Մեր կողմնակիցները միայն մենք էինք

Ֆրանսուհի ընկերոջս հետ համերգի էինք Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Մենք միասին զուգարան մտնելու սովորություն ունեինք: Երբ զուգարանակոնքից օգտվելու իմ հերթն էր, ընկերուհիս քչփորում էր համերգասրահի զուգարանի դարակները: Կլինկորից վարագույրի հետեւում համերգասրահի աշխատակիցները Բաբաջանյանի մեծ պաստառն էին թաքցրել:

- Եթե էս պաստառը գողանաս ինձ համար, շնորհակալ կլինեմ,- ասացի ֆրանսուհուն:

Նայեց չափերին, հետո զուգարանի դռանը, հետո պատուհանին.

- Դռնից չենք կարող, պատուհանից եթե ներքեւ գցենք, կվնասվի,- ասաց:

Մի քանի րոպե լռել էինք: Նա հասկանում էր, թե ինձ համար որքան կարեւոր էր պաստառն ունենալը` մանավանդ, որ այն գազարագույն էր: Բաբաջանյանի նոտաների գրքի գույնից, որ հայրս ուներ: Ու որ արեւի տակ` հողամասի աստիճաններին, բացում էր նոտաները, երգում մի անգամ, իսկ ես հետեւից կրկնում էի` իմանալով, որ մեր կողմնակիցները միայն մենք ենք ու գազարագույն գիրքը:

- Դանակ,- շշուկով ու կարեւոր դեմքով ասաց ընկերս:

- Ես չունեմ,- ասացի:

- Կգտնենք:

Դանակը գտնվեց զուգարանի դարակներից մեկի անպոչ սուրճի բաժակների կողքին: Հանցագործությունը հաջողությամբ կատարված էր, շրջանակից ազատված Բաբաջանյանի գլուխը` մեր ձեռքում: Ես այն փաթաթեցի, մտցրի հագուստիս տակ ու դուրս եկանք:

Մի քանի ամիս սպասում էի` երբ է հայրս այցելելու ինձ, որ հպարտանամ: Նա տուն մտավ, հարցրեց` ոնց ես, բալիկս ու նայեց նկարին: Հպարտացա, որ գողացել եմ, նայեց ինձ ու ժպտաց:

Tags: , ,

Comments are closed.