Հունիսի 7-ին «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի` «Եվրոպա» ռեստորանում կազմակերպած միջոցառմանը Ռազմիկն ու Լիանան հանդիպեցին և քսան օր հետո ամուսնացան: Մինչ այդ Ռազմիկը մի քանի կանանց հետ էր հանդիպել, բայց նրան վախեցնում էին նրանց պահանջները. «Ասում էին, որ պետք է թոշակովս իր երեխեքին պահեմ, պետք է անպայման օրինականացնեմ ամուսնությունը և այլն: Իսկ ես փնտրում էի տան կին և գտա: Հենց առաջին հայացքից հասկացա, որ Լիանան ինձ համար լավ կին կլինի: Ես երջանիկ եմ իմ ընտանիքում»,- պատմում է 74-ամյա Ռազմիկը:
Ամուսնական գործակալություններն իրենց հայտարարություններում գրում են «Ամուր և երջանիկ ընտանիք կազմել ցանկացողներին հրավիրում ենք, երկարամյա փորձ, տվյալների մեծ բազա նաև ԱՄՆ-ում, եղեք մեզ հետ և չեք լինի միայնակ, մենք կօգնենք Ձեզ գտնելու Ձեր երկրորդ կեսին» և նման տողեր: Չնայած այս ամենին` հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ:
Այս մասին գործակալություններում ևս փաստեցին` նշելով, որ նախկինում շատ ավելի վատ էր, մարդիկ ընդհանրապես հավատ չէին ընծայում, իսկ այսօր այդ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է: «Հասարակության վերաբերմունքը ժամանակի ընթացքում կփոխվի»,- հավաստիացնում է գործակալության աշխատակիցը:
35-ամյա Նելլին ամուսնացած չէ, բայց ամուսնանալու համար երբեք չի դիմի ամուսնական գործակալության: «Նրանք բիզնես են անում, իսկ այդտեղ դիմողներն էլ անճար մարդիկ են: Մարդ պետք է ինքը կառուցի իր անձնական կյանքը և իր երկրորդ կեսին էլ ինքնուրույն ընտրի: Ինչ-որ մեկին ընտրելու համար նախ պետք է ճանաչես, այս պարագայում ինչ գիտես` այնտեղ դիմողները ովքեր են»,- նշում է զրուցակիցս:
«Ես հակված եմ մտածելու, որ դա էլ է դրամ վաստակելու միջոց, և ամուսնական գործակալություններն էլ բիզնես են անում, ոչ թե ուզում են օգնել մարդկանց»,- ասում է Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Ամուսնության հարցում 25-ամյա Գևորգը չի հանդուրժի ոչ մի տեսակի միջնորդություն. «Թույլ չեմ տա ինչ-որ մեկին ինձ համար հարսնացու ընտրել, ոչ էլ կդիմեմ ամուսնական գործակալություն: Ես չեմ վստահում նրանց»:
Ամուսնական գործակալություն դիմելու ընթացքը ներառում է մի քանի քայլեր, որոնք հիմնականում նույնն են բոլոր կենտրոնների դեպքում: Նախ` քաղաքացին անձնագրով ներկայանում է, գրանցվում, լրացնում հարցաթերթիկ իր և իր ցանկալիի մասին: Դրան հաջորդում է ընտրության փուլը. նայելով տվյալ կենտրոնի մյուս այցելուների նկարները` ընտրում է, իսկ կենտրոնի աշխատակիցը պատմում է տվյալ անձնավորության մասին, ներկայացնում իր տպավորությունները: Ինչպես մեզ հավաստիացրին գործակալություններում, ցանկալիին ընտրելիս քաղաքացիները կարևորություն են տալիս արտաքինին, նյութական բարեկեցությանը, բնավորությանը. այս չափանիշները տարբեր մարդկանց մոտ տարբեր են:
49-ամյա Ռուզաննան ամուսնալուծված է և կես տարի է, ինչ դիմել է գործակալություն` ամուսնանալու համար: «Հանդիպումներ ունեցել եմ, բայց դեռևս չեմ գտել իմ երկրորդ կեսին: Հուսով եմ, որ հենց այս կենտրոնի միջոցով կգտնեմ ապագա ամուսնուս»,- ասում է Ռուզաննան: Նրա համար առաջնահերթ է այն, որ տղամարդը լինի քաղաքակիրթ, ունենա աշխատանք և նյութապես ապահոված լինի:
29-ամյա Արմինեն իրավաբան է, իր իսկ խոսքերով` չի կարողացել սեփական ուժերով դասավորել անձնական կյանքը, ուստի դիմել է «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի օգնությանը: Դեռևս չի գտել իր երկրորդ կեսին. «Ամենակարևորն այն է, որ նա լինի խելացի և կիրթ»,- ասաց զրուցակիցս:
Ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթանալուց զատ` այսօր մեծ տարածում ունեն նաև ինտերնետային և հեռախոսային ծանոթությունները հատկապես երիտասարդների շրջանում:
Հ.Գ. Այցելելով ամուսնական գործակալություններ` գրանցվածների ցուցակում գտանք նաեւ հայտնի պաշտոնյաների եւ գործարարների լուսանկարներ: Նրանք եւս փնտրում են իրենց երկրորդ կեսին:
Ինգա Մարտինյան
Share on Facebook
About the author
Ani Hovhannisyan wrote 140 articles on this blog.
Նկարագրություն չկա: Խնդրում ենք ստեղծել Ձեր անձնական էջը.