Մի երթեւեկության պատմություն

by Ani Hovhannisyan

Հեղինակ` Աշոտ Վավյան
Փողոցն այնքան էր նեղ ու անհարմար, որ անհնար էր շրջանցել առջևի կանգնած ավտոմեքենան, որի վարորդը խոսում էր հեռախոսով և այս պահվածքով կարծես ուզում էր նաև ցույց տալ իր մեքենայի չափային ու գնային գերազանցությունը հետևինի նկատմամբ: Իսկ հնչող ազդանշանը հարմար առիթ էր նախքան շարժվելն իջնելու և ցուցադրելու արդեն սեփական մարմնի չափային ու քաշային առավելությունը…:
Մարդն իր փոքրիկ մեքենայով շարունակեց ճանապարը, թեև՝ անտրամադիր էր, և հենց այդ էր պատճառը, որ չնկատեց չգիտես որտեղից դեմ-դիմաց հայտնված սպիտակ շնիկին: Սակայն լավ էր, …մի կերպ արգելակեց: Իսկ շունն անտեր չէր, շուտով հայտնվեց բոլորին ծանոթ դեմքը, ում դեմքին էին սպասողական նայում իրեն ուղեկցող միմյանց շատ նման մարդիկ: Բայց դեմքն արդեն գոհունակ ժպտում էր՝ նայելով մեկ իր երեխային, մեկ՝ նրա գրկում փաղաքշվող կենդանուն: Նա արդեն որոշել էր հետաձգել օրվա գործերը և մտերիմների հետ ինչպես հարկն է նշել սիրելի շան փրկվելու իրադարձությունը:
… Փողոցը բավական լայն էր, որպեսզի հնարավոր լիներ հեշտությամբ անցնել խնջույքից վերադարձող մեքենաների հազիվ շարժվող շարասյանը, և դրա հետևից գնացող ավտոմեքենայի` դեպի օդակայան գնացող ու հեռախոսով անդադար խոսացող վարորդն ի վերջո որոշեց շրջանցել շարասյունը: Բայց նրան կանգնեցրեցին, խնդրեցին իջնել, և չնայած անձրևին, խնջույքի արարողության ավարտին անտեղի միջամտության համար առաջարկեցին շեղվել իր ժամանակացույցից և ոտքով ուղեկցել շարասյան գլխավոր ավտոմեքենան…:
… Իսկ մարդն ինչպես միշտ, սովորական իր ժամին հերթափոխից տուն էր վերադառնում` մտածելով այդպես էլ չբարձրացող իր տրամադրությունը տնեցիներից ինչ-որ կերպ թաքցնելու մասին: Եվ քանի որ անձրև էր, նա կանգնեցրեց մեքենան` համընթաց քայլող և առաջին հայացքից նույնպես անտրամադիր թվացող միայնակ հետիոտնին տեղափոխելու մտադրությամբ…:

Comments are closed.