Երազանքի նավը

Ինչ-որ տեղերում պատմություններ թողնելը մեզ հաճախ հուսադրում է: Կապիտան Մեհեկն այս անգամվա իմ պատմության հերոսն էր: Թուրքիայի հարավ-արեւելքում` Միջերկրականի ափին մի շրջան կա, որը հիմնականում բաղկացած է իջեւանատներից եւ փոքրիկ գյուղերից եւ կոչվում է Օլիմպոս: Մեհեկին բոլորն այստեղ կապիտան են անվանում: Ես նրան նկատել էի մինչ նավ բարձրանալը. ճկունությամբ տախտակամածից ցատկում էր նավի վրա եւ հակառակը, իսկ դեմքի մի քանի խորն ընդգծված կնճիռները փաստում էին ոչ հարթ կյանքի մասին: Բաց ծով դուրս գալուն պես` ոչ շատ ուժեղ ալեկոծություն սկսվեց: Մեհեկը շարունակում էր ցատկոտել նավի բոլոր կողմերն ու նախապատրաստել այն սպասվող ալեկոծությանը: Նա հաճույք էր ստանում ալիքների վայրիվերումներից, կոպիտ ձեռքերով բռնել էր ղեկն ու ասես խաղի մեջ մտել ծովի անհանգստության հետ:

Ինձ հանդիպած թուրքերից Մեհեկն առաջինն էր, ում հետ զգուշավորության զգացում չունեցա: Նա 35 տարեկան է, 14 տարեկանից նավաստի է եւ պահում է ողջ ընտանիքը: Հայրը 10 տարի բանտում է գտնվել, դուրս գալուց երկու տարի անց` մահացել.

«Մեր գյուղում տղամարդիկ շատ են հավաքվում` թղթախաղ խաղալու: Հայրս այդ տղամարդկանցից մեկն էր, խաղի ժամանակ երկու հոգի անարդար քայլ էին արել, հայրս նրանց նախատել էր: Օրեր անց այս երկուսը չեն մոռացել հորս նախատինքը, տուն գնալիս նրա ճանապարհը կտրել են եւ սկսել դանակահարել: Հայրս ուժեղ էր. դանակը վերցրել եւ նրանց երկուսին էլ սպանել էր: Եթե ինքը չսպաներ, իրեն պիտի սպանեին: 36 տարի տվեցին, 10 տարի անց` համաներմամբ ազատեցին, դուրս եկավ, չդիմացավ, բանտում ծանր կյանք էր ապրել, մահացավ: Երբ հորս կալանավորեցին, ես 14 տարեկան էի, ունեի ինձնից մեկ տարով մեծ եղբայր ու մեկ ամսեկան քույր: Եղբայրս չուզեց գյուղում մնալ, գնաց Ամերիկա, ես մնացի, քրոջս պիտի կրթության տայի, մորս պիտի պահեի: Եւ հետո, մեր գյուղում բոլորը մի քանի հեկտար հող ունեին, իսկ մենք չունեինք: Իմ երազանքն էր հող ունենալ, մշակել, նուռ աճեցնել: Բանկից վարկ չէի կարող վերցնել, անչափահաս էի:

Ամեն օր գնում էի ծովի ափ` տուրիստներին բաց ծով հանող նավերին նայելու ու երազանքներիս մասին մտածելու: Մի անգամ, երբ նավերից մեկն արդեն շարժվում էր, համարձակվեցի գոռալ «Ինձ էլ տարեք ձեզ հետ»: Նավաստին ասաց ցատկիր: Այդ օրը ես ցատկեցի նավի մեջ ու մինչ այսօր ալիքների վրա եմ ապրում»,- պատմում է Մեհեկը:

Տարիներ հետո Մեհեկը գնեց սեփական նավը, որն անվանել է «Երազանք»: Հող ունենալու նրա երազանքն էլ է իրականացել, այժմ մեծ նռան այգի ունի: Մեհեկին ողջ շրջանն է ճանաչում` որպես լավագույն նավաստու, ով անգլերեն եւ գերմաներեն է խոսում. տուրիստներից է սովորել: Նրան հաճախ են խնդրում կառավարել օվկիանոս դուրս եկող նավերը, ինչի շնորհիվ էլ նավարկել է մինչեւ Կանադայի, Եվրոպայի ու Հնդկաստանի ափերը:

Մեհեկի քույրն արդեն սովորում է Իզմիրի համալսարանում, իսկ ինքն արդեն ուզում է ամուսնանալ, երեխաներ ունենալ: Նա երբեք չի պատրաստվում հեռանալ գյուղից. «Հիմա մարդիկ շատ են փոխվել, ես ավելի շատ ծովի ալիքների հետ եմ շփվում, քան մարդկանց: Մարդիկ բաներ են անում, որ ես չեմ հասկանում ու չեմ էլ խառնվում: Իմ ալիքներից ու իմ գյուղից այն կողմ չեմ էլ մտածում գնալու մասին»:

Comments are closed.