Անտոնին

Իմ սիրելի Վիվիի հետ ամեն ուրբաթ նստում էինք Էլեկտրինայ-Վիլնյուս գնացող ավտոբուսն ու ուղեւորվում ուրբաթ-երեկոների գիրկը: Գիշերը չորսից հետո Վիլնյուսն իսկը մեր տեղն էր դառնում: Հաուս երաժշտության դմբդմբոցը, ռոքի ճղճղոցն ու ռոքնռոլի ոլորապտույտները մեզ մի փաբից մյուս բարն էին նետում: Այդ ժամանակ էր, երբ ծանոթանում էինք եվրոպայի լավագույն համալսարանների պրոֆեսորների հետ, մի սեղանից մյուսը տեղափոխվում, խմում հետները, գոռում “Cheeeers” ու դուրս գալիս ծխելու, խոսելու ու հռհռալու: Այդ ժամանակ էր, երբ քմահաճ եվրոպայում կամավոր լինես, թե պրոֆեսոր, կարեւորը լավ պարելն է:

Միակ վատ բանը սիգարետի վերջանալն էր. գիշերվա կեսին, երբ բացի շան պես խմողներից այլեւս ոչ ոք փողոցներում չէր մնում, որեւէ բաց խանութ էլ չկար, սիգարետի վերջանալն ամենահիմար բանն էր, որ կարող էր կատարվել:

Միմյանցից սիգարետ խնդրելն ընդունված էր եվրոպայում, իսկ տալը` ոչ: Անտոնիի հետ վազեցինք դուրս` բոլորին խոստանալով, որ սիգարետ կգտնենք: Անտոնիի մայրը գնչուհի էր, հայրը` ֆրանսիացի: Որեւէ մեկի հետ ծանոթանալիս իրեն ներկայացնում էր` “Antհony from Pari” ու նայում մեզ, իսկ մենք միայն փռթկում էինք նրա փարիզամոլության վրա:

Բարից դուրս գալուն պես` նայեցինք սիրահարների կողմը. սովորաբար խնջույքի կեսից բոլոր սիրահար զույգերը լքում էին բարն ու սկսում վիճաբանել փողոցներում: Մենք առաջին հերթին նրանց էինք մոտենում` սիգարետ խնդրելու:

“Էքսքյուզ մուա, էքսքյուզ մուա…”,-ասում էր Անտոնին ու ֆրանսաֆիկացված անգլերենով շարունակում. “Մենք հասկանում ենք, որ դուք կռվում եք ու հիմա ձեզ համար ամբողջ աշխարհն այլեւս  գոյություն չունի, բայց մեռնելուց առաջ ապրողներիս երկու սիգարետ տվեք”:

Լացող աղջկա (եվրոպական զույգերի կռիվներում լացը պարտադիր է) սեւացած աչքերը վերեւ բարձրացան, ոտքից գլուխ չափեցին Անտոնիին, իսկ ձեռքերը միեւնույն ժամանակ փոքրիկ ֆրայդինայթյան պայուսակի մեջ սիգարետի փնտրտուքով էին զբաղված: Նրա վիճակում ես սիգարետի ամբողջ տուփը կտայի գրողի տարած Անտոնիին, բայց նա…չէէէ, նա շուտ կողմնորոշվող լիտվուհիներից էր: Սիգարետի տուփից երկու սիգարետ հանեց, մեկը մեկնեց ինձ, մյուսն` Անտոնիին:

Անտոնին աշխարհով մեկ եղած իր ձեռքբերումով` շարունակեց բլբլալ. “Թըդեյ իզ ֆղայդի, նայս ֆղայդի..լով իչ օզեր գայս”: Նա ինքն էլ ծիծաղում էր իր ասածների վրա:

Մենք անցանք Գեդիմինոյի լապտերների տակով, քայլեցինք արգելված խոտերի միջով, գլորվեցինք բորդյուրների ու նստարանների վրայից, փողոցային հարբածների հետ կռիվ արեցինք, ընկած ալկաշին մի կերպ քաշ տվինք չոր ասֆալտի վրա ու առավոտվա առաջին իսկ ավտոբուսի հետեւից վազելով` ներս գցեցինք մեզ:

Ներսում վարորդն էր, որ մեծ ղեկն այս ու այն կողմ էր պտտեցնում ու մեկ էլ մենք: Մթություն, լապտերներ, այս ու այն կողմ պտտվող ղեկ ու լուռ վարորդ. ամեն ինչ միայն միմյանց գրկելու ու քնելու համար:

Մեկն ուշադիր դեմքիս էր նայում, մազերս շոյում ու ճակատս համբուրում: Արդեն շաբաթ էր, արեւն ու Անտոնին էլ ուղիղ գլխիս վերեւում: Սեւ թեյ, արթնացում: Նախորդ օրվանից մեզ մնացել էր միայն ալկոհոլի, սիգարետի ու թափառական շան հոտը, որի համար երկուսս էլ գժվում էինք:

Իսկ որ բարում սպասող մեր ընկերներին խոստացել էինք սիգարետ հասցնել, հիշեցինք միայն սնվելուց հետո:

Tags: , ,

Comments are closed.