կոկայինն ու համալսարանը

14002327_10154286560320549_706342498_o

Լուսանկարը՝ Նոր Օռլեանում, կապ չունի ներքևի տեքստի հետ

Ես ընդհանրապես սկսում եմ հարմարվել, ծանոթանալ ու ընտելանալ նոր քաղաքին՝ դրա գիշերային կյանքին մասնակցելուց հետո միայն։ Համալսարանական այս քաղաքում՝ Մորգանթաունում, ամեն շաբաթ-կիրակի անվճար ուտելիք, ըմպելիքներ են հյուրասիրում ուսանողների միավորման շենքում։ Բոլորը՝ հատկապես նորեկ առաջին կուրսեցիները (այստեղ նրանց անվանում են freshmen), լցվում են փողոցները, հերթ են կանգնում ուտելիքի համար, սնվում են, որից հետո բարձրանում են դեպի բլրի վրա գտնվող ակումբներ տանող նեղլիկ փողոցը։ Բարձրանալը հեշտ է, իսկ այ իջնելը․․․

Աղջնակներն այդ օրերին (ի դեպ՝ ԱՄՆ-ն բազմազանության երկիր է, բայց չգիտես ինչու՝ այս քաղաքում ակումբներ գնում են հիմնականում շեկլիկ ու սիրունիկ ամերիկացիները) հագնում են ամենաբարձր կրունկ ունեցող կոշիկները, ամենանեղ շրջազգեստն ու տոպը։ Եթե կեսգիշերից հետո բլրի ներքևում կանգնես, ականատես կլինես բազմաթիվ շեկլիկների՝ միմյանց հետևից գլորվելուն։

Այս աղջիկներից շատերն առաջին անգամ են ալկոհոլն ու թմրանյութը խառնում իրար։ Նրանք գլորվում են, գլորվում, բայց կարծես մարմինը ցավ չի զգում։ Ընդհանրապես, երբ մարդն ընկնում է, ոչ միայն ֆիզիկական ցավ է զգում, այլ հոգեկան կարճաժամկետ ընկճվածություն, որ չկարողացավ կառավարել սեփական մարմինը։ Շեկլիկների դեմքին որևէ արտահայտություն չի առաջանում, երբ գլորվում են, հետո հազիվ կանգնում, հետո նորից գլորվում։ Նրանք միայն ծղրտում են։ Ես անչափ զարմացել էի, որ մարդը կարող է 7 անգամ ընկնել ու ոչինչ չզգալ։ Թմրանյութն այստեղ շատ սովորական սպառվող ապրանքներից է։

ԱՄՆ-ի համալսարաններում սովորելը բավականին թանկ հաճույք է։ Այս շեկլիկների ծնողները մեծ ներդրումներ են արել նրանց վրա։ Միսիսիպիի պետական համալսարանի դասախոսներից մեկն ասում էր, որ մինչև հիմա իր ուսանողական վարկն է մարում, և դեռ իր երեխաներն էլ պիտի շարունակեն։

Շեկլիկները կիրակի պիտի լավացնեն վերքերը, որ երկուշաբթի դիմագրավեն դասերի ծանրությանը։ Նրանք անհամբեր պիտի սպասեն շաբաթ օրվան՝ գլորվելու հույսով։

Հ․Գ․ Ինձնից․ ես այստեղ կարոտում եմ մարդկանց գրկելը։ Նախկինում էլ զգացել եմ նման բան։ Ինձ համար գրկախառնությունը կարևոր է, ինչը բացարձակապես բացակայում է այստեղ։ Լավ մարդիկ կան արդեն շուրջս, նրանց մասին կպատմեմ ավելի ուշ։ Գժեր են մի քիչ։

Comments are closed.