Պետք չէ մարդուն դարձնել մուրացկան ու հետո փող տալ

Ֆեյսբուքում հայտնվող “Օգնենք 3-ամյա փոքրիկին”, “Օգնենք արվեստագետին”, “Օգնենք ազատամարտիկին” նախաձեռնությունները տեսնելով` մեր կառավարությունը` բոլոր նախարարներով ու Տիգրան Սարգսյանով հանդերձ ամոթից պիտի գետինը մտնի: Լավ, մի քանի եզակի դեպքերում էս երեւույթը կարելի էր համարել բարեգործություն, բայց մեր գերատեսչություններն արդեն տեղն իմացել են կարծես թե: Որոշել են էնքան գործ չանել, մինչեւ մարդկանց հասցնեն անելանելի դրության ու ստիպեն, որ ամաչելով հաշվեհամար բացեն ու գումար խնդրեն օրվա հացով ապրող մյուս քաղաքացիներից:

Ես հիշում եմ, վերջերս գրում էի լեյկոզով հիվանդ մի երեխայի մասին, ում հայրն անընդհատ նշում էր, որ այլ ելք չունի, բայց շատ է ամաչում մարդկանցից փող խնդրելուց: Եւ ես հասկանում էի նրան, քանի որ եթե վաղը հիվանդանոց ընկնեմ ու փող չունենամ բուժվելու, ամոթից կմեռնեմ` իմ անունով հաշվեհամար բացելու ու փող խնդրելու մտքից:

Չեմ ուզում վատ բաներ ասել, բայց մեր նախարարները, վարչապետն ու նախագահը էդ զգացումը տեսնես կյանքում ունեցե՞լ են: Եթե չէ, մի քիչ պատմեմ, թող գոնե պատկերացնեն: Երեխայիդ կյանքը կախված է մի քանի հազար դոլարից ու այդպիսի մեծ գումար կյանքումդ տեսած չկաս, էլ ուր մնաց ունենաս կամ հնար լինի` գտնելու: Երեխադ աչքիդ առաջ հյուծվում ա, ամեն սրսկումի ու պունկցիայի ժամանակ լաց ա լինում էնպես, որ հիվանդանոցի միջանցքից հեռու ես փախչում, որ ձայնը չլսես: Մտածում ես` ամեն ինչ կտաս, որ երեխայիդ փրկես էդ վիճակից, չկորցնես քո ամենաթանկ մարդուն, բայց էն, ինչ պետք ա` չունես: Բժիշկներն ամեն օր հիշեցնում են, որ հիվանդանոցի ծախսերը չես հոգացել, քույրը թարս ա նայում քեզ ամեն օր…ու դու ամաչում ես, հուսահատվում, անելանելի դրության մեջ ընկնում ու չգիտես` ում դիմես, քանի որ քո պետությունը քեզ չի ապահովագրում, քանի որ քո պետությունում պետական առողջապահական քաղաքականություն չկա, քանի որ պետությունդ թքած ունի էդ վիճակիդ ու երեխայիդ վրա էլ: Ու դու, ամոթահար լինելով, երեխայիդ լուսանկարներն ես ներբեռնում ֆեյսբուքում ու սկսում գրել մի տեքստ. “3-ամյա փոքրիկս օգնության կարիք ունի”:

Չգիտեմ, միգուցե հենց նույն նախագահի կինը` Ռիտա Սարգսյանը բարեգործական ֆոնդեր ունի ու ինչ-որ երեխաների է օգնում, բայց պետք չէ մարդկանց դարձնել մուրացկան ու հետո նրանց փող տալ ու հաճույք զգալ դրանից:

Comments are closed.