Archive for the ‘մի բան’ Category

Մի քիչ իմ ու ձեր մասին

Friday, February 24th, 2017

Բարև, վաղուց չեմ գրել, արդեն գրելուց առաջ բարևել է պետք։ Ուզում եմ կիսվել հեռուներում սովորող միայնակ ուսանողի առօրյայից։ Երեկ սթեյքի միս էի գնել, էսօր մի բաժակ սուրճն առանց այն էլ ավելորդ էներգիաս կրկնապատկել էր, որոշեցի սարքել։ Ինտերնետային բոլոր աղբյուրներում ճշտեցի սարքելու ձևը ու նույն կերպ արեցի։ Շատ համեղ էր առաջին պատառը, հետո տեսա, որ ներսը սթեյքին հատուկ վարդագույն, հումոտ միսն է, գլխովս միանգամից միտք անցավ՝ բա որ բակտերիա լինի մեջը, վարակվեմ։ Էդ սթեյքն էլ էդտեղ հարամվեց։

Հա, մենակությունն իրեն բնորոշ վախերն ու կպչուն մտքերն ունի, մանավանդ, եթե հասցրել ես արդեն երկու անգամ հիվանդանոցի ներսով անցնել։ Երբ ինքդ միայնակ պիտի լուծես բոլոր տեսակի խնդիրները, սկսում ես ամեն ինչ անել՝ դրանք կանխելու նպատակով։ Փողոցային բարբառով ասած՝ վնուշկված ես ապրում։ Արևմտյան հասարակությունում սովորող հայաստանցիները կարծում եմ զգացել են նկարագրածս։

Հայաստանում շատ ուժեղ զարգացած և առողջ օրգանիզմի պես աշխատող սոցիալական ու համայնքային աջակցության մեխանիզմ կա․ եթե որևէ մեկին որևէ բան պատահի, նույնիսկ ամենահեռու բարեկամները մի քանի րոպեում կհայտնվեն կողքին։ Այդ առաջին հերթին հոգեբանական աջակցությունը մենք չենք զգում՝ քանի դեռ ներսում ենք, մեզ միշտ թվում է, որ այդպես էլ պիտի լինի, բոլորը պիտի մեր կողքին լինեն։

Ամերիկյան հասարակությունում զարգացած է պրոֆեսիոնալ օգնության մեխանիզմը։ Այստեղ եթե մարդն իրեն վատ է զգում, առաջին հերթին պետք է 911 հավաքի՝ հարևանին կանչելու փոխարեն։ Այստեղ մարդիկ մենակ են գնում բժշկի, քանի որ նրանց առողջական կարգավիճակը գտնվում է անձնական տարածքում, որտեղից ներս նույնիսկ ամուսինը մուտք չունի հաճախ։

Մեզ մոտ, եթե հոգեբանորեն ճնշված ենք, զանգում ենք մոտ մարդկանցից մեկին՝ մի բաժակ գարեջրի շուրջ թեթևանալու։ Ամերիկայում այդ մեխանիզմը շատ հետաքրքիր է գործում․ կարող ես բարում օտար մեկին պատմել, թեթևանալ, բայց միշտ մեկին զանգել ու գանգատներդ պատմելը համարվում է նրան ծանրաբեռնել ու շահագործել։

Հայաստանում ստացածդ աջակցության դիմաց հաճախ թանկ գին ես վճարում․ դիմանալ բոլոր տեսակի դատողություններին ու պարտադրանքի վերածված խորհուրդներին։ Հաճախ իրավունք չես վերապահում մարդկանց խնդրել քեզ հանգիստ թողնեն, չտան այն հարցերը, որոնց պատասխանել չես ուզում։ Եւ երբեմն ինքդ էլ այդ ավելորդ հարցեր տվողներից ես լինում։

Ամերիկան այն երկրներից է, որ եթե ուզում ես ամբողջ քաղաքով շրջել, բայց ոչ ոք քեզ չնկատի, կստացվի։ Եթե ուզում ես, որ քեզ նկատեն, բարևեն, ժպտան, էլի կստացվի։ Ամերիկյան սոցումի խորությունների ու անհարթությունների մասին շատ բան չեմ կարող պատմել․ հեշտ բացահայտվող ժողովուրդ չեն՝ չնայած կարծրատիպին, որ բոլորը նույն տիպի են, նույնն բանն են սիրում և այլն։

Հայաստանյան համայնքից դուրս գալով՝ շարունակում ես մնալ այդ համայնքի դատողության տակ։ Քեզ սկսում են վերագրել բաներ, որոնք կապ չունեն հետդ, բայց ստատուսներիցդ են հոգեվերլուծաբանել։ Այստեղ դու չես ստանում աջակցություն, բայց դատողության չափաքանակը մեծանում է։ Հաճախ քեզնից ակնկալում են, որ պիտի միշտ լավ լինես, քանի որ դրսում խնդիրներ չեն լինում, և աշխարհի բոլոր խնդիրները Հայաստանում է կենտրոնացած։ Այդ ակնկալիքն է, որ ստիպում է այլևս չասել, թե ինչպես ես։

Հայաստանում ապրողները նաև մի ներքին թաքնված թշնամանք են տածում դրսում ապրողների նկատմամբ՝ համարելով, որ իրենց լքել են։ Երևի հենց այդ համայնքային աջակցության առողջ օրգանիզմի բջիջներն են խարխլվում ամեն գնացողի հետ, որի արդյունքում կարող են հիվանդանալ և գնացողները, և մնացողները։ Ստեղծվում է մրցակցային միջավայր, որտեղ ամենապայքարողը, ինքն իրեն փոփոխությունների ենթարկողը կենդանի կմնա, իսկ ծույլերն ու թույլերը կհիվանդանան, ֆիզիկապես ապրելով՝ կմահանան։

Մենակությունից ուր հասանք․.

Չգիտեմ, որքանով է համայնքային աջակցության օրգանիզմի այս էվոլուցիան լավ կամ վատ, բայց այն արդեն մեկնարկված է։ Ուզում եմ քիչ զբաղվենք միմյանց ոչնչացնելով, փոխարենը՝ լսենք մեր ներքին էվոլուցիոն պահանջներին, մեր էներգիան ուղղենք դեպի մեզ ու փորձենք կենդանի մնալ։

Շատ կարոտել եմ բոլորիդ․ չնայած՝ վերջին անգամ երբ եկա, ինձ լավ չէի զգում ձեր կողքին։

Երազանքի նավը

Sunday, October 20th, 2013

Ինչ-որ տեղերում պատմություններ թողնելը մեզ հաճախ հուսադրում է: Կապիտան Մեհեկն այս անգամվա իմ պատմության հերոսն էր: Թուրքիայի հարավ-արեւելքում` Միջերկրականի ափին մի շրջան կա, որը հիմնականում բաղկացած է իջեւանատներից եւ փոքրիկ գյուղերից եւ կոչվում է Օլիմպոս: Մեհեկին բոլորն այստեղ կապիտան են անվանում: Ես նրան նկատել էի մինչ նավ բարձրանալը. ճկունությամբ տախտակամածից ցատկում էր նավի վրա եւ հակառակը, իսկ դեմքի մի քանի խորն ընդգծված կնճիռները փաստում էին ոչ հարթ կյանքի մասին: Բաց ծով դուրս գալուն պես` ոչ շատ ուժեղ ալեկոծություն սկսվեց: Մեհեկը շարունակում էր ցատկոտել նավի բոլոր կողմերն ու նախապատրաստել այն սպասվող ալեկոծությանը: Նա հաճույք էր ստանում ալիքների վայրիվերումներից, կոպիտ ձեռքերով բռնել էր ղեկն ու ասես խաղի մեջ մտել ծովի անհանգստության հետ:

Ինձ հանդիպած թուրքերից Մեհեկն առաջինն էր, ում հետ զգուշավորության զգացում չունեցա: Նա 35 տարեկան է, 14 տարեկանից նավաստի է եւ պահում է ողջ ընտանիքը: Հայրը 10 տարի բանտում է գտնվել, դուրս գալուց երկու տարի անց` մահացել.

(more…)

Ես երբեմն էլ չգիտեմ` ինչ անել

Tuesday, July 9th, 2013

հիմար մտքերս էլ կարեւորող չկա: Փոքր ժամանակ ամեն միտքս, որ բոլորն ընկալում էին որպես մանկական հիմարություն, դու կարեւորում էիր` ամենաիմաստուն մտքի պես, ամենահանճարեղ մտքի պես: Միշտ ասում էիր` բալիկս, եթե դու էդպես ես կարծում, ուրեմն դա է ճիշտը: Երբեք չէիր ասում «սխալ ես»` իմանալով, թե որքան եմ ազդվում այդ բառից: Տիեզերքի մասին իմ հարցերին առավել պատկերավոր պատասխան տալու համար գործածում էիր երկու մեծ ձեռքերդ, տասը մատներդ, դաստակներդ: Ձեռքերով կլոր գունդ էիր ստանում, բացատրում, թե ինչպես ա երկրագունդը պտտվում արեւի ու իր առանցքի շուրջը: Մեր տան աստիճաններից միշտ հետեւում էինք արեւի դուրս գալուն ու մայր մտնելուն:

Ասում էի, որ զզվում եմ հողից, քանի որ դրա մեջ միջատներ ու որդեր կան: Ասում էիր, որ հողը միակ բանն ա, որ մենք ունենք: Ասում էի` չէ, մենք տուն ունենք, նստարան, ասում էիր` առանց հողի ոչինչ չենք կարող ունենալ: Փոքրիկ բահ էիր սարքել ինձ համար, միշտ երջանկանում էիր, երբ թողնում էի դրսի խաղերս, վերցնում էի բահն ու գալիս քեզ օգնելու` մեր հողը վարելու: Ես դա հաճախ անում էի, քանի որ դու դրանից հրճվանք էիր ապրում:

Երբ դպրոցում կամ փողոցում կռիվ էի անում, շատ վստահ էի, որ կգամ, կպատմեմ քեզ, թե ինչու եմ կռվել ու դու կասես, որ ճիշտ եմ արել: Կասես` երբեք թույլ չտաս քեզ հիմարացնեն, մարդիկ մյուսներին հիմարացնել շատ են սիրում: Կասես` թույլ չտաս, որ դպրոցում ուսուցիչները ձեզ հետ ռուսերեն խոսեն, դուք հայ եք ու Հայաստանը հիմա անկախ է, իսկ դպրոցը` հայկական: Կասես` ուսուցչին ծաղիկ տանում են այն ժամանակ, երբ ուզում են, այլ ոչ թե որովհետեւ ծնող-կոմիտեի նախագահն է ասում: Կասես` ես ծնողական ժողովիդ չեմ գալիս, որովհետեւ գիտեմ, թե դու ով ես ու ինչ հնարավորություններ ունես:

Սադախլուի շորերն ամեն օգոստոսին գալիս էին: Ասում էիր` քեզ մոդա ու մրցակցություն պետք չէ, դու գիտես` ինչն է գեղեցիկ, ինչը` չէ: Ասում էիր` միշտ ձգտիր հարմարավետ ու գեղեցիկ հագնվել. դու գիտես` ոնց անել:

(more…)

Բարի ճանապարհ

Wednesday, May 8th, 2013

Հայրս դեռ 90-ականներին խիստ քննադատում էր Ռուսաստան գաղթող մեր բոլոր բարեկամներին. “Բա որ Ռուսաստանում էլ փողերը պրծավ, էդ ժամանակ ո՞ւր են վազելու: Բա էս երկրում մեկը չմնա՞: Մարդիկ կռվում, հող են պահում, որ իրենք մեռնելուց ասեն ինձ տարեք մեր հայրենի հողում թաղե՞ք”: Ես այդ ժամանակ ամբողջովին համամիտ էի նրա հետ ու համոզված էի, որ ով ուր էլ գնա, մենք կշարունակենք ապրել մեր երկրում` ինչպիսին էլ այն լինի:

Հորս մահից ամիսներ են անցել. մեր ընտանիքի 50 տոկոսն այսօր արտագաղթելու է: Չգիտեմ` հայրս ինչ կասեր այս դեպքում:

Հ. Գ. Բարի ճանապարհ արտագաղթողներին, մենք ապահով Հայաստանում ենք, կդիմանանք:

Ապրիլմեկյան լրատվամիջոցներ

Sunday, March 31st, 2013

Դպրոցական տարիքում ապրիլի 1-ին ամենաշատը սպասում էին մեր դասարանի ստախոսները` նրանք, ովքեր ամեն օր էին ստում ու առանձնակի հաճույք էին ստանում դրանից` կարծելով, թե դիմացինին հիմարեցնում են: Ապրիլի 1-ը նրանց համար իրականում յուրօրինակ օր էր: Նրանք այդ օրը հրապարակայնորեն անում էին այն, ինչը միշտ ներքուստ ու գաղտնի են արել` մի տարբերությամբ, որ եթե նախկինում այդ արարքի համար կդատապարտվեին, ապա ապրիլի 1-ին ստելը կառաջացներ բոլորի հրճվանքը` նույնիսկ ուսուցիչների:

Ի դեպ` մեր դասարանի, բակի, փոքրիկ քաղաքի մեծ մասն էին սիրում ստելու օրը: Ես էլ մի բան հորինում, ստում էի (հաճախ անհաջող)` հետ չմնալու համար, բայց էդ օրն էդպես էլ չսիրեցի: Ինձ թվում էր` բոլորն իրականում ստախոս են, պաշտում են ստելը, հաճույք են ստանում ուրիշներին խաբելուց, բայց այդ մասին արտահայտվում են միայն ապրիլի մեկին:

Համատարած ստի ու հրճվանքի մթնոլորտը շարունակվում ա նաեւ այսօր: Այն լրատվամիջոցները, որոնք միշտ ստել են գաղտնի, այսօր չկարողացան զսպել իրենց: Կեսգիշերից հետո մրցույթ է լրատվամիջոցների միջեւ, թե “ով այնպիսի սուտ կասի”, որ ավելի շատ քլիք ու լայք հավաքի: Ուղղակի դժվար թե խմբագիրներն իրենց “թագավորության կեսը” տան: Նրանք շատ-շատ հրճվող ուսուցչի դերում են:

Կուզեմ, որ ամեն օր ապրիլի մեկ լինի, միայն թե բոլոր ստախոս լրատվամիջոցներն իրենց սուտ լուրերի տակ էդքան պատրաստակամորեն գրեն միակ ճշմարտությունը. “Ապրիլմեկյան կատակ – մենք խաբում ենք ձեզ”:

Հ.Գ. Իրականում, էնքան զզված եմ էս ստի ու հրճվանքի մթնոլորտից, որ հավես չարեցի մի նորմալ գրեմ: Ու թույլ շարադրված միտքս կհասկանան նրանք, ովքեր դեռ մանկուց չեն սիրել ապրիլմեկյան հրճվանքներն ու կատակները:

Ցինիկները

Tuesday, February 5th, 2013
Մեկ-մեկ երբ զգում եմ` հոգնելուց արդեն հոգնել եմ, հենց էդ ժամանակ ա, որ ինձ օգնության են գալիս ԿԳ նախարար Աշոտյանի ստատուսները: Օրհնվեր էն սհաթը, որ ես քեզ անդամագրվեցի ֆեյսբուքում, Աշոտյան, լուրջ ապրես: Թքած, որ էնքան վատ նախարար ես, որ ԵՊՀ բակալավրիս կոչումը եվրոպական ու նույնիսկ Նոր Զելանդիայի կրթական հանձնաժողովները համարում են “ՈՉԻՆՉ”, թքած, որ էնքան լավ նախարար ես, որ ամբողջ օրը ստատուս ես դնում, թե նախագահի թեկնածուները դպրոց ու բուհ չեն մտնելու, բայց դրա փոխարեն մանկավարժ մորս ստիպում են ընտրել քո թեկնածուին, թքած… բայց քո էդ ստատուսների համար նույնիսկ արժի համակրել քեզ :ՃՃՃ
Ու թքած, որ էս միջավայրում ու էս երկրում ամեն ինչ էնքան ոռի ա, որ դիմադիր, ընդիմադիր, դրանց միջադիր..սաղ նույն բանն են դարձել:
Ներքեւում ներառում եմ Աշոտյանի ստատուսը` քոմենթներով հանդերձ, որպեսզի հասկանաք, թե ինչն ինձ էս օրով էսքան բացեց :D

միտք

Monday, February 4th, 2013

by Tim Nyberg

Էսօր միտքս հնարավորինս շատ կեղտոտվեց. ինքնապաշտպանություն էր: Երբ աղբանոցում երկար ես մնում, բնականորեն հոտը քեզ էլ է կպնում, որ չխեղդվես: Հետո սկսում ես քո վրայի հոտն էլ չզգալ, առավել սուր հոտերի կարիք ես ունենում ու ինքնապաշտպանվում: Երբեք էլ չեմ կարողացել այլաբանորեն խոսել: Ստիպված պիտի մի պատմություն հորինեմ, որ հասկանաք` ասածս ինչ է:

..մի քիչ մտածելուց հետո հասկանում եմ, որ հորինել էլ չեմ կարողանում:

Էփո ձյաձյան թող չգա

Sunday, January 27th, 2013

Հեղ` Փառանձեմ Հովհաննիսյան

Առաջին օրը եկավ Էփո ձյաձյան՝ Անուշ տոտայի ձեռքը բռնած, էնքան նման էր ինձ՝ մամաս ձեռքս բռնած մանկապարտեզ տանելուց, իսկ որ ճիշտն ասեմ սկի չեմ հիշում, թե մամաս ոնց էր ինձ մանկապարտեզ տանում… Էփո ձյաձյան, ինքը լուռ էր, լուռ շուրջը նստած բոլորի պես, հինգ, տասը րոպե նստեց, վեր կացավ, արդեն ինքը բռնեց Անուշ տոտայի ձեռքը, ուժ չունեցող տղամարդու հայացքով, որ սովորաբար ունենում են սերիալների բանտում հայտնվածները, կնոջը հուշեց, որ լավ կլինի գնան, հետո ոտքից գլուխ չափեց եկած տեղը, հաստատ մտքում ասաց՝ վաղն էլ կգամ… Մտքում խոսքի տերն էր. Վաղը էլի եկավ, առանց կնոջ եկավ, դժվար կնոջ բացակայության պատճառով ներս չմտավ, ուղղակի չմտավ, դրսում կանգնեց մինչև բոլորը դուրս եկան, էդ բոլորը ոնց որ Էփո ձյաձյայի աչքի գրողները լինեին, ամենալուռը ինքն էր, սուս ու փուս եկավ մինչև բարձր էդ թումբը, հետո իջավ բոլորի պես, երեկվա պես նայեց, նայեց, մի պահ մտքում ասաց՝ վաղը էլի կգամ, հետո մտափոխվեց շատ արագ, ասաց՝ էլ երբեք չեմ գա, չես տեսնի ինձ երբեք: Ես լինեի իրա փոխարեն մտքիս կստիպեի, որ ասեր՝ ես քեզ երբեք չեմ տեսնի, իսկ դու ոնց էլ լինի մի տեղից կտեսնես ինձ: Մի բան համոզում էր հավատալ՝ Էփո ձյաձյան վաղն էլ կգա, թող գա, թեկուզ լինի լուռ, թեկուզ կնոջ ձեռքը բռնի ու տասը րոպեից գնա, բայց գա…

(more…)

Ես ընտրում եմ ձեզ, տաքսիստներ

Thursday, January 24th, 2013

- Եկեք էս թունելի մեջով էլ անցնենք, հետո տաքսի կնստենք,- ես:

- Չէ, վտանգավոր ա,- Սեմ:

- …,- Հրանտ:

- Ես գնամ, կանցնեմ թունելը, էն մյուս կողմում կսպասեմ ձեզ,- ես:

- Անի, Անի…,- Սեմ ու Հրանտ:

Շրջվում, տեսնում եմ` արդեն տաքսի են բռնել: Վարորդին ափսոսալով հետ եմ գնում, որովհետեւ կարծում ա` հազիվ ուղեւոր ա գտել: Նստում եմ տաքսի նրանց հետ ու անցնում ենք թունելով:

- Եթե ես անցնեի էս թունելով, իմ համար աջ քաշած, կարո՞ղ ա խփեիք, գցեիք,- ես:

- Չհասկացա հարցը,- տաքսիստ:

- Ասում եմ` եթե էս թունելով անցնեի, քայլելով, իմ համար աջ քաշած, ինձ կխփեի՞ք, կգցեիք:

(more…)

Մեր կողմնակիցները միայն մենք էինք

Sunday, January 13th, 2013

Ֆրանսուհի ընկերոջս հետ համերգի էինք Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Մենք միասին զուգարան մտնելու սովորություն ունեինք: Երբ զուգարանակոնքից օգտվելու իմ հերթն էր, ընկերուհիս քչփորում էր համերգասրահի զուգարանի դարակները: Կլինկորից վարագույրի հետեւում համերգասրահի աշխատակիցները Բաբաջանյանի մեծ պաստառն էին թաքցրել:

- Եթե էս պաստառը գողանաս ինձ համար, շնորհակալ կլինեմ,- ասացի ֆրանսուհուն:

Նայեց չափերին, հետո զուգարանի դռանը, հետո պատուհանին.

- Դռնից չենք կարող, պատուհանից եթե ներքեւ գցենք, կվնասվի,- ասաց:

(more…)