Ես երբեմն էլ չգիտեմ` ինչ անել

հիմար մտքերս էլ կարեւորող չկա: Փոքր ժամանակ ամեն միտքս, որ բոլորն ընկալում էին որպես մանկական հիմարություն, դու կարեւորում էիր` ամենաիմաստուն մտքի պես, ամենահանճարեղ մտքի պես: Միշտ ասում էիր` բալիկս, եթե դու էդպես ես կարծում, ուրեմն դա է ճիշտը: Երբեք չէիր ասում «սխալ ես»` իմանալով, թե որքան եմ ազդվում այդ բառից: Տիեզերքի մասին իմ հարցերին առավել պատկերավոր պատասխան տալու համար գործածում էիր երկու մեծ ձեռքերդ, տասը մատներդ, դաստակներդ: Ձեռքերով կլոր գունդ էիր ստանում, բացատրում, թե ինչպես ա երկրագունդը պտտվում արեւի ու իր առանցքի շուրջը: Մեր տան աստիճաններից միշտ հետեւում էինք արեւի դուրս գալուն ու մայր մտնելուն:

Ասում էի, որ զզվում եմ հողից, քանի որ դրա մեջ միջատներ ու որդեր կան: Ասում էիր, որ հողը միակ բանն ա, որ մենք ունենք: Ասում էի` չէ, մենք տուն ունենք, նստարան, ասում էիր` առանց հողի ոչինչ չենք կարող ունենալ: Փոքրիկ բահ էիր սարքել ինձ համար, միշտ երջանկանում էիր, երբ թողնում էի դրսի խաղերս, վերցնում էի բահն ու գալիս քեզ օգնելու` մեր հողը վարելու: Ես դա հաճախ անում էի, քանի որ դու դրանից հրճվանք էիր ապրում:

Երբ դպրոցում կամ փողոցում կռիվ էի անում, շատ վստահ էի, որ կգամ, կպատմեմ քեզ, թե ինչու եմ կռվել ու դու կասես, որ ճիշտ եմ արել: Կասես` երբեք թույլ չտաս քեզ հիմարացնեն, մարդիկ մյուսներին հիմարացնել շատ են սիրում: Կասես` թույլ չտաս, որ դպրոցում ուսուցիչները ձեզ հետ ռուսերեն խոսեն, դուք հայ եք ու Հայաստանը հիմա անկախ է, իսկ դպրոցը` հայկական: Կասես` ուսուցչին ծաղիկ տանում են այն ժամանակ, երբ ուզում են, այլ ոչ թե որովհետեւ ծնող-կոմիտեի նախագահն է ասում: Կասես` ես ծնողական ժողովիդ չեմ գալիս, որովհետեւ գիտեմ, թե դու ով ես ու ինչ հնարավորություններ ունես:

Սադախլուի շորերն ամեն օգոստոսին գալիս էին: Ասում էիր` քեզ մոդա ու մրցակցություն պետք չէ, դու գիտես` ինչն է գեղեցիկ, ինչը` չէ: Ասում էիր` միշտ ձգտիր հարմարավետ ու գեղեցիկ հագնվել. դու գիտես` ոնց անել:

Երբ արդեն համալսարանի անարդարություններից էի դժգոհում, ասում էիր` դու խելացի ես, դու գիտես, թե ոնց պայքարել: Երբեք թույլ մի տուր, որ տականքներն աճեն: Երբ հանրահավաքներ էին լինում ու ես տուն չէի գնում, դու զանգում, ասում էիր` դու գիտես ինչ անել, բայց ուշադիր եղիր չխաբվես, ոչ մեկի ասածը մի լսիր, ինքդ արա էն, ինչ զգում ես, որ ճիշտ է:

Երբ դրսերում էի, զանգում, ասում էիր` զգույշ մնա, չմրսես, մնացածը դու գիտես` ինչ անել: Երբ պատմությունների մեջ էի ընկնում` դու ասում էիր` երբեք թույլ չտաս քեզ հիմարացնեն ու այդքանը: Երբ սիրահարվում էի` դու ոչինչ չէիր ասում:

Ես միշտ ապրում էի` իմանալով, որ դու կասես, որ ես գիտեմ` ինչ անել: Ո՞ւր ես, երբեմն ես էլ չգիտեմ` ինչ անել:

Comments are closed.