Archive for the ‘հասարակական’ Category

Տատս ասում էր` աշխատող մարդը սոված չի մնա

Thursday, May 30th, 2013

Անընդհատ եմ գյուղերում, զրուցում  եմ մարդկանց հետ, լսում նրանց պատմությունները: Բոլոր գյուղերում կան հավաքատեղիներ: Նախկինում մարդիկ սովորաբար այնտեղ հավաքվում էին աշխատանքից հետո՝ իրիկնաժամին: Սակայն դա վաղուց էր: Այսօր բազմաթիվ գյուղերում այդ հավաքատեղիներում արդեն կեսօրից հավաքվում են գյուղի տղամարդիկ ու, որպես կանոն, թղթաղաղ, նարդի, ավելի տարեցները` դոմինո խաղում: Այս «խավը» հենց իմանում է՝ լրագրող ես, սկսում են բողոքել, ամեն ինչից: Այդ նույն ժամանակ, դա հետո մեր զրույցից է պարզվում, նրանց կանայք եւ երեխաները բանջարանոցներում աշխատում են, որպեսզի սոված չմնան: Երբ հարցնում եմ` բա ինչու դուք չեք գնում օգնեք նրանց: Ասում են` աշխատես, չաշխատես՝ նույնն է, վիճակներս չի փոխվում: Ես չեմ հավատում, իհարկե: Անհնար է՝ աշխատես-չաշխատես՝ նույն վիճակը լինի:

Տատս, որին 14 տարեկանում ամուսնացրել էին իրենից մի 30 տարով մեծ պապիս հետ ու հետո էլ իր կյանքի վերջին 30 տարին անցկացրել առանց ամուսնու, մինչեւ իր կյանքի վերջին օրերը աշխատում էր: Նա էշը նստած բանջարանոց էր գնում: Քանի՜-քանի՜ անգամ է էշից ընկել: Չնայած տղաները, աղջիկները, թոռներն անընդհատ հանդիմանում էին, արգելում նրան բանջարանոց գնալ, գործ անել, կարմրաթուշ տատս այդ տարիքում շառագունում էր, ընդամենը լուռ «համաձայնում», հետո շարունակում իր գործը:

(more…)

Բարի ճանապարհ

Wednesday, May 8th, 2013

Հայրս դեռ 90-ականներին խիստ քննադատում էր Ռուսաստան գաղթող մեր բոլոր բարեկամներին. “Բա որ Ռուսաստանում էլ փողերը պրծավ, էդ ժամանակ ո՞ւր են վազելու: Բա էս երկրում մեկը չմնա՞: Մարդիկ կռվում, հող են պահում, որ իրենք մեռնելուց ասեն ինձ տարեք մեր հայրենի հողում թաղե՞ք”: Ես այդ ժամանակ ամբողջովին համամիտ էի նրա հետ ու համոզված էի, որ ով ուր էլ գնա, մենք կշարունակենք ապրել մեր երկրում` ինչպիսին էլ այն լինի:

Հորս մահից ամիսներ են անցել. մեր ընտանիքի 50 տոկոսն այսօր արտագաղթելու է: Չգիտեմ` հայրս ինչ կասեր այս դեպքում:

Հ. Գ. Բարի ճանապարհ արտագաղթողներին, մենք ապահով Հայաստանում ենք, կդիմանանք:

Արմենիա հեռուստաընկերության ցեղասպանությունը

Tuesday, April 23rd, 2013

“Պանարմենիան մեդիա հոլդինգ”-ին պատկանող Արմենիա հեռուստաընկերության նկարահանած տեսահոլովակն ինձ էսօր ավելի շատ ցավ պատճառեց, քան 1915-ին իրականացված ցեղասպանությունը։ Ո՞րն է եղել ձեր նպատակը այ Արմենիայի մասսա (ուրիշ ավելի նորմալ տարբերակ չեմ գտնում նրանց դիմելու) էս տեսահոլովակը նկարելու, ո՞րը։ Ի՞նչ նպատակով եք էդ փողոցային խուժան տոնով երգացնում փողոցային “արվեստի” ներկայացուցիչ Հ․Տ-Մ․Տ․ Հայկո-Միշոներին։ Ինչի՞ համար եք էդ դերասան-երգչուհի աղջիկներին դրել տեսախցիկի առաջ, խնդրել լաչառություն անեն, աչքները լցնեն, աղոթեն, լավ ա՝ ծնկի չեք իջեցրել։

Բա ինչո՞ւ ամեն օր տենց լաչառություն չեք անում, աղոթում, հոխորտում, ու իմաստալից աչքերի արտահայտություն ընդունում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունում ապրող 3 միլիոն հայերին (ծեր, երեխա, կանայք, տղամարդիկ, երիտասարդներ) հոգեպես բռնաբարելու ու ցեղասպանելու համար։

Սա էլ էդ տեսահոլովակը, դիտեք եւ ցեղասպանվեք

watch?v=DRynAuOsZXQ

Պետք չէ մարդուն դարձնել մուրացկան ու հետո փող տալ

Sunday, April 7th, 2013

Ֆեյսբուքում հայտնվող “Օգնենք 3-ամյա փոքրիկին”, “Օգնենք արվեստագետին”, “Օգնենք ազատամարտիկին” նախաձեռնությունները տեսնելով` մեր կառավարությունը` բոլոր նախարարներով ու Տիգրան Սարգսյանով հանդերձ ամոթից պիտի գետինը մտնի: Լավ, մի քանի եզակի դեպքերում էս երեւույթը կարելի էր համարել բարեգործություն, բայց մեր գերատեսչություններն արդեն տեղն իմացել են կարծես թե: Որոշել են էնքան գործ չանել, մինչեւ մարդկանց հասցնեն անելանելի դրության ու ստիպեն, որ ամաչելով հաշվեհամար բացեն ու գումար խնդրեն օրվա հացով ապրող մյուս քաղաքացիներից:

Ես հիշում եմ, վերջերս գրում էի լեյկոզով հիվանդ մի երեխայի մասին, ում հայրն անընդհատ նշում էր, որ այլ ելք չունի, բայց շատ է ամաչում մարդկանցից փող խնդրելուց: Եւ ես հասկանում էի նրան, քանի որ եթե վաղը հիվանդանոց ընկնեմ ու փող չունենամ բուժվելու, ամոթից կմեռնեմ` իմ անունով հաշվեհամար բացելու ու փող խնդրելու մտքից: (more…)

Հեղափոխական լիդեր,թե խեղճ քաղաքացի`Րաֆֆի

Monday, March 11th, 2013

Վերջանում է հացադուլիս առաջին օրը. որեւէ ցավ, որեւէ տհաճ վիճակ չեմ ունեցել եւ ողջ օրս անց եմ կացրել Ազատության հրապարակում` նստած, կանգնած, քայլելով, թեյելով ու խոսելով: Հացադուլի որոշման գնացի զուտ խղճիս թելադրանքով, քանի որ երբ որեւէ մեկը իմ երկրի ապագայի համար իրեն զոհում է ինչ-որ տեղ, ես չեմ կարող կողքով անցնել, նայել վրան` կարծես թանգարանային նմուշ ու ճեմելով մտնել սրճարան, մի լավ բտվել, արարքները քննարկել, խմելուց հետո տուն գնալ ու մոնիտորի դիմաց նստել, մեծ-մեծ ստատուսներ գրել ցրտին սովից ու սառնությունից տառապող մարդու մասին. դա ես տգիտություն ու սերժություն եմ համարում: Էս պահին ես էլ մի բան արած եմ համարում ինձ, եթե հացադուլն է պայքարի ձեւ ընտրվում: Սա իմ ընկալումը Ազատության հրապարակում նստած ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի մասին:

(more…)

Վկայություն՝ “Փակ շուկայի” սպանության գործով

Monday, May 28th, 2012
Անցած ամռանը ծանոթներիցս մեկն ասաց․ “Անի, ժուռնալիստ ես, կիմանաս, էդ Փակ շուկան Երեւան սիթի՞ են դարձնում”։ Պատասխանեցի, որ չգիտեմ, իսկ ինքը ո՞րտեղից է լսել դրա մասին։ “Մորաքրոջս աղջիկը Պրոսպեկտի էն փոքր “Սիթիում” էր աշխատում, էդ “Սիթին” փակել են, իրենց էլ գործից հանել, ասել են սպասեք՝ հեսա Փակ շուկայի տեղը մեեեծ “Սիթի” ենք սարքելու, նորից գործի ընդունենք ձեզ երկու տարուց”,-պատասխանեց ծանոթս։
Այդ ժամանակ դեռ Ծառուկյան-Ալեքսանյան գործարքի մասին որեւէ խոսակցություն չկար։ Ներքին բնազդով միանգամից հավատացի ծանոթուհուս խոսքերին ու գնացի Փակ շուկա։ Շուկայի առեւտրականները հաստատեցին․ “Հա, Սամվել Ալեքսանյանն ա գնել շուկան, մեր նոր շեֆն էլ եկել-ասել ա, որ հունվարի մեկից պետք ա դուրս գանք, շինարարություն են սկսելու, շուկան վերանորոգելու են ու նորից մեզ հետ կանչեն”,- ասում էր առեւտրականներից մեկը, ում ձայնագրությունը մինչ այժմ ունեմ հեռախոսիս մեջ։

«Կարո՞ղ է դուք իմանաք` որտեղ է Քադաֆին»

Thursday, October 6th, 2011

Էլի ուշացա: Պայուսակս եմ լցնում այն ամենը, ինչն այդ պահին ընկնում է աչքիս, մտքումս ինչ ասես ասում եմ Մարկ Ցուկենբերգին ֆեյսբուք հիվանդությամբ բոլորիս վարակելու համար, ու ինձ դուրս եմ նետում տանից…

Կանգառում…

Էս 64-ը, ժողովուրդ ջան, գալիս է 15 րոպեն մեկ: Մեր բախտն էլ էդպես է բերել: Գոնե մի ալտերնատիվ միկրոավտոբուս էլ լիներ, թե չէ ես ինձ արդեն կանգառի սյուն եմ զգում կամ էլ լուսացույց:

Հիմա ինչ, գալո՞ւ ես 64 ջան: Ըհն, եկավ… էնպես էլ նազանքով ու դանդաղ է գալիս, ոնց որ բալետ պարի: Վերջապես…ինձ ներս եմ գցում ու ինչպես միշտ` ուժս չի հերիքում, որ դուռը փակեմ…մունաթախառը նկատողություն վարորդի կողմից, թե դուռը չի փակվել:  Ինչքան ուժ ունեմ գործադրում եմ. դուռը արդեն փակ է, բայց վարորդն էլի դժգոհ է, փաստորեն հիմա էլ դուռը ջարդելու գործով էի զբաղված: (more…)

Մտորելիք է

Wednesday, October 5th, 2011

«Ապե, դու էլ ե˚ս գալիս Երևան»,- լսվում է Վայք-Երևան երթուղայինի վարորդի ձայնը: «Չէ է, ախր դու Երևան գնալու շորեր չես հագել»,- ինքն իրեն ուղղում է վարորդը: Երթուղայինի մեջ ծիծաղ է սկսվում: Ես էլ եմ ծիծաղում: Մտածում եմ` տեսնես «Երևան գնալու շորերը» որոնք են ու ակամայից հագածիս նայում:

Մեքենան ավտոկայանից շարժվում է: Դեռ ազատ նստատեղեր կան: Զարմանում եմ` առանց նստատեղերը լրացնելու ճանապարհ ենք ընկնում: Պարզվում է` ոչ: շուրջվայքյան ճանապարհորդություն է` ուղևորներ «հայտնաբերելու» նպատակով:

Մենք քսան րոպե պտտվեցինք քաղաքով: Ես այդ ընթացքում հասցրի երեք անգամ ձեռքով անել պատշգամբում կանգնած մայրիկիս:

(more…)

«Եվրո տատիկն» ու Այգեստանի տղամարդիկ

Wednesday, October 5th, 2011

Տունս այնքան մոտ է համալսարանին, որ կարող եմ ճանապարհին ոչինչ չնկատել բացի քայլերիս քանակից:
Բայց…

Այդ «եվրո տատիկը», որին հանդիպում եմ մասնաշենքից դուրս գալիս… Ինչպես եմ վատ զգում, որ
ինձնից փող չի ուզում… Մուրացկանության նոր մշակույթ. բերան չցավեցնել նիհար դրամապանակներից
փող պոկելու համար, ունենալ մշտական հաճախորդներ ու նրանցից վերցնել հազար դրամից ոչ պակաս
գումար:

Իսկ այդ մշտական հաճախորդները «եվրո տատիկին» եվրոներ են նվիրում այն նույն հոգեբանությամբ,
որը նրանց ձեռքից բռնել ու տարել է համալսարանի «ամենաթանկանոց» ֆակուլտետը, գնել է տալիս
ամենակարմիր դիպլոմը ու ամենասև ջիպը… Եթե կա ամեն ինչի էլիտար տարբերակը, պետք է լինի նաև
մուրացկանինը, և հորինվել է «եվրո տատիկը»…

(more…)

Ճանապարհ

Thursday, September 29th, 2011

Հեռախոսի զանգից արթնանում եմ:

-Բարև, էս չե՞ս գալիս դասի:

Նայում եմ ժամին 11:30 է.
- Ինչի, 14:30 չի՞ դասը:

- Չէ, այսօր երեքշաբթի է, 13:00-ին:

-Վաաայ…, լավ, գալիս եմ, սպասի’ր:

Նորից խառնել եմ դասաժամերը: Առհասարակ, ինչ դասերը մեկ ժամ ուշ են սկսվում , միշտ խառնում եմ. անցյալ անգամ էլ շուտ էի գնացել: Ասում են` մարդու օրգանիզմն իր ներքին ժամն ունի, որը չպետք է խախտել (ինչևէ, կրթության նախարարն այդ առաջարկն անելիս դա հաշվի չէր առել): Արագ-արագ հագնվում, պատրաստվում ու դուրս եմ գալիս: Ճանապարհին ինչ ասես չեմ ասում քաղաքապետին, որ երթուղայիները քաղաքի ծայրում են, այդքան հեռու են (հեռու մեր տնից): Այնքան եմ գնացել-եկել այս ճանապարհով, որ մտքերով եսիմ ուր եմ, իսկ ոտքերս արագ-արագ ինձ տանում են, ակամայից մտաբերում եմ սևակյան խոսքերը . «իսկ ոտքերիցս բարի բա~ն, չկա»…Եվ իրոք, ինչքան բարի են իմ ոտքերը, որ ներում են իմ քնկոտությունն ու ինձ այդպես արագ տանում են դեպի երթուղայինները: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ մարմնի ամեն մաս «ինքնիշխան» լիներ, ու ոտքերը ճամփի կեսին կանգնեին, ու ասեին` չենք գնու~մ…Այ պետությունն էլ պետք է լինի մեկ մարմնի պես, միասնական:

Ահա հասնում եմ: Ընկերունիս մի փոքր ջղայինացած հոնքերի տակից այնպես է ինձ նայում , ասես ուր որ է պիտի հարձակվի վրաս, բայց գիտեմ, չի զայրանա. սովոր է:

(more…)