Խոսքից հետ կանգնել չկա

Ատում եմ հրաժեշտը: Այնքան անիմաստ տխրություն կա դրա մեջ: Հրաժեշտի ժամանակ թվում է` երբեք էլ չես հանդիպի նրան: Հրաժեշտի հուզումը պարզապես սպանում է մարդուն: Ու որքան երկար է այն տևում, գրողը տանի: Ոչ թե ցանկացել եմ, որ չհեռանան ինձանից, այլ, որ այդ սպանիչ վայրկյանները շուտ անցնեն: Այդպես էի հրաժեշտ տալիս հորս 7 տարեկանում: Փակված լոգարանում, ուռած ու կարմրած աչքերով ու ձեռքերով ականջներս փակ, որ չլսեմ թե դռան մոտ կանգնած հայրս ինչպես է կանչում անունս: Ամենասարսափելին այն է, որ մի գուցե գլխի ընկնեն, թե ինչու են կարմրած աչքերդ: Ու երբեք չի հաջողվում խուսափել այդ անիծյալ հրաժեշտից: Կոկորդում հսկայական քար, սեղմված ատամներ, դողացող մարմին, ջղաձգված ժպիտ ու ժամանակը հաշվող վայրկյաններ:

Ինչպես հորս կճանապարհեի 14 տարի առաջ, այնպես էլ այսօր ճանապարհում եմ 2012-ը: Նույն սեղմված ատամներով, խամրած աչքերով, հիմար կատակներով ու լարված ժպիտով: Այն նույն ժպիտից, երբ մի հիմար ասում է` եկեք նկարվենք միասին, իսկ դու չես հասցնում ասել, որ քեզ զանգում են ու պետք է դուրս գաս: Քեզ անգամ ստիպում են, նկարվել ու մի բան էլ ` ասել պանիիիիիիիր: Հենց այդ պանրից է ամանորյա իմ ժպիտը: Հենց այդ ժպիտով եմ ճանապարհում նրան, ով էլ երբեք չի վերադառնա: Մտքումս անընդմեջ փորձում եմ ամփոփել տարին, բայց չի ստացվում: Հասնում է մի կետի ու կիսատ է մնում: Երևի նրանից է, որ ողջ տարին մի տեսակ կիսատ մնաց. Ո՞նց ես: Հարցնում էի ընկերներիցս մեկին (մենք իրար գտել ենք կիսատպռատության ժամանակ ու իրար կեսի կես խոսքից ենք հասկանում, մի խոսքով լավագույն ընկերներ ենք): Գիտես մի տեսակ կիսատության զգացում ունեմ, հասկանում ես չէ what I mean? Հա շատ լավ եմ հասկանում: Ասում էի: Ի՞նչ կա: Մի ուրիշ անգամ հարցնում էր էդ լավագույնս: Եսիմ: Սովորական, այսինքն չգիտեմ, էն զզվելի կիսատպռատությունը հանգիստ չի տալիս, չգիտեմ ոնց բացատրեմ, պատճառ չկա, բայց եսիմ? – պատասխանում էի: Ու դրանից ավելի հանգամանալից պատասխան մենք չէինք ակնկալում միմյանցից: Էդ կիսատությունը չլքեց ողջ տարվա ընթացքում: Կիսատ էինք ու չէինք լցվում:

Մենք մեղավոր չէինք ու 2012-ը նույնքան մեղավոր չէր էդ կիսատության համար, պարզապես մենք երազում էինք ավելի լավ ժամանակների մասին, ճիշտ մեր ընկեր Ozzy-ի պես. I’m just a dreamer who dreams of better days. Էդպես կիսատ էլ հիմա ճանապարհում եմ 2012-ը: Ձեռքումս պատրաստ ճամպրուկս եմ պահում, կարծես թե ես եմ հեռանում անվերադարձ ու խնամքով շարում եմ բոլոր կիսատ- պռատ իրերս ու մտքերս` ցուցակագրված, որ որոշել եմ լրացնել ու տղավարի խոսք եմ տվել: Խոսքից հետ կանգնել չկա, թե չէ էս անգամ իրոք կպարտվնք:

Նարինէ Սարգսեան

Tags: , ,

Comments are closed.