Ես ատում էի ֆեյսբուքի ձեւամոլներին, իսկ նա դիտմամբ միացնում էր վիդեոներն այդ ձեւամոլների, որ լսեի ձայները, կատաղեի։ Ելք չկա․ նույն սենյակում ենք, դուռը փակ է՝ չնայած ցանկության դեպքում կարելի ա բացել էդ անտեր դուռը ու գնալ։ Էդ գնալը, հեռանալը հնացած մեթոդներ են, երբ ելք չկա։
Լավ, սկսեմ Թբիլիսիից, քանի որ ամեն ինչ քաղաքի, գլոբալի վրա գցելը հեշտացնում է գործդ։ Մի կերպ եմ գրում, հենվելու կետ է պետք՝ գրել կարողանալու համար։ Առաջին օրն էր, որ եկել էի բնակվելու արդեն հարազատացած այս քաղաքում։ Սովորաբար Թբիլիսին ինձ ողջունում է «Գենաց Վալե» ռեստորանում` խինկալիների բույրով։ էս ռեստորանից ամեն անգամ դուրս գալիս՝ ինձ հարուստ եմ զգում ու տռզած՝ չնայած կերածս մի մեծ բան չի․ երկու խինկալի, բայց չեմ սիրում, ուղղակի․․ սովորության ուժով միշտ ոտքերս էդ ուղղությամբ են քայլում։ Այս անգամ էլ մթնել էր, երբ դուրս եկանք։ Մի 60-ն անց տղամարդ կա Լեսելիձե փողոցում, 90-ականների «կասետով» նվագարկիչը թեւի տակ դրած՝ միշտ փող է հավաքում անցորդներից։ Նկատեցի, որ պառկել է ծառի տակ ու լաց է լինում։
- Ինչո՞ւ եք էստեղ պառկել,- հարցրի։
- Որ մեռնեմ։
- Տուն չունե՞ք։
- Չէ, ոչ տուն ունեմ, ոչինչ էլ չունեմ։ Դուխ էլ չունեմ, որ մեռնեմ։
- Եկեք մեր տուն գնանք,- ասելս, նրա համաձայնելն ու արդեն թբիլիսյան տնեցիներիս դժգոհ հայացքները մեկ եղան։
- Միգուցե մեր կարծիքն էլ հարցնես՝ նրան տուն հրավիրելուց առաջ,- հատուկ շեշտադրությամբ արտահայտվեց տնեցիներիցս մեկը։ Մյուս տնեցիս էլ ուղղակի չհամարձակվեց արտահայտվել՝ շառից-փորձանքից հեռու մնալու համար։
Մի պահ ատեցի երկուսին էլ, ոնց որ 6-րդ դասարանում ատել էի հորս ու մորս, որ ինձ կյանքում առաջին անգամ արգելել էին ձնծաղիկ հավաքելու գնալ։ Եթե տնեցիներս շարունակեին նույն ոգով, նրանց հետ չէի ապրելու․ մարդկային ամենատհաճ հատկանիշի դրսեւորում էր դա ինձ համար։
Ինչեւէ, ես նրանց ուղարկեցի գրողի ծոցը, ասացի, որ կարող են գնալ տուն ու հանգիստ քնել, իսկ ես մնալու եմ ծերուկի հետ։ Աշխույժ ծերուկն արդեն մոռացել էր մեռնելու մասին, կյանք էր առել, վեր կացել ու հայացքով սպասում էր ինձ, որ միասին գնանք մեր տուն։ Նույնիսկ փողերն էր հաշվում, ասում էր հաց, պանիր ու խմելու բան կառնենք, գնանք, տաք տեղ նստենք ու խմենք․․․ որքան վաղուց ես նման վիճակ չէի զգացել, որքան վաղուց էր շրջապատս մատերիալ դարձել․․․
Ես ունեի էդ ծերուկի կարիքն ավելի շատ, քան ինքն իմը։ Ամաչում էի նրան հայտնել, որ տնեցիներս կողմ չեն քվեարկում իմ որոշմանը։ Նստեցինք Ռուսթավելիի նստարաններից մեկի վրա, որ հագենամ նրանից։ Ախր նա ուներ այն, ինչ ես վաղուց կորցրել էի․․հետեւում էի նրա փնտրող հայացքին, որ փորձում էր մի բան հասկանալ իմ ու տնեցիներիս հայերենով խոսակցություններից։ Իսկ տնեցիներն ինձ համոզում էին տուն գնալ՝ «խմած ա» արտահայտությունն աչքներին․․ Ծերուկը հասկացավ, վեր կացավ, գրկեց ինձ, հեծկլտացի, թեւի տակ առավ մագնիտոֆոնն ու հեռացավ․․․
Share on Facebook
About the author
Ani Hovhannisyan wrote 182 articles on this blog.
This entry was posted on Friday, February 17th, 2012 at 12:11 and is filed under մի բան. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed.
Both comments and pings are currently closed.