lightword/images/sardist.png

ՍԱՐԴ ԲԼՈԳ

 
3Nov/0911

Մեր ընթերցողի խոհերը Սարդում…

Ինչպես տեսնում եք բլոգի ներքեւի հատվածում, կա հայտարարություն ընթերցողների նյութերի համար: Այսուհետ բլոգում գործում է «Ընթերցողի էջ» խորագիրը, որտեղ կտեղադրվեն ընթերցողների խոհերը, լուսանկարները, պատմությունները եւ այլն:

Խորագրում այսօր տեղ է գտել Թաիշա Աբելարի (մի հայ լրագրողի) պատմվածքը:

Փոսից հառնած երջանկություն

Սվետի քրոջ աղջկա ծննդյան օրն էր: Օրը խորհուրդ ուներ: Ուղիղ 15 տարի առաջ նույն օրը նրան առաջին անգամ համբուրեց Հակոբը ու դրանով Սվետի կյանքում բացվեց նոր էջ: Մինչ էդ կյանքը նրան պատկերանում էր չլուծվող խնդիրներով լցված մի Ավգյան ախոռ:

Ու հիմա, չնայած Հակոբն էլ նրա կյանքում չկա, բայց ամեն օր նա բախվում է բաների, որոնք նրան հիշեցնում են Հակոբին: Հակոբը կա, Հակոբը նրա կյանքի անբաժանելի մասնիկն է: Չկա պարզապես նրա ֆիզիկական ներկայությունը...

Սվետը սպիտակամաշկ, փամփլիկ ձևերով  փոքրամարմին, հանգիստ հայացքով, արտաքուստ փխրուն տպավորություն թողող 36-ամյա կին է: Բայց էդ փխրուն արտաքինի տակ ուժեղ մարդ ա թաքնված, ինչպես հետո պարզեցի:

Սեղանին` դեմ դիմաց նստած ամուսնու` Սևակի աչքերին նայելիս, մտովի վերապրեց այդ գիշերը, երբ ամուսինը հերթական անգամ պրծավ՝ ամուսնական սուրբ պարտականություն կատարելու գիտակցությամբ:

Սևակը դրան վերաբերվում էր որպես մի բանի, որ այդպես նախասահմանված է, որ այդպես պիտի լինի: Նա կարող էր անցնել միանգամից բուն թեմային` առանց նախաբանի, բավարարված լինելով պարզապես իր էգին հերթական անգամ տիրելու որձի գիտակցությամբ: Ու կարևոր էլ չէր Սվետը կպրծներ, թե ոչ: Կարող էր լիներ և այդպես, կամ չլինել: Դա չէր կարևորը: Կարևորը փաստի կայացման գիտակցությունն էր, որ կյանքն այդպես է ու այդպես էլ պիտի լինի, ու այդ մոտեցման մեջ ինքը երբեք չփոխվեց: Բայց Սվետին դա արդեն չէր հուզում...

Ես Սվետի հետ ծանոթացա, երբ ինքը մեր շենքում վարձով ապրում էր` ամուսնու և երկու երեխաների հետ` Հակոբի հետ սիրավեպի բուռն ծաղկման շրջանում(Հակոբն էլ էր մեր շենքից, ամուսնացած՝ 2 երեխատեր): Մենք մտերմացանք, ու ես աստիճանաբար ծանոթացա նրա կյանքի մանրամասներին:

Ծնողների երեք աղջիկ զավակներից առաջնեկն էր: Ու փոքրուց նրան ասել էին, որ ինքը մեծն է, ինքը ամեն ինչ ճիշտ պիտի անի: Ամեն հարցում մեղավորն ինքն էր, ու դա այդպես է մինչ օրս:

-Մինչև հմի դրանք` քրերս, սկի չմեծացան,  հմի էլ մեկ ա մեղավորը ես եմ,- Սվետը միշտ վրդովվում էր քույրերի մասին պատմելիս,- ու միշտ ինձ են ծեծել: Դրանցից ոչ մեկը ծեծ չի կերել: Ծեծ կարայի ուտել ցանկացած պատճառով, ասենք, որ տունը թափած լիներ, ամանները չլվացած, փոշիները չվերցրած: Որովհետև մեծը ես էի: Մի օր քնածս տեղից զարթնեցի սուր ցավի զգացողությունից ու հասկացա, որ մերս մազերից բռնած քարշ էր տալիս կուխնի` ինչ ա թե ամանները առանց լվալու քնել էի: Էն ժամանակ ես հլը չորրորդ դասարան էի: Մեկ-մեկ մտածում էի, կարող ա՞ ես իրանց երեխեն չեմ:

Մի անգամ Սվետենց տանը տեսա նրա մորը: Հաղթանդամ, խոժոռադեմ, միշտ հարձակման պատրաստ էքսպանսիվ մի անձնավորություն` իրավացի լինելու գիտակցությամբ բազմած էր սեղանի գլխին` հայացքով շանթելով իր տեսադաշտում հայտնված յուրաքանչյուրին:

Տպավորություններս կիսեցի Սվետի հետ:

-Ինքը միշտ էլ ընտենց ա էղել: Իրան ոչ մի բանով հնարավոր չէր գոհացնել: Միշտ կյանքից դժգոհ, կռվարար ու հորս էլ ճնշում էր: Ու իմ մեջ  փոքր վախտվանից նստել էր, որ մեծանամ իմ մարդուն ոչ միայն չեմ ճնշելու, այլև սիրելու եմ:

Երբ Սվետը 15 տարեկան էր, տեսադաշտում հայտնվում է Սևակը: Սևակը Մասիսից էր: Նրա առաջարկով Սվետը մի անգամ գնում է Մասիս՝ ծանոթանալու ապագա սկեսրոջ հետ:

-Կիսուրս փոքրամարմին, վտիտ կնիկ էր ու առանձնապես տպավորություն չթողեց:Հետո մեր ու տղա սկսեցին իրար հետ կռվել ու չէի հասկանում թե խի:

Պատճառը հասկացել էր օրվա վերջում, երբ անկողին բացելով սկեսուրը լաց էր եղել:

-Ախր լրիվ երեխա ա,- կցկտուր ասել էր նա:

Մորը ցույց տալուց հետո Սևակը Սվետին տուն չի տանում ՝ հայկական ձևով ասած՝ փախցնում է: Էդ ժամանակ Սվետը 15 տարեկան էր: Նույն օրը, երբ Սևակի բարեկամը իր քննիչ ծանոթի հետ գնացել էր Սվետենց տուն ու ասել, որ եթե պահանջեն՝ աղջկան հետ կբերեն, Սվետի մայրն ասել էր. «Ես աղջիկ չունեմ»:

Սևակը Սվետին փախցրել էր, որովհետև ինքը կիսաաղքատ ընտանիքից էր: Թե ումից էր ծնվել նա. ոչ ոք չգիտեր: Ու փողոցում էլ մեծացել էր, մայրն էլ ոչ մի ազդեցություն չուներ որդու վրա: Իսկ Սվետը նյութապես ապահովված, թաղամասում հարգանք վայելող ընտանիքից էր: Ու ոչ ոքի համար էլ գաղտնիք չէր, որ Սվետի ծնողները Սևակին աղջիկ չէին տա:

-Մեր տանը ես միշտ լավ ապրել, կերել ու խմել եմ, ու մենք կուբամետրով փող ենք ունեցել, բայց ընդեղ ես ոնց որ մի հատ ոչ ոքի պետք չեկող վեշ ըլնեի: Դրա համար էլ իմ աչքին նյութականը չէր էլ երևում, իրանց տան վիճակը սկի ինձ ոչ էլ հետաքրքրում էր, ես ուշադրության, մարդկային վերաբերմունքի կարիք ունեի:

Բայց Սվետին խորը հիասթափություն էր սպասում:

- Ու հարցը ինտիմը չէր: Առաջին գիշերը լաց էղա ու ինձ մոտ չթողեցի: Դա եղավ երրորդ օրը: Ցավի մեջ ոչ մի լավ բան չկա. ես դա ավելի ուրիշ, ավելի սիրուն մի բան էի պատկերացնում, բայց էտի չէր ամենակարևորը: Դրա հետ մի կերպ կհարմարվեի: Ուղղակի հասկացա, որ Սևակը խուժանի մեկն ա: 4-5 օրով տուն չէր գալիս ու ամբողջ օրը ինձ ծեծում էր: Հենց ես ասում էի, որ կթողամ կգնամ. դրա համար ավելի շատ էր ծեծում: Իմացա, որ ամբողջ օրը  շփվում էր հանցագործ էլեմենտների հետ. նարկոտիկ էր տանում բերդ, իրանց համար  Սիմոն տար, Սիմոն բերն էր:

Ու Սվետը, որ մոր տնից փախնելով, մտածում էր, որ կյանքը դասավորեց, ջրից հելնում ընկնում ա կրակը: Մի քանի անգամ նրա ծնողները փորձում են հետ բերել Սվետին, բայց Սվետը չէր ուզում հոր տանն ապրել: Ինքն ուղղակի ուզում էր, որ ամուսինը փոխվեր. «Չեմ կարա ասեմ ինչ, բայց մարդուս մեջ ինչ-որ ձգողական ուժ կար: Որ ճար լիներ Սևակին մեջտեղից կբացեի ու կպախկվեի իրա մեջ, որ ինձ ոչ ոք չտեսներ, որ ոչ ոքի ոտի տակ չընկնեի, որ ոչ ոք չբշտեր...»:

Հանկարծ դուռը շխկաց, Սևակը տուն մտավ ու պատմությունն ընդհատվեց:

Սևակին առաջին անգամ տեսել եմ, երբ մեր մուտքում էին ապրում: Ես այդ տարիներին ուսանող էի: Դասից գալուց միշտ տեսնում էի. երրորդ հարկի պատշգամբում նստած էր: Նա թխամաշկ, կոպիտ շարժուձևով, ցանցառ մազերով, անզուսպ հայացքով կիսահանցագործի արտաքին ուներ:

Մասիսում ապրելու 4 տարիների ընթացքում Սվետը 2 երեխա է ունենում՝ աղջիկ և տղա: Բեկումն սկսվում է այն ժամանակ, երբ հերթական ծեծի ժամանակ Սևակը տալիս ու Սվետի ունքը բացում է: Այս անգամ մի ուրիշ ձևի ծեծ է տալիս: Ծեծից հետո տան հեռախոսի լարերը կտրում, դուռը փակում ու գնում է: Սվետը լուսամուտից մի կերպ հաջողացնում է հարևան Քնարիկին ասել, որ զանգի ծնողներին: «Եկեք ձեր երեխուն տարեք ստեղից, էս ընտանիքը չի կայանա»,- ասել էր Քնարիկը Սվետի ծնողներին:

Դարձել էի մի հատ մումիա, ու չունեի ոչ մի զգացմունք: Էդ վերջի ծեծի զգացողությունը ամեն վայրկյան մաշկիս վրա զգում էի: Ինքն ասում էր երեխեքին կմորթեմ, տունը պաժառ կտամ: Մերոնք ինձ գիշերով տարան տատիս տուն` գյուղ, որտեղ ոչ տնից դուրս էի գալիս, ոչ էլ մեկին` տեսնում: Կյանքը կողքովս անցնում էր, ու ես ոչինչ չէի հասկանում ու ոչինչ` զգում: Ինձ թվում էր, թե ինձ գցել են մի փոսի մեջ, որից ելք չկար:

Հետո Սևակը կնոջ ծնողներին տղամարդու խոսք է տալիս, որ կփոխվի:

- Ինքն իրա խոսքի տերը էղավ, բայց հարցն էն էր, որ Սևակը կտրվեց իրա շրջապատից ու վերջ: Չէր աշխատում: Ապրում էինք մորս տանը, որ իմ չուզած բանն էր: Ու դա տևեց 3 տարի: Սկսվեց մի ուրիշ տեսակի հոգեկան կրծոց, որ ‎ֆիզիկական ցավից էլ վատ էր: Հլը դեռ Առտուրովս պապաս ինձ իրանց գործարանում ձևակերպել էր բանվոր, որ ‎‎ֆիզ նստեի ու փող ստանայի: Ֆիզս վերջացավ, ու ես գնացի աշխատելու: Դա 1994թ.-ն էր ու գործարանը դեռ իներցիայով աշխատում էր:

Այդ տարիները ես էլ էի հիշում: Ընկերուհուս հետ աշխատում էինք Տնային կառավարչությունում, լրացնում էինք Փարոսի գրքույկները: Տնային կառավարչությունը գտնվում էր գործարանի դիմացի շենքի առաջին հարկում: Օրվա երկրորդ կեսին մենք համարյա պարապ էինք լինում ու լայն պատուհանից հետևում էինք փողոցի անցուդարձին: Մի աղջիկ էր գրավել ուշադրությունս, որն ամեն օր ընդմիջման ժամին` կոկիկ հագնված, հանդարտ, բայց իր գործը լավ իմացող հայացքով, գնում ու հետ էր գալիս: Չգիտեմ ինչու՝ տպավորվել էր նրա մուգ կապույտ գույնի կոշիկները: Ինքն իր ճանապարհից երբեք չէր շեղվում, որն անցնում էր հենց մեր լուսամուտի տակով: Ու այդ մայթը հատող մի ջրտար խողովակ կար: Ամեն օր աղջիկը նույն տեղով անցնելիս իր կապույտ կոշիկով անպայման ոտքը պիտի դներ հենց այդ խողովակի վրա ու անցներ: Նրա գալ-գնալը մեր համար դարձել էր ծես ու ընկերուհուս հետ ամեն օր որոշում էինք շրջանցելու է խողովակը, թե ոչ: Ինպես պարզեցինք` նա ամեն օր էլ ոտքը դնում էր հատկապես հենց նույն տեղն ու անվրդով շարունակում ճանապարհը: Հետո պարզեցի, որ այդ աղջիկը հենց Սվետն է:

-Էդ վախտ ձեր կողքի մուտքում էինք մնում: Հակոբը Սևակին համոզեց, որ իրենց շենքում վարձով մնանք: Ինքը ինձ հլը Առտուրովս հղի ժամանակ էր տեսել ու հավանել: Հետո, երբ ազատվել էի, ինչ-որ պակրիշկա առնելու պատրվակով եկել էր Մասիս` Սևակին տեսնելու: Դուռը ես բացեցի: Իրան, որ տեսա շատ զարմացա: Հազիվ հիշում էի, որ մի հատ ըտենց մարդ կար. զավոդ շատ քիչ էի գնացել:

-Քեզ հենց էդպես էլ պատկերացնում էի:Հագիդ մարլովկա շոր կար, մեջքիդ մասում գոտկատեղդ գրկող լայն գոտիով: Էնքան անմեղ տեսք ունեիր, որ ուզեցա հենց էդ պահին գրկեի քեզ ու հետս տանել,- երեք տարի անց նրան ասել էր Հակոբը:

Գործարանում Սվետը շատ ջերմ ընդունելության է արժանանում: Հակոբը, որը արտադրամասի պետ էր, ու Սվետի հոր հետ շատ մոտ, պնդել էր, որ նա բանվոր չի աշխատելու:

-Քո սպիտակ, պստլիկ ու փամփլիկ մատիկներով ո՞նց էիր կանգնելու ստանոկի առաջ: Համ էլ ուզում էի կողքս լինես, որ միշտ քեզ տեսնեմ,-  ընդամենը 5 ամիս հետո նրան ասելու էր Հակոբը:

Սվետին ձևակերպեցին որպես տաբելավար, նստում էր Հակոբի սենյակ տանող նախասրահում:

- Սևակի մասին չէի մտածում ու ընդհանրապես էդ հարցը ինձ չէր հուզում: Հակոբը ինձ դուր էր գալիս ու վերջ: Ինքը խնամված, կոկիկ արտաքինով տղամարդ էր: Հատկապես ուշադրությունս գրավել էր խնամված եղունգներով, մաքուր ու հաճելի թաթերը. ես իրա ձեռքերին միշտ թաթեր էի ասում: Իսկ իմ մարդը միշտ կեղտոտ ու փնթի էր, ձեռքերը` ճաքճքած ու դրանց արանքները լիքը յուղ:

-Բայց ամենակարևորը ոչ թե Հակոբի թաթերն էին, ու ոչ էլ էն, որ ինքը իմ ընտանիքը տարիներ շարունակ պահեց, այլ էն, որ ինչի մասին, որ միշտ մտածել եմ, որ կյանքում կան ինչ-որ սիրուն բաներ, փաստորեն գոյություն ունեն: Որ կարելի ա կնոջ հետ վարվեն ինչպես հարկն է, այլ ոչ թե վերաբերվեն անասունի պես:

Սվետը մեր շենքի բոլոր հարևաններին դարձրեց իր դաշնակիցները: Երբ խոսակցություններն արդեն տարածվել էին, որ Սվետը Հակոբի հետ ա, մեր շենքի յոթծովիմերաններից Ոսկին մի օր Սվետին ասել էր.

-Ախչի, քեզ մի բան պիտի ասեմ, մարդիկ ասում են յանի Հակոբի հետ ես:

-Ոսկի, որ ամանը գետին չընկնի, զնգոց դուրս չի գա: Մարդիկ որ մի բան են ասում, ուրեմն մի բան գիտեն,- համաձայնվել էր Սվետը:

-Եթե քեզ մարդը էդ կարգի հարց ա տալիս, ինքը սպասում ա, որ դու ժխտես, որ հետո ասի. տեսար դու էդ չամանչածին, յանի չգիտենք, որ հետը քարշ ա գալիս: Բայց, որ ասում ես հա՜ էդպես ա, մարդկանց մոտ մի տեսակ վակուումային վիճակ ա ստեղծվում, իրանք էդ պատասխանին չեն սպասում: Հետո ես ասել եմ. մենք իրար սիրում ենք, բան ունե՞ք ասելու: Ո՞վ կարա սահմանափակի իմ սիրելու իրավունքը:

Ու բոլոր հարևանները ոչ միայն Սվետին չէին քարկոծում, կամ քննադատում, այլև շատ սիրում ու հարգում էին: Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Սվետի մասին ասեն, թե ինքը բոզ ա: Հետն էլ, երբ Սվետը Հակոբենց տունն էր, իսկ դա ամեն օր, օրվա մեծ մասն էր, նույն հարևանները հերթափոխով հսկում էին, որ հենց Սևակին տեսնեն տուն գալուց, Սվետին տեղեկացնեն, որ մարդը գալիս է: Նույնիսկ առաջին հարկի գիժ Վարդուշը նրան ասել էր. «Հենց Սևակը քեզ ասի ու՞ր էիր, կասես մեր տունն ես»:

-Ու ես ինքնամոռաց տրվեցի նրան,- Սվետը հրամայական հայացքով աղջկան ուղարկեց խոհանոց,- Սևակը ինձ համար դարձավ աներևույթ մի բան, ոնց որ տան մի անկյունում չնկատվող իր: Ես սկսել էի ապրել իմ կյանքով, որ տան հետ ոչ մի կապ չուներ: Սևակը էլի չէր աշխատում ու ոչ էլ ցանկություն ուներ աշխատելու: Մոտ 10 տարի ինքը չի աշխատել ու իրան հետաքրքիր էլ չէր, թե տունը ով ա պահում: Որպես մարդ ու կնիկ մեր հարաբերությունները ահավոր վատացան: Երկու ամիսը մեկ անգամ հազիվ էի հետը հարաբերվում: Ինքը շատ չէր էլ ստիպում:

Փաստորեն Սևակը հանգամանքների շրջապտույտում խլվել էր իր շրջապատից, որտեղ ինքն էր իրադրության տերը, դարձել էր մի անճար մարդ, վերածվել խամաճիկի ու ելքը չէր գտնում: Դերերը փոխվել էին:

-Հակոբը իրա կնկա վրա թքած ուներ: Հետո իրա կնիկը տղամարդ կնիկ էր, ու Հակոբը միշտ էլ գիտեր, որ իրա երկու տղերքը ոչ մի խնդիր չէին ունենա նյութական հարցում: Ինքը Բաթումիում տան համար բեհ էր տվել ու սպասում էր, որ ես ասեմ երբ գնա տոմս առնի: Բայց էս անգամ վճռականությունս չհերիքեց: Չէի կարողանում ինձ համոզել, որ գնայի: Եթե ինքը ինձ ասեր` արի գնանք մեռնենք. կգնայի, ես մի անգամ արդեն հորս տնից փախել էի, երբ գիտեի, որ հետ դարձի ճամփա չունեմ, երկրորդ անգամ նույն բանը չկարեցա անեմ: Սարսուռ էի ապրում անհայտ, անորոշ, ելքը չտեսնվող բաներից, իսկ սենց ճիշտ ա վերջը չէր երևում, բայց ամեն ինչ իմ հսկողության տակ էր ու որոշակի էր, կանխատեսելի:

Սևակին Հակոբը տեղավորում է աշխատանքի: Դա արդեն 2001թ.-ն էր: Սվետի ու Սևակի կյանքում անսպասելի փոփոխություն էր սպասվում: Շրջադարձային եղավ այն պահը, երբ Սևակի մայրը հիվանադացավ: Պարզվեց կրծքի քաղցկեղ ունի:

-Սևակը չէր սպասում, որ ես իրա մորը կպահեմ: Իրան թվում էր, որ ես կիսուրիս չեմ ընդունի, ու ես կարայի հենց ըտենց էլ անեի: Սևակը չէր կարա ստիպեր: Բայց ես ընտանիքից էի դուրս եկել ու հաստատ ըտենց բան չէի անի:

Սվետի սկեսուրի քաղցկեղը շատ արագ զարգացավ ու նա 4 ամսում մեռավ:

-Ու հենց էդ ժամանակ կիսուրս, որ շատ քչախոս կնիկ էր ու բոլորի նման իր տղուն համարում էր վերջացած մարդ, մի անգամ Հակոբին ասել էր. «Հակոբ ջա՜ն, իմ տղու ընտանիքի հույսը դու ես»: Էդ  նախադասությունը Հակոբի վրա շատ էր ծանրացել: Իսկ ինձ համար մեծ հայտնություն եղավ, որ Սևակը ահավոր շատ գնահատեց իրա մորը խնամելու փաստը: Ամեն առիթով ինքն էդ հանգամանքը շեշտում էր:

Հետո ինչ որ բաներ սկսեցին փոխվել: Հայաստանում տնտեսական երկնիշ աճին J զուգահեռ՝  Սևակի գործերն էլ սկսեցին լավանալ: Ջրերի խանութից տեղափոխվել էր Կիլիկիա գործարան, խանութներին գարեջուր ու տարբեր հյութեր էր մատակարարում: Կամաց- կամաց այդ գործի մեջ հմտացավ ու սկսեց շատ փող աշխատել:

-Հետաքրքիրն այն էր, որ մարդս կամաց-կամաց սկսեց հետ նվաճել իր կորցրած դիրքերը: Ու դա արեց տակտիկայով: Արեց առանց կռվի ու վիրավորանքների: Եթե ինքը փորձեր ինձ նախկին ձևով վերաբերվել, ես անմիջապես վերջակետ կդնեի: Ու ինքը դա շատ լավ հասկանում էր: Կամաց-կամաց սկսեց խուսափել Հակոբի հետ շփումից: Առաջ ամբողջ օրը կամ Հակոբն էր մեր տունը, կամ մենք՝ իրանցը: Հիմա պատճառաբանում էր, թե հոգնած ա, կամ արի գնանք ձերոնց տուն: Երեխեքի հետ վերաբերմունքը ինձ ուղղակի շշմացրեց: Երեխեքս միշտ սովոր էին, որ սաղ հարցերը ես եմ լուծում, կամ էլ հորից թաքուն ղրկում էի Հակոբի մոտ: Իսկ մի օր, երբ տղես սկսեց ականջիս տակ քրթմնջալ, թե էս ինչ բանն ա պետք, ասեց.

-Բալես, մերդ աշխատում ա՞, որ իրանից բան եք ուզում, բան ա՞ պետք՝ ինձ ասեք:

-Ու էդ կարգի բաներ: Հետո սկսեց խանգարել իմ ու Հակոբի հանդիպումներին:

Սվետը ինձ մի անգամ ասել էր, որ մարդը գիտի երբ տուն գա, որ հանկարծ չբռնացնի կնկան Հակոբի հետ, ու էդ ինձ շշմացրել էր:

-Ու հանկարծ մարդս սկսեց շատ անսպասելի ու հանկարծակի տուն գալ: Կամ մի անպատեհ ժամի կզանգեր տուն: Դրան զուգահեռ ինձ շատ մեծարում էր:

Հերթական անգամ Սևակը զարմացրեց Սվետին այն ժամանակ, երբ նրա ծնողները նյութական կարիքի մեջ էին, ու Սևակը աշխատավարձ ստանալուց մի մեծ արկղ սննդամթերք գնելով Սվետի հետ տանում է նրա ծնողների տուն, ու ընդգծված ցուցադրությամբ ասում.

-Ձեզնից շատ գոհ եմ: Էսքան տարի դուք եք իմ տունը պահել, մի անգամ էլ ես ձեզ օգնեմ:

Մտքովս անցավ միգուցե՞ Սևակն այդպես էլ չի իմացել, որ Սվետի ու Հակոբի մեջ բան ա եղել:

-Ի՞նչ ես խոսում,- Սվետի ունքը բարձրացավ,- Ես իրա էրեսին եմ ասել: Ասել եմ.երբ ուզես կարաս բաժանվես: Եթե դու փողոցում ասես կնիկս ման ա գալիս, ես էլ բաժանվեցի` քեզ ոչ ոք չի մեղադրի: Բայց ինքը չուզեց:

Հետո Սվետը հիվանդացավ. վիրահատական միջամտության կարիք կար: Հիվանդ մարդու աչքին ոչինչ չի երևում, բայց Հակոբին դա չէր հետաքրքրում: Նա արդեն չէր աշխատում ու հիմա էլ ինքն էր առավոտից իրիկուն տանը: Դերերը փոխվել էին: Ամբողջ օրը Սվետի հետ հեռախոսով տեսարաններ, վեճեր, խնդիրներ, պահանջներ:

-Էդ ինձ արդեն սկսել էր հոգնացնել: Հիմա արդեն կոնֆլիկտներ ստեղծում էր Հակոբը, սկսել էր մարդուս խանդել:

Իսկ Սևակը ծայրահեղ ուշադիր էր դարձել Սվետի նկատմամբ: Մեքենա էր գնել ու գործից հետո Սվետը հագած-կապած՝ Սևակի կողքը նստած, գնում էր ստեղ-ընդեղ: Դա Հակոբին կատաղացնում էր, ով առավոտից իրիկուն տունը նստած` մնում էր Սվետի մռութին կարոտ:

Սևակը դարձավ իրավիճակի տերը ու ինքն էր թելադրում ինչը ոնց: Սկեսրոջ մահից հետո մնացած երկու սենյականոց բնակարանը Սվետենք վաճառեցին ու քաղաքի կենտրոնում գնեցին իրենց սեփական բնակարանը:

-Էն ժամանակ Հակոբը ուզում էր, որ մենք մնանք էդ թաղամասում, ու մենք սաղս էլ ըտենց էինք ուզում: Բայց կյանքը փոխվեց, ու երբ եկավ տուն առնելու ժամանակը, հենց ես չուզեցի, որ մնանք: Սևակն արդեն ինձ սկսել էր գրավել ու դարձել էր իմ կյանքի անբաժան մասնիկը, ես առանց իրա իմ կյանքն էլ չեմ պատկերացնում: Համ էլ երեխեքս մեծացել էին. Առտուրս էդ տարի բանակ էր գնալու: Ինքն էլ ինձ վերաբերվում էր. մի Աստված մի Սվետ: Հետո ես չէի կարա չգնահատել իրա վերաբերմուքը ծնողների նկատմամբ: Ինքը մերոնց համար դառել էր ոնց որ իրանց տղեն, սաղ հարցերը ինքն էր լուծում, մի բան էր լինում. Սևակ վազի, Սևակ արի: Երեխեքս էլ ահավոր իրա հետ կապվեցին: Էլ իմաստ չկար հին ձևով շարունակելու:

Սվետենք գնացին մեր շենքից ու երկար ժամանակ չէի տեսել նրան: Մի օր որոշեցի այցելել իրենց նոր բնակարան: Վերանորոգված երկու սենյականոց տուն էր, արևկող, տրամադրող: Տանը նոր գույք կար. ժամանակակից խոհանոցի ու ննջարանի կահույք, նոր բազմոցներ, տեխնիկա. հաճելիորեն զարմացել էի:

-Էդ նոր շրջապատից Սևակը շատ բան սովորեց: Ինքը սովորեց, որ կնիկը փալաս չի, որ ոնց ուզենաս հետը վարվես, որ կնոջը պիտի մեծարես, հարգես, պատվես ու հետդ ման տաս: Հիմի ինքը ոտ ա մեկնում իրանց ցեխի էն մարդկանց հետ, ովքեր հանգստանալու են գնում Դուբայ, Կիպրոս, Անթալիա: Իրանց տներն ա գնում, ընդեղ բան ման ա տեսնում ու ուզում ա, որ իրա տունն էլ նրանց նման լինի:

Սվետի որդին երկու ամսից բանակից գալու էր: Ուզած աղջիկ ունի. Միլենան, որը Սվետենց տուն գալիս-գնում էր: Անահիտին էլ երկրպագու ունի` Վլադը:

-Կյանքս ստացվեց, ընտանիքս կայացավ: Իմ ընտանիքում մեկս մյուսիս նկատմամբ հարգանք ունենք: Դրանից էն կողմ ինձ համար բան չկա,- ասում է Սվետը:

Ու հիմա՝ քրոջ աղջկա ծննդյան օրը, Սվետը մտովի վերապրեց անցած 15 տարիները: Ինքը Հակոբին չի մոռանա: Հակոբն իր պատմության  անբաժանելի մասնիկն է, դժվար օրերի նեցուկը: Հակոբն ամենուր իր հետ է, ու շրջապատող իրականության մեջ ամեն ինչ նրան է հիշեցնում: Նույնիսկ, այդ գիշեր, երբ ամուսինը հերթական պրծավ ու վերջում ասաց, որ Առտուրի գալուց հետո, ուզում է ամառը ընտանիքով Էմիրաթներ գնան հանգստանալու, ինքը հիշեց Հակոբին ու Բաթումիում չգնված տունը:

Սվետը նայեց սեղանի դիմաց նստած ամուսնուն ու փորձեց հասկանալ, թե Սևակը այդքան տարիներ ինչպես է ինքն իրեն բացատրել կնոջ դավաճանությունը: Իրենք երբեք չէին բացատրվել: Հետո հիշեց, որ մի առիթով հասկացրել էր, թե դա մեկնաբանել է որպես վրեժխնդրություն:

Դա իրեն էլ հարմար տարբերակ թվաց:

About the author

Ani Hovhannisyan wrote 140 articles on this blog.

Քեզ դո՞ւր են գալիս սարդիստների գրառումները:

Բաժանորդագրվիր Սարդ բլոգի լրահոսին

Ani Hovhannisyan

Սարդիստ` Spiderone

Նկարագրություն չկա: Խնդրում ենք ստեղծել Ձեր անձնական էջը.
Մեկնաբանություններ (11) Trackbacks (0)
  1. Հետաքրքիր էր, կինը համ դավաճանեց համ մարդուն փոխեց դեպի լավը:

    2 հարց ունեմ. արդյոք այս պատմությունն ամբողջովին իրական էր??

    2,հեղինակը տեսել է Սվետին, հետը զրուցել, նա իսկապես երջանիկ է??

  2. Պատմությունն ամբողջությամբ իրական է, և ես իհարկե տեսել ու զրուցել եմ Սվետի հետ: Բայց դա հարցի 4-րդ կողմն է: Այստեղ ավելի բարդ հոգեբանական խնդիր ա արծարծված:

  3. Hetaqrqir patmutyun er, mi shnchov kardaci

  4. Հարգելի Taisha Abelar, հետաքրքիր պատմություն եք ներկայացրել, սակայն այդքան պարզ չէ, թե ինչ նկատի ունեիք` ասելով այստեղ ավելի
    բարդ հոգեբանական խնդիր ա արծարծված:

    Ինչ խնդրի մասին է խոսքը: Կինը երջանիկ է, ամուսինը երջանիկ է, կարծես ամեն ինչ նորմալ է

  5. Հարգելի Արշակ, իհարկե կինն ու ամուսինը երջանիկ են ու ամեն ինչ նորմալ է, սակայն դա վերջաբանն է: Իսկ մինչ այդ նրանք երկուսն էլ անցել են ներքին, խորը, այսինքն բացահայտ առերեսում չունեցող հոգեբանական պայքարի միջով:Որը որ մանրամասն նկարագարված ա պատմվածքում
    Ընդ որում էդ պայքարը եղել ա տարբեր ճակատներում ու տարբեր հարթություններում` հարևանություն, շրջապատ, ընկեր,բարեկամություն, ընկերուհի…. Ընդ որում էդ պայքարը եղել ա երկուստեք, այսինքն համա կնոջ, համ ամուսնու կողմից…. Ու էդ ամենը տևելե ա տարիներ, ու էդ ամենը ամեն պահի պատրաստ ա եղել պայթելու….

  6. Բայց համաձայնեք, որ սա հաջողակ ընտանիք է, որից հաջողվել է նույնիսկ դավաճանությունից հետո երջանիկ լինել, ամեն մեկը չի, որ կարող է նման հաշտեցման գնալ

  7. Հրաշալի պատմություն է` իր լավ ավարտով…. Փաստորեն, Սվետան մինչև վերջ հույս ուներ,որ Սևակը կփոխվի…

    ցավոք սրտի շատ քիչ Սևակներ են փոխվում…

  8. Taisha Abelar , սովորական պատմություն է, բոլորիս տեսածներ ու լսածների պես, առանց խոհափիլիսոփայական ու բարդ հոգեբանական հանգուցալուծումներ, պահերի:
    Նույնիսկ ոճում ոչինչ արտասովոր չկար, միապաղաղ 9-րդ դասարանցու շարադրություն էր: Միակ լուսավոր կետ՝ Սևակ անունն էր:
    Փորձիր նորից:

  9. Arman-Nasredin

    իհարկե սովորական պատմություն ա, որով որ լիքն ա մեր առօրյա կյանքը: Ու էդ իմ համար ամենամեծ գնահատականն էր,որ դա պատմություն ա բոլորի լսածների ու տեսածների պես, որովհետև ինքը էնքան պարզ ա գրած, որ սովորական մի մեկը էդ պատմության մեջ կարա ճանաչի իրենց հարևան ասենք Արմինեին ու Գևորգին: Որովոհետև Սևակն ու Սվետը հավաքական կերպարներ են, ու ոչ մեկն էլ չի ասում, որ իրանց պատմությունը ունիկալ ա իրա տեսակի մեջ: Ուրիշ տեղ կարան անունները փոխվեն, կամ էլ իրադարրձությունների ընթացքն ու դետալները:

    Բայց գրած պարզությունն իհարկե շերտեր ունի, ու ամեն մարդ էդ շերտերի մեջ տենում ա էն, ինչ որ ցույց ա տալիս իրա տեսողական պրիզման: ունակ ա տենալու

  10. Taisha Abelar , ծանր եք տանում այլոց կարծիքները:
    Եթե դա քեզ կուրախացնի, ապա կարող եմ գրել որ ,հանճարեղ պատմություն էր,wow~ և ինչպես է հեղինակը կարողացել կենցաղային բոզի մը ողբերգության մեջ դնել այնպիսի խոր շեշտադրումներ որ մի անգամից զգացվում է ամբողջ հասարակությունը, ցեխի վարիչ Հագոբի ու Սվետի չվարիչ Սևակի հավաքական կերպարներում ցույց տալ կյանքի աստիճանական կամ վարունգ լինել…..wow~wow~wow~ բռավո, բիս բիս մաեստրո…

  11. Արամ-Նասրդեին, ինչպես տեսնում եմ, դու դարձյալ քո ոճի մեջ ես:

    Իմ կարծիքով` պատմությունը սովորական չէ, ես քիչ տղամարդկանց եմ ճանաչում, ովքեր կնոջ դավաճանությունից հետո չեն բաժանվել: Եթե դուք նման դեպքեր գիտեք, պատմեք մեզ այդ մասին


Մեկնաբանել կամ թողնել կարծիք


No trackbacks yet.

9 visitors online now
9 guests, 0 members
Max visitors today: 10 at 08:01 am UTC
This month: 14 at 09-01-2010 12:14 pm UTC
This year: 85 at 07-29-2010 09:07 pm UTC
All time: 3024 at 08-27-2002 06:33 pm UTC