էր թխում: Կանգնած դռան մոտ`նայում էի նրան: Մայրական հոգատարություն որսացի:

Լիտվական անընտանիք կյանքս փոխվեց: Զեհրան դարձավ ընտանիքս: Հայկական դաղձի թեյ,  թուրքական սեւ սուրճ  ու գիշերային անդադար զրույցներ. մանկություն, պատանեկություն, հիասթափություններ, փախուստներ, ինքդ քեզ հասկանալու ճիգեր: Նկարում էինք, երգում, պարում, խաղում, խոսում: Զրույցներ կան, որ երբեք չես կարող մոռանալ. Զեհրայի հետ նման զրույցների շարք եմ ունեցել. ու նույնիսկ դրանք հիշելուց են աչքերս արցունքոտվում: Մանկական նուրբ զգացողություններ ու ապրումներ, որոնցով երբեք չես կիսվում նույնիսկ ամենամտերիմների հետ՝ չափից շատ «քոնը» լինելու պատճառով:

«Գիտես, միշտ անմնացորդ նվիրվող եմ եղել: Կյանքիս ընթացքում նվիրվել եմ մարդկանց, որոնց պետք չէր նվիրվել: Ու մի քանի անգամ կոտրվելուց հետո ես շատ փոխվեցի: Հիմա անզգացմունք եմ դարձել: Հիմա դատարկվել եմ: Հիմա իմ կողքին ունեմ Քերեմին (Զեհրայի ընկերը՝ հեղ.) , ինքը ինձ գիտե՞ս ինչքան զգացմունք է տալիս, բայց ես չեմ կարողանում տալ, թեեւ սիրում եմ, բայց միջիս կենդանի ու լուսավոր մի բան մեռել է: Ես փախա դրանից, եկա այստեղ՝ մտածելով, որ կորցրածս միգուցե այստեղ է: Ես նույնիկ ընտանիքիս էլ չեմ կարողանում այդքան շատ սիրել, որքան առաջ էի սիրում: Ինչի՞ց է»: Ես չգիտեի ու չէի կարողանում պատասխանել: Իմ ու նրա տարբերությունը այն էր, որ Զեհրան փորձում էր: Ամեն օր նստում ու գունավոր թղթերի վրա գունավոր գրիչներով նամակներ էր գրում Քերեմին: Քերեմից էլ ստանում առավել հետաքրքիր բացիկներ ու նամակներ:  Տերեւներից բացիկներ էր սարքում մայրիկին, հայրիկին, քրոջը, եղբորը: Մանկական մի ամբողջ աշխարհ կար 26-ամյա Զեհրայի մեջ: Կամ էլ ցանկություն՝ այդ աշխարհը չկորցնելու:

Նամազ անելիս Զեհրան իր սենյակի դուռը բաց էր թողնում: Ինձ հետաքրքիր էր նրան դիտելը: Սպիտակ գլխաշորով միշտ նույն դիրքն ընդունած Զեհրան երեւի աղոթում էր լույսի համար: Աղոթքից հետո միշտ հանգիստ էր ու խաղաղ: «Իմ ընտանիքը հավատացյալ է, բայց ես վերջերս եմ սկսել հավատալ ու աղոթել: Ես ինքս եմ եկել Ալլահին, ինձ ոչ ոք չի ստիպել, կամ մանկուց ասել, որ այդպես պետք է: Մեր հավատքը լուսավոր է, Լիլիթ: Այն մարդուն ուժ է տալիս»,-սիրում էի լսել նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ համաձայն չէի նրա հետ:

Կլայպեդայից վերադառնալիս ավտոբուսի մեջ Զեհրան եւ մեկ այլ թուրք աղջիկ երգում էին թուրքական երգեր: Ես ամեն կերպ ինձ շեղում էի ու փորձում էի խեղդել խորքից դուրս եկող բնական ատելությունս: Թուրքական կլկլոցը, ելեւէջները ուղեղս ցեցի պես ուտում էին: Ինձ զսպել այլեւս չկարողացա: Որքան կարող էի մեղմ հասկացրի, որ իրենց երգի նկատմամբ ատելություն եմ զգում: Ամերիկացին, բրազիլացին եւ իտալացին  չհասկացան ու շոկ ապրեցին իմ անսպասելի հայտարարությունից: Բացատրեցի, ինչպիսի զգացողություն է, որը ես կառավարել չեմ կարողանում ու որը անկախ իմ ցանկությունից ներսումս կա: Զեհրան տխրեց. իմ երկար բացատրություններից հետո տխուր աչքերը ներքեւ իջեցնելով ասաց. «Ես շատ բան կզոհեի, միայն թե  թուրքի ու թուրքականի նկատմամբ ներսիդ եղածը չլիներ»:

Այդ ամբողջ գիշերը խոսեցինք ցեղասպանությունից: Զեհրան գիտեր, որ «հայերը թուրքերի հետ լավ են ապրել, բայց հետո Անգլիան հայերին գայթակղել է ու հրահրել ապստամբել թուրքերի դեմ, որից հետո էլ եղել է պատերազմ ու թուրքերը հայերին հաղթել են»:  Որքան էլ իմ պատմությունը ճիշտ էր, բայց ես չեմ կարող ինձ ներել այն, որ Զեհրան այդ ամբողջ գիշեր լացեց: Սկայպով մեզ էր միացել նաեւ Քերեմը, որն ամբողջ գիշեր փորձեց հերքել ինձ: Զեհրան ինձ էր պաշտպանում. «Քերեմ, Լիլիթը չի խաբի»: Ես մեկուկես միլիոն ցեղասպանված հայերի ամբողջ վրեժը փորձում էի լուծել այդ փոքրիկ թուրք աղջկանից: Ֆիզիկական ցավ էի զգում նրա արցունքներից, բայց շարունակում էի պատմել: Մենք միասին էինք լացում մեր պատմության համար:  Լույսը բացվեց, լուռ նախաճաշեցինք ու քայլեցինք աշխատանքի: Ցուրտ էր, լիտվական դասական սառնամանիք: Դպրոցի դռների մոտ նայեց աչքերիս ու մի բան ասաց. «Ես վախենում եմ ավելին իմանալ իմ ազգի մասին. hետո գուցե չկարողանամ ապրել՝ այդ բեռը ուսերիս»: Մենք այլեւս չխոսեցինք ցեղասպանությունից:

P.S. Զեհրան ինձնից հինգ ամիս ուշ եկավ Լիտվա եւ ինձնից մեկ ամիս շուտ էլ լքեց այն: Մեր հրաժեշտի գիշերը, երբ խոհանոցում վերջին անգամ թեյ էինք խմում, Զեհրան մոտեցավ սառնարանին, ցույց տվեց Արարատ լեռան պատկերով ու հայկական այբուբենով մագնսիները ու խնդրեց, որ դրանք իրեն նվիրեմ:

P.S.2 Երբ Զեհրան հետ էր վերադառնում Թուրքիա, Ստամբուլում նրան դիմավորող Քերեմը  օդանավակայանում  ամուսնության առաջարկ արեց Զեհրային:  Եւ այսօր իմացա, որ Զեհրան ամուսնանում է: Նստեցի ու ունեցածս թղթերից շնորհավորական բացիկ պատրաստեցի:

Comments are closed.