Archive for the ‘երեխաներ’ Category

Պետք չէ մարդուն դարձնել մուրացկան ու հետո փող տալ

Sunday, April 7th, 2013

Ֆեյսբուքում հայտնվող “Օգնենք 3-ամյա փոքրիկին”, “Օգնենք արվեստագետին”, “Օգնենք ազատամարտիկին” նախաձեռնությունները տեսնելով` մեր կառավարությունը` բոլոր նախարարներով ու Տիգրան Սարգսյանով հանդերձ ամոթից պիտի գետինը մտնի: Լավ, մի քանի եզակի դեպքերում էս երեւույթը կարելի էր համարել բարեգործություն, բայց մեր գերատեսչություններն արդեն տեղն իմացել են կարծես թե: Որոշել են էնքան գործ չանել, մինչեւ մարդկանց հասցնեն անելանելի դրության ու ստիպեն, որ ամաչելով հաշվեհամար բացեն ու գումար խնդրեն օրվա հացով ապրող մյուս քաղաքացիներից:

Ես հիշում եմ, վերջերս գրում էի լեյկոզով հիվանդ մի երեխայի մասին, ում հայրն անընդհատ նշում էր, որ այլ ելք չունի, բայց շատ է ամաչում մարդկանցից փող խնդրելուց: Եւ ես հասկանում էի նրան, քանի որ եթե վաղը հիվանդանոց ընկնեմ ու փող չունենամ բուժվելու, ամոթից կմեռնեմ` իմ անունով հաշվեհամար բացելու ու փող խնդրելու մտքից: (more…)

Գուրգեն պապին

Saturday, November 3rd, 2012

Մեր բակում բոլորն իրենց ծառերը ցանկապատել ու ձյութել էին, որ պտուղները չգողանանք: Ցանկապատները մեզ համար ոչինչ էին. երեկոյան 8-ից հետո, դուրս էինք գալիս «աբլավի»: Ծառ չէր մնում, որ չթալանեինք, իսկ բռնվելիս` հրոսակախմբի պես այս ու այն կողմ էինք փախչում: Պատահում էր, որ թալան էի կազմակերպում հենց մեր ծառերի վրա: Քանի որ ծնողներս արդեն ինտերնետ ունեն ու կարդալու են գրածս, երեւի կներեն ինձ:) Ես սիրում էի հանցագործություններ անել. միշտ կանգնում էի մաֆիայի գլխին: Հեշտ բան չէր. ծեծն ու ամոթանքը միշտ ես էի ուտում: Տանը հանգիստ էի. ոչ իմ տարիքի, ոչ էլ իմ խելքի մարդ կար, որ ինքնարտահայտվեի: Իսկ այ փողոցում` իմ սիրելի հրոսակախումբը…

Մի ծառ կար, որին երբեք չէինք դիպչում եւ մի տուն կար, որի դարպասին քարերով չէինք խփում…իմ սիրելի Գուրգեն պապի: Նա ապրում էր հիվանդ ու ծեր կնոջ հետ, ունեցած-չունեցածը մի տանձի ծառ էր, որի կողքին երբեք էլ ցանկապատ չքաշեց: Իսկ մենք երբեք էլ այդ ծառի բերքը չգողացանք: Գուրգեն պապին մի ավտոտնակ էլ ուներ, որտեղից ամեն օր անդադար դըխկ ու չըխկի ձայն էր գալիս: Սիսիանցիների տներում դեռեւս Գուրգեն պապիի սարքած վառարաններն ու դույլերը կան: Երբ հոգնում էր իր ժեշտերի ձայնից, դուրս էր գալիս, հենվում էր փայտե բարձր սեղանին ու հետեւում մեր խաղին:

(more…)

Կադրը

Wednesday, October 17th, 2012

Էսօր հեռուստալրագրության դասի հանձնարարություններից մեկը մեկ կադր, մեկ րոպե նկարելն էր: Ես ու Արմինեն թեւներիս տակ առանք շտատիվն ու տեսախցիկը, մեկնեցինք կադրի հետեւից: Ահա կադրը`

Ցավալին այն էր, որ մենք էլ ամեն օր անցնում էինք երեխայի մոտով, բայց նրան նկատեցինք միայն այն ժամանակ, երբ մեզ “կադր” էր պետք…

Կադրը` Արմինե Ավետիսյանի եւ Անի Հովհաննիսյանի

Սա հեչ էլ տափակ պատմություն չէր

Sunday, August 7th, 2011

Էսօր Լիլիթն ու ես նկարում էինք ամպերի վրա: Երբեք մտքովս չէր անցել, որ ամպերին նկարված իմ պատկերները մյուսներն էլ կարող են տեսնել: Ու եթե սա ինձ հետ պատահեր փոքր տարիքում, խորը կհիասթափվեի` մտածելով, որ փաստորեն ամպերը միայն իմը չեն: Մի տեսակ գոհ էինք անձրեւի գալստով. մաքրել էր Աղբարաշենի տնակներն ու շագանակագույն դարձրել.. բայց մեզ ամպերն էին հետաքրքրում` արեւմուտքից ու հարավից միմյանց միացած ամպերը:

Սկզբում զմայլվում էինք գորշ ամպերի միջից երեւացող օզոնի պարզ ու ջրի պես հագեցնող գույնով, իսկ հետո ես թռչող բադ նկարեցի` մի մեծ քուլայով: Լիլիթը նայեց նկարիս, ծիծաղեց. թռչող բադն էնպես էր սլանում` իմ ծիծաղն էլ եկավ:

Ձախ կողմում մեկ էլ Լիլիթը նկարեց մի “շլյապայով” կնոջ ու պագոնավոր տղամարդու միասնությունը: Մի 40-ն անց կլինեին, բայց իրար սիրելուց դեռ չէին ձանձրացել: Ուշադիր նայում էինք, որ տեսնեինք` ոնց են համբուրվելու, էն էլ նկատեցինք` ինչպես է կնոջ մազերը սահում ու խառնվում գորշ ամպերի քուլային: Ինչպես Լիլիթն ասաց, կինը լցվում էր գորշությամբ, իսկ տղամարդը կամաց-կամաց դատարկվում էր. միայն պագոններն էին, որ եռանկյունու պես հաստատակամ մնացել էին:

Մի 4 վայրկյան էլ որ անցավ, տեսա, թե լցված կինն ու դատարկված տղամարդն ինչպես են միասին տանկ դառնում, զրահամեքենա: Լիլիթը նայեց զրահամեքենայիս, ասաց. «Էհ, չէէէ, լավը չի. թող տղամարդ ու կին մնան հա՞»: Ասացի` հա, բայց դե մեկ է, տանկը մտքիցս դուրս չէր գալիս:

(more…)

Փոքրիկը տապակում է կարտոֆիլն, ու հացի են նստում (վիդեո)

Monday, July 11th, 2011

Մինչ 11-ամյա Ռոզան տապակում է իրենց հողամասում աճեցրած կարտոֆիլը, նրա երկու քույրերը, որ իրենից փոքր են, հավաքում են սենյակը` փորձելով հնարավորինս հարմարավետ դարձնել տունը: Երբ կարտոֆիլն ու մատնաքաշն արդեն սեղանին են, փոքրիկները սպասում են` երբ մայրը տուն կգա, իսկ հայրը, որ մշտապես նստած է աթոռին, կհանգցնի վերջին ծխախոտն ու կնստեն հացի:

Ռոզայենց ընտանիքն ապրում է Ապարանի շրջանի Արագած գյուղում: Բոլորը նրա հորը` Գառնիկին, ճանաչում են որպես վարկերից տուժածի եւ նեղ վիճակում հայտնվածի: Դեռ 4 տարի առաջ նա վարկ էր վերցրել` կոշիկի իր արտադրությունը խթանելու համար:

«Կոշիկ էի կարում. մեծածախ պատվեր կար` մոտ 150 զույգ, որոշեցի վարկ վերցնել, մատերիալ առնել, կարել: Վերցրեցի, կոշիկները կարեցի, բայց չեկան պատվերը տանելու. Խաբեցին»,- պատմում է Գառնիկն ու վառում հաջորդ ծխախոտը:

Գառնիկը չի կարողացել մարել 500 հազար դրամ վարկը, համագյուղացի վարկառուներն են փոխօգնության միջոցով մարել այն: Երկրորդ անգամ է վարկ վերցրել` համագյուղացիների պարտքը վերադարձնելու համար: (more…)

Ծնվել է․ ոչ ոքի չի հետաքրքրում նրա ապրելը

Thursday, November 25th, 2010

Երկու օր էր, ինչ աշխատանքի չէի գնացելայսօր գնացի։ Ամեն ինչ սովորականի պես էրերեխաներս կրկին վազեցին դուռը բացելու, կրկինԼաբաս (լիտվերեն՝ բարեւ)”-ների մի շարք ու կրկին դեմքեր, ժպիտներ, սպասումներ։ Առաջին հայացքից ամեն ինչ ու բոլորն իրենց տեղերում էին, ոչինչ չէր փոխվել։

Երբ արդեն պատրաստվում էինք ճաշել, սոցաշխատողը կանգնեց, ցույց տալով աթոռը, (որի վրա միշտ նստում էր սեւուկ, փոքրիկ տղան) սկսեց բարձրաձայն խոսել։ Նա ինչ-որ բաներ էր հարցնում եւ ակնկալում, որ երեխաները պիտի պատասխանեին, բայց նրանք կարկամած միմյանց էին նայում։

Չնայած սոցաշխատողի ջանքերին՝ նա այդպես էլ չլսեց երեխաների պատասխանը, եւ բոլորը սկսեցին ուտել։ Ես էլ միացա, բայց անընդհատ հետեւում էի բոլորի դեմքերին՝ հասկանալու, թե ինչ է կատարվել։

Երեխաներից ամենաակտիվն ու կազմակերպվածը, որ ունի հանցագործ եղբայր, հաշմանդամ քույր եւ մայր (ում մասին երբեք չի խոսում), ասաց

Yustas go home and not family, noooo, no family (Յուստասը գնաց տուն եւ ոչ ընտանիք, ոչ, ոչ ընտանիք

Առաջին անգամ դժվարացա ընկալել նրա կիսատ անգլերենը, միայն հասկացա, որ Յուստասի (այն փոքրիկ, սեւուկ տղայի) հետ մի բան այն չէ։

(more…)

Օգնենք Արմավիրի մարզի երեխաներին

Tuesday, November 23rd, 2010

Նոյեմբերի 25-ին եւ 26-ին «Մետրո» թատրոնում կբեմականացվի Լ. Ռազումովսկայայի «Թանկագին Ելենա Սերգեեւնա» դրաման: Ներկայացումից ստացված ողջ հասույթը ծառայելու է Հայ Միասնության Խաչ կազմակերպության արվեստի կենտրոնի ջեռուցմանը: Կենտրոնը գտնվում է Էջմիածին քաղաքում, Արմավիրի մարզում բնակվող երեխաներն ու դեռահասները կավագործության, գորգագործության եւ նկարչության վարպետաց դասեր են անցնում այստեղ:

Այսպիսով` կազմակերպությունը լուծում է մարզի երեխաների զբաղվածության խնդիրը: Հենց նրանք էլ ներկայացնեն «Թանկագին Ելենա Սերգեեւնա» դրաման Երեւանի հանդիսատեսին: Գնելով թատրոնի տոմս` դուք կօգնեք ապահովել արվեստի կենտրոնի գործունեությունը նաեւ ձմռան ամիսներին:

Տոմսերի արժեքն ընդամենը 1000 դրամ է, ձեռք բերելու համար զանգահարեք 093 12 90 04:

Փոքրիկը երազում էր թաքցնել տունը, ծնողներին եւ իր կեղտոտ հագուստները

Wednesday, November 3rd, 2010

Երբ ասացին, որ սոցաշխատողի հետ պետք է առավոտյան շուտ այցելեմ եւ “ստուգեմ”, թե ինչպես են ապրում երեխաները պրոբլեմատիկ ընտանիքներում, մտածեցի` այդ ո՞ր ընտանիքը պրոբլեմատիկ չէ:

Առավոտյան ճանապարհվեցինք դեպի գյուղ, որը Վիլնյուսի մոտակայքում էր:

Ուղիղ մայրուղով ընթանալիս ամեն ինչ հարթ էր թվում, բայց ավտոմեքենան թեքվեց, մխրճվեց անհարթ ոլորանների մեջ… ինքնապատրաստվում էի` տեսնելու ամենավատը. գիտեի, որ այսօր սիրտս սկսելու է բաբախել:

Նույնիսկ կողքիս գերմանացուն ասացի. “հետաքրքիր ճանապարհ է”… ինչպես միշտ չհասկացավ ինչ ի նկատի ունեի, լռեցի:

Դեռ գյուղ չհասած` մեքենան կանգ առավ մի գոմի մոտ: “Հասանք”,- ասաց սոցաշխատողն ու բացեց դուռը: Ես, առանց որեւէ բան տեսնելու, նայում էի շուրջս…

(more…)

“Էրիկին օդանավակայանում ենք դիմավորելու”,- ասում են երիտասարդները

Thursday, September 9th, 2010

“Հասարակության մեջ սկսում է մեծանալ այն մարդկանց բանակը, ովքեր մտածում են երեխայի կյանքի, նրա ապրելու իրավունքի մասին: Էրիկի միջոցով մենք նաեւ հասարակությանն ենք փրկում անտարբերությունից: Յուրաքանչյուրն, ով մի փոքրիկ գումար է փոխանցում կամ որեւէ կերպ օգնում է այս նախաձեռնությանը, արդեն անտարբեր չէ. իրեն հետաքրքրում է անծանոթ երեխայի կյանքը, ապագան”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեցին իրենց նախաձեռնության նպատակը “Փրկենք” երիտասարդական նախաձեռնության անդամները:

Այս նախաձեռնությունը շուրջ 5 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 4-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ մի քանի քիմիաթերապիայից եւ որոշ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն բուժումներն ու քիմիաթերապիան թանկ արժեն:

(more…)

1 դրամ` 1 կյանք…

Saturday, July 3rd, 2010

”Երբ բուժվեմ, հիվանդանոցից դուրս կգամ ու կգնամ` մեր բակում ֆուտբոլ խաղալու: Ուզում եմ մեծանալ ու բժիշկ դառնալ, որ բուժեմ մեր հիվանդանոցի երեխաներին…”,- ասում է 4-ամյա Էրիկը, որ հիվանդ է քաղցկեղով (Ոչ խոչկինյան լիմֆոմա): Բժիշկները հույս ունեն, որ նրան հնարավոր է փրկել` բարձր չափաբաժնով քիմիոթերապիայի միջոցով: Էրիկն այժմ բուժվում է Ռուսաստանում: Նրա բուժման համար մոտ 6 միլիոն դրամ է անհրաժեշտ:

“Հանուն կյանքի” երիտասարդ նախաձեռնողների խումբը դրամահավաքի միջոցով հավաքել է մոտ 1.5 մլն. դրամ, որի մի մասն Էրիկի ծնողներն արդեն վճարել են քիմիոթերապիայի առաջին կուրսի համար: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել դրամահավաքին` 1000-ից մինչեւ 100 հազար դրամ փոխանցումներով:

Էրիկի կյանքը փրկելու առաքելությանն են միացել նաեւ մի շարք երաժիշտներ` Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Արձագանք խումբը եւ այլոք: Հուլիսի 12-ին Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կկայանա ”Քաղաքը փրկում է կյանքը” խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հեղինակային, քաղաքային երգեր:

Բարեգործական համերգը եւս կազմակերպում է երիտասարդ նախաձեռնողների խումբը: Իսկ Տիկնիկային թատրոնի դահլիճը երաժիշտներին տրամադրվել է անվճար:

Յուրաքանչյուրի 1000 դրամը կարող է հնարավորություն տալ Էրիկին` շարունակել ապրել եւ իրականացնել հիվանդանոցի երեխաներին բուժելու նրա երազանքը:

Եթե 3 մլն. հայ ամսեկան 1 դրամ փոխանցի քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին, ամեն ամիս հնարավոր կլինի փրկել մեկ երեխայի կյանք ու երազանքներ…