դրվագ

Փոշոտ հայացքներից, խոսակցություններից, զգացմուքներից, գարեջրի բույրից ու փոշիացած արժեքներից զզված` տուն ընկա: Ուրցի թեյ. հա, ուրցը դեռ մանկուց մոտիկ ընկերս է եղել: Չգիտեմ` էս մասին ինչու եմ գրում ու ձեզ բան ունե՞մ ասելու ընդհանրապես, ուղղակի, գրում եմ: Ձեր տեղը լինեի, չէի կարդա, քանի որ վաղը մեկա պետք ա արթնանաք ու նորից նույն փոշու մեջ մխրճվեք էլի: Բայց դե, հազարից մեկ փոշիներն արժե սրբել: Եւ այսպես, ձեռքս եմ վերցնում փոշու շորն ու…

Էս երկրում կամ մարդկության մեջ ընդհանրապես, ամեն մեկն իր տեղում անազնիվ ա, նենգ ու մարմնավաճառ: Բացառությունների մասին չեմ խոսում. իրենք իրենց մասին լսելու կարիք չունեն: Ում մասին որ խոսում եմ, միգուցե լսեն, չհասկանան էլ, որ իրենց մասին է խոսքը, բայց ոչինչ..

Ես ժուռնալիստ եմ, ճի՞շտ է, գոնե մի երկու բան գրել եմ: Զզվում եմ էս ժուռնալիստների հետ երկու բառ խոսելուց: Իրենք իրենցից ոգեւորված մեկ քրֆում են Լեւոնին, քանի որ Սերժի համար են աշխատում, մեկ` հակառակը: Վերջերս էլ պատահում ա, որ քրֆում են երկուսին էլ, քանի որ Քոչարյանի փողերով են իրենց աշխատավարձ տալիս… Էլ չեմ խոսում լրատվական դաշտի մոնոպոլիայի մասին. Միշիկը որքան էլ խելացի լիներ, էդ մոնոպոլիան ստեղծել չէր կարող, եթե յուրաքանչյուր ժուռնալիստ իր տեղում արժանապատվություն ցուցաբերեր: Բայց դե ավելորդ ա բարձր գաղափարներից խոսել…

Այլընտրանքային ժուռնալիստներ կան է, գիտե՞ք ովքեր են, էն որ իր տնեցիք հպարտանում են, որ իրենց տղան դեպուտատների հետ ա տալիս-առնում: Դեպուտատներն իրենց տղային զանգում են` խնդրանքով ու չեն մերժվում: Կամ ասենք իրենց տղան հաց ա ուտում դեպուտատների հետ, եթե բախտը բերել ա: Էն, որ խմբագրի աչքը մտնելու համար մի հատ նենց «բոմբ» նյութ են գրում, որ հաջորդ օրը դեպուտատ ձյաձյաները նոր համակարգիչներ կամ լուսանկարչական սարքեր գնեն  խմբագրության համար: Էդ խմբագրության համար, ընդհանրապես, լավագույն ժուռնալիստը նա ա համարվում, ով ավելի շատ ֆոտոապարատ կամ համակարգիչ կպոկի դեպուտատ ձյաձյաներից: Ու էդ խմբագրությունները քիչ չեն է. մեկը չի, երկուսը չի..

Էս տեսակ խմբագրությունները սովորաբար «վատ» բաներ են գրում մի կուսակցության կամ օլիգարխի մասին, հետո տպագրված նյութն ուղարկում էդ մարդուն, որ կարդա` ոչ թե ամոթից գետինը մտնելու, այլ մի երկու կոպեկ դեպի իրենց շպրտելու համար:

Ու տենց… էս մեր հարիֆ, բայց իրեն «բիթի»-ի տեղ դրած ընդդիմադիր մասսան էլ վերցնում, էդ նյութերը կարդում, հանգստանում ա: Ախր ամենածիծաղելին կամ անտանելին էն ա, որ էս ժուռնալիստներն առանց ամաչելու իրենց պատվիրված, քծնող ու վաճառված նյութերը տալիս են տնեցիքին, որ կարդան ու հպարտանան: Գոնե տնեցիքին ասեն` մի կարդացեք, ամոթա, խաբում եմ ձեզ:

Սա մի դրվագ, թե ինչի էս երկիրը երկիր չի կամ ինչի ա էս ժողովուրդը վատ ապրում… էս ժողովուրդը վատ չի ապրում է. խաբելով, քծնելով ու փոշի շնչելով ա ապրում… Փոշի սրբողներն էլ գիտեն, որ իզուր էլ սրբում են. մեկ ա, չսրբած` նորից ա նստում:

Անի Հովհաննիսյան

Tags: , ,

Comments are closed.