Archive for the ‘մի բան’ Category

Անտոնին

Tuesday, December 11th, 2012

Իմ սիրելի Վիվիի հետ ամեն ուրբաթ նստում էինք Էլեկտրինայ-Վիլնյուս գնացող ավտոբուսն ու ուղեւորվում ուրբաթ-երեկոների գիրկը: Գիշերը չորսից հետո Վիլնյուսն իսկը մեր տեղն էր դառնում: Հաուս երաժշտության դմբդմբոցը, ռոքի ճղճղոցն ու ռոքնռոլի ոլորապտույտները մեզ մի փաբից մյուս բարն էին նետում: Այդ ժամանակ էր, երբ ծանոթանում էինք եվրոպայի լավագույն համալսարանների պրոֆեսորների հետ, մի սեղանից մյուսը տեղափոխվում, խմում հետները, գոռում “Cheeeers” ու դուրս գալիս ծխելու, խոսելու ու հռհռալու: Այդ ժամանակ էր, երբ քմահաճ եվրոպայում կամավոր լինես, թե պրոֆեսոր, կարեւորը լավ պարելն է:

Միակ վատ բանը սիգարետի վերջանալն էր. գիշերվա կեսին, երբ բացի շան պես խմողներից այլեւս ոչ ոք փողոցներում չէր մնում, որեւէ բաց խանութ էլ չկար, սիգարետի վերջանալն ամենահիմար բանն էր, որ կարող էր կատարվել:

(more…)

Գուրգեն պապին

Saturday, November 3rd, 2012

Մեր բակում բոլորն իրենց ծառերը ցանկապատել ու ձյութել էին, որ պտուղները չգողանանք: Ցանկապատները մեզ համար ոչինչ էին. երեկոյան 8-ից հետո, դուրս էինք գալիս «աբլավի»: Ծառ չէր մնում, որ չթալանեինք, իսկ բռնվելիս` հրոսակախմբի պես այս ու այն կողմ էինք փախչում: Պատահում էր, որ թալան էի կազմակերպում հենց մեր ծառերի վրա: Քանի որ ծնողներս արդեն ինտերնետ ունեն ու կարդալու են գրածս, երեւի կներեն ինձ:) Ես սիրում էի հանցագործություններ անել. միշտ կանգնում էի մաֆիայի գլխին: Հեշտ բան չէր. ծեծն ու ամոթանքը միշտ ես էի ուտում: Տանը հանգիստ էի. ոչ իմ տարիքի, ոչ էլ իմ խելքի մարդ կար, որ ինքնարտահայտվեի: Իսկ այ փողոցում` իմ սիրելի հրոսակախումբը…

Մի ծառ կար, որին երբեք չէինք դիպչում եւ մի տուն կար, որի դարպասին քարերով չէինք խփում…իմ սիրելի Գուրգեն պապի: Նա ապրում էր հիվանդ ու ծեր կնոջ հետ, ունեցած-չունեցածը մի տանձի ծառ էր, որի կողքին երբեք էլ ցանկապատ չքաշեց: Իսկ մենք երբեք էլ այդ ծառի բերքը չգողացանք: Գուրգեն պապին մի ավտոտնակ էլ ուներ, որտեղից ամեն օր անդադար դըխկ ու չըխկի ձայն էր գալիս: Սիսիանցիների տներում դեռեւս Գուրգեն պապիի սարքած վառարաններն ու դույլերը կան: Երբ հոգնում էր իր ժեշտերի ձայնից, դուրս էր գալիս, հենվում էր փայտե բարձր սեղանին ու հետեւում մեր խաղին:

(more…)

Կադրը

Wednesday, October 17th, 2012

Էսօր հեռուստալրագրության դասի հանձնարարություններից մեկը մեկ կադր, մեկ րոպե նկարելն էր: Ես ու Արմինեն թեւներիս տակ առանք շտատիվն ու տեսախցիկը, մեկնեցինք կադրի հետեւից: Ահա կադրը`

Ցավալին այն էր, որ մենք էլ ամեն օր անցնում էինք երեխայի մոտով, բայց նրան նկատեցինք միայն այն ժամանակ, երբ մեզ “կադր” էր պետք…

Կադրը` Արմինե Ավետիսյանի եւ Անի Հովհաննիսյանի

Ճանապարհից

Wednesday, August 15th, 2012
Եկել եմ Ստամբուլ՝ պրակտիկայի։ Համալսարանը, որ ինձ ուղարկել է, պահանջում է պրակտիկայի յուրաքանչյուր օրը բլոգում գրառել։ Չեմ սիրում էդ տեսակ աննորմալ պահանջներ ու որոշել էի չբավարարել, բայց էսօր մի բան ունեմ գրելու։
Թբիլիսի-Ստամբուլ ավտոբուսի իմ տեղը պատուհանի մոտ չէր, բայց ես դրանից շատ չէի էլ ազդվել, մինչեւ մի կին եկավ, կանգնեց կողքիս ու թուրքերենով խնդրեց, որ ես պատուհանի մոտ նստեմ, իսկ ինքը՝ իմ տեղում։ Սկզբում չհասկացա՝ ինչ է ասում, հետո ռուսերենով ասաց ու միեւնույն ժամանակ հարցրեց, թե որտեղից եմ։ Պատասխանեցի՝ հայ եմ ու քաշվեցի պատուհանի կողմ։
- Իյա, բա ավելի լավ, այ բալա։
- Դուք է՞լ եք հայ,- ես։
- Չէ, ես Թիֆլիսի ադրբեջանցի եմ։
- Բա հայերեն եք խոսում։
- Հա, բա գիտեմ, սովորել եմ։ Երկու հայ հարեւան ունեմ։
24 ժամ տեւած ճանապարհն անցա ադրբեջանուհի Սեդայի հետ, ով Թուրքիա էր մեկնում “ապրանք բերելու”։ Նա առեւտուր է անում Թբիլիսիի ամենամեծ՝ “Լիլո” կոչվող շուկայում։
Սեդան կոպիտ կին էր, բայց նման չէր մյուսներին․ ուներ իր հստակ սկզբունքները ու պատրաստ էր մարտնչել բոլորի դեմ, ով դեմ կգնար դրանց։ Ես նրան սիրեցի, մի տեսակ մայրական հոգատարություն էլ ուներ։ Ճանապարհին ինձ մի քանի թուրքերեն թիվ սովորեցրեց, որ հանկարծ տաքսիստները չխաբեն եւ այլն․․ հա, կոնֆետներ էլ էր տալիս, մեկ-մեկ էլ գիշերը քնած ժամանակ ծածկում էր․ զգում էր՝ մրսում եմ։
Տեղ հասնելուն պես՝ ես Սեդային մոռացա, նա՝ ինձ․ յուրաքանչյուրս սկսեց իր գլխի ճարը տեսնել ավտոկայանից տուն հասնելու համար։ Սիրում եմ կարճաժամկետ հարազատներ ունենալ։
Հ․Գ․ Ստամբուլի մասին դեռեւս գրել չեմ կարող։

Վկայություն՝ “Փակ շուկայի” սպանության գործով

Monday, May 28th, 2012
Անցած ամռանը ծանոթներիցս մեկն ասաց․ “Անի, ժուռնալիստ ես, կիմանաս, էդ Փակ շուկան Երեւան սիթի՞ են դարձնում”։ Պատասխանեցի, որ չգիտեմ, իսկ ինքը ո՞րտեղից է լսել դրա մասին։ “Մորաքրոջս աղջիկը Պրոսպեկտի էն փոքր “Սիթիում” էր աշխատում, էդ “Սիթին” փակել են, իրենց էլ գործից հանել, ասել են սպասեք՝ հեսա Փակ շուկայի տեղը մեեեծ “Սիթի” ենք սարքելու, նորից գործի ընդունենք ձեզ երկու տարուց”,-պատասխանեց ծանոթս։
Այդ ժամանակ դեռ Ծառուկյան-Ալեքսանյան գործարքի մասին որեւէ խոսակցություն չկար։ Ներքին բնազդով միանգամից հավատացի ծանոթուհուս խոսքերին ու գնացի Փակ շուկա։ Շուկայի առեւտրականները հաստատեցին․ “Հա, Սամվել Ալեքսանյանն ա գնել շուկան, մեր նոր շեֆն էլ եկել-ասել ա, որ հունվարի մեկից պետք ա դուրս գանք, շինարարություն են սկսելու, շուկան վերանորոգելու են ու նորից մեզ հետ կանչեն”,- ասում էր առեւտրականներից մեկը, ում ձայնագրությունը մինչ այժմ ունեմ հեռախոսիս մեջ։

Ես վախենում եմ հեռանալ Երեւանից

Friday, May 18th, 2012
Ամերիկացի Բենը, որ երկու տարի ապրել է իմ ծննդավայր Սիսիանում՝ որպես կամավոր, երկու օր առաջ հյուրընկալվեց Թբիլիսիի ուսանողական մեր բնակարանում։ Բենը խոսում է հայերեն, երբեմն նաեւ փորձում արտահայտվել Սիսիանի բարբառով։ Ես պատկերացնում եմ, թե որքան դժվար է անցել կամավորության իր երկու տարին իմ հայրենիքում, քանի որ այնտեղ կամավոր լինելու գաղափարը դեռեւս մինչեւ վերջ չի ընկալվում։ Մարդիկ կարծում են, թե կամավորները մեծ գումարներ են ստանում՝ Ամերիկայից Սիսիան տեղափոխվելու համար։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե ոչ, դա իրականում բարի կամքի դրսեւորում է եւ այլն, ոչ։

Ինքս ապրել եմ կամավորի կյանքով․ իրականում, պարապությունը կամ դեռեւս կողմնորոշված չլինելն է երիտասարդին դրդում կամավոր լինել մեկ այլ երկրում։ Բենն այնքան էլ երիտասարդ չի թվում, բայց խոստովանեց, որ անընդհատ փորձում է ստեղծածին մարտահրավերների դիմակայել, խնդիրների առջեւ կանգնել, ինչն ԱՄՆ-ում իրեն չի տրվում, իսկ Հայաստանում՝ որքան ուզես։

Բենը կիթառ է նվագում։ Մոտ մեկ ամիս առաջ նա Երեւանի փաբերից մեկում համերգ է տվել, ստացված հասույթով գրքեր է գնելու Սիսիանի գրադարանի համար։ Նա դա պատմում է մեծ ոգեւորությամբ եւ մեծ հույսով, որ սիսիանցի երեխաները կսկսեն գիրք կարդալ․ նա ուզում է տեսնել իր արածի արդյունքը․ ինձ շատ ծանոթ զգացում է, մանավանդ երեխաների հետ աշխատելու ժամանակ։

(more…)

դրվագ

Saturday, November 26th, 2011

Փոշոտ հայացքներից, խոսակցություններից, զգացմուքներից, գարեջրի բույրից ու փոշիացած արժեքներից զզված` տուն ընկա: Ուրցի թեյ. հա, ուրցը դեռ մանկուց մոտիկ ընկերս է եղել: Չգիտեմ` էս մասին ինչու եմ գրում ու ձեզ բան ունե՞մ ասելու ընդհանրապես, ուղղակի, գրում եմ: Ձեր տեղը լինեի, չէի կարդա, քանի որ վաղը մեկա պետք ա արթնանաք ու նորից նույն փոշու մեջ մխրճվեք էլի: Բայց դե, հազարից մեկ փոշիներն արժե սրբել: Եւ այսպես, ձեռքս եմ վերցնում փոշու շորն ու…

Էս երկրում կամ մարդկության մեջ ընդհանրապես, ամեն մեկն իր տեղում անազնիվ ա, նենգ ու մարմնավաճառ: Բացառությունների մասին չեմ խոսում. իրենք իրենց մասին լսելու կարիք չունեն: Ում մասին որ խոսում եմ, միգուցե լսեն, չհասկանան էլ, որ իրենց մասին է խոսքը, բայց ոչինչ..

Ես ժուռնալիստ եմ, ճի՞շտ է, գոնե մի երկու բան գրել եմ: Զզվում եմ էս ժուռնալիստների հետ երկու բառ խոսելուց: Իրենք իրենցից ոգեւորված մեկ քրֆում են Լեւոնին, քանի որ Սերժի համար են աշխատում, մեկ` հակառակը: Վերջերս էլ պատահում ա, որ քրֆում են երկուսին էլ, քանի որ Քոչարյանի փողերով են իրենց աշխատավարձ տալիս… Էլ չեմ խոսում լրատվական դաշտի մոնոպոլիայի մասին. Միշիկը որքան էլ խելացի լիներ, էդ մոնոպոլիան ստեղծել չէր կարող, եթե յուրաքանչյուր ժուռնալիստ իր տեղում արժանապատվություն ցուցաբերեր: Բայց դե ավելորդ ա բարձր գաղափարներից խոսել…

Այլընտրանքային ժուռնալիստներ կան է, գիտե՞ք ովքեր են, էն որ իր տնեցիք հպարտանում են, որ իրենց տղան դեպուտատների հետ ա տալիս-առնում: Դեպուտատներն իրենց տղային զանգում են` խնդրանքով ու չեն մերժվում: Կամ ասենք իրենց տղան հաց ա ուտում դեպուտատների հետ, եթե բախտը բերել ա: Էն, որ խմբագրի աչքը մտնելու համար մի հատ նենց «բոմբ» նյութ են գրում, որ հաջորդ օրը դեպուտատ ձյաձյաները նոր համակարգիչներ կամ լուսանկարչական սարքեր գնեն  խմբագրության համար: Էդ խմբագրության համար, ընդհանրապես, լավագույն ժուռնալիստը նա ա համարվում, ով ավելի շատ ֆոտոապարատ կամ համակարգիչ կպոկի դեպուտատ ձյաձյաներից: Ու էդ խմբագրությունները քիչ չեն է. մեկը չի, երկուսը չի..

(more…)

Մենք այլեւս չխոսեցինք ցեղասպանությունից

Friday, October 21st, 2011

Այսօր իմացա, որ Զեհրան ամուսնանում է… հուզվեցի:

Գիշերվա ժամը երկուսն էր, ղեկավարս Զեհրային բերեց մեր տուն: Եվրոպական ձեւերով բարեւեցինք, բայց արեւելյան ազգերին բնորոշ ջերմությամբ  թեյեցինք ու խոսեցինք ողջ գիշեր:  Թուրքի նկատմամբ կոմպլեքս ունեի:  Թուրք տեսել էի, շփվել էի, խմել էի հետը, բայց ապրե՞լ…այս միտքն ինձ նույնիսկ գիշերները հանգիստ չէր տալիս:  Մինչ Զեհրայի գալը ես հպարտությամբ դարակներից հանել էի բոլոր հայկական հուշանվերները ու տարածել տնով: Սենյակիս դռան բռնակից  էլ հայկական դրոշ էի կապել:

(more…)

հիմարություն

Friday, October 14th, 2011

Սպարտիվկայով էր, հեռախոսը ձեռքին.  պիտի ցատկեր կամրջից: Մի ստից բան էր պատահել երեւի: Ամբողջ աշխարհը գլխին էր փլվել:

Կամրջի եզրային ճաղերին հենված էր, մեկ էլ հետ եկավ, թափ հավաքեց ու վազեց թռչելու… 113 համարի գազելն արագ անցավ, ներսից չհասցրի տեսնել` թռչեց նա, թեչէ: Պատուհանից ամեն կերպ փորձում էի հասկանալ` ի վերջո թռե՞լ է, թե՞ չէ:

Երբ գազելն արդեն կոնյակի գործարանի մոտ էր, հետո գլխի ընկա, որ ալարել եմ կանգնեցնել, իջնել, միգուցե փրկեի… բա որ թռած լիներ: Մեկ էլ հիշեցի, որ հետեւիս նստած տղան էլ էր ուշադիր հետեւում` թռնում է, թե չէ: Իմ հիմար դատողությամբ հետեւիս տղան ինձ հանցակից էր էլի…

Ամբողջ ճանապարհին աղաչում էի չգիտեմ ում, որ գամ տուն, լուրերը նայեմ ու գագիկ շամշյանը հայտնած չլինի, որ Հրազդանի կիրճում դիակ կա… դեռ չի հայտնել, բայց հիմա ինձ արդեն չի էլ հետաքրքրում` թռել ա, թե չէ, այլ այն, որ ես անտարբեր եմ:

Ես չապրող հասարակության անդամ եմ: Երթուղայինում իմ դիմաց նստած աղջկա պես, որ ծիգռովի չալման կապել էր գլխին, սվարովսկի քարերով հեռախոսով խոսում էր ընգերոջ հետ ու ասում. <մեկն իրան ուզում էր մոստից քցեր աչքիս>: Ու մնացած անտարբեր, անկյանք ուղեւորների նման, որ իրար էին նայում. ուզում էին ասել <ամեն մեկս հազար դարդ ունի, հո չէինք կանգնելու>: Դիմացս կռացած տղամարդու նման, որ ալարել էր լողանալ. ուր մնաց մեկի կյանքով հետաքրքրված լիներ… ես այդ անկյանքերից մեկն էի… ափսոս

Հ.Գ. իսկ երբ 10 տարի ազատազրկման ենթարկվածին վիլիսով տարան դեպի անհուն միայնություն, ես լացեցի..

«Կարո՞ղ է դուք իմանաք` որտեղ է Քադաֆին»

Thursday, October 6th, 2011

Էլի ուշացա: Պայուսակս եմ լցնում այն ամենը, ինչն այդ պահին ընկնում է աչքիս, մտքումս ինչ ասես ասում եմ Մարկ Ցուկենբերգին ֆեյսբուք հիվանդությամբ բոլորիս վարակելու համար, ու ինձ դուրս եմ նետում տանից…

Կանգառում…

Էս 64-ը, ժողովուրդ ջան, գալիս է 15 րոպեն մեկ: Մեր բախտն էլ էդպես է բերել: Գոնե մի ալտերնատիվ միկրոավտոբուս էլ լիներ, թե չէ ես ինձ արդեն կանգառի սյուն եմ զգում կամ էլ լուսացույց:

Հիմա ինչ, գալո՞ւ ես 64 ջան: Ըհն, եկավ… էնպես էլ նազանքով ու դանդաղ է գալիս, ոնց որ բալետ պարի: Վերջապես…ինձ ներս եմ գցում ու ինչպես միշտ` ուժս չի հերիքում, որ դուռը փակեմ…մունաթախառը նկատողություն վարորդի կողմից, թե դուռը չի փակվել:  Ինչքան ուժ ունեմ գործադրում եմ. դուռը արդեն փակ է, բայց վարորդն էլի դժգոհ է, փաստորեն հիմա էլ դուռը ջարդելու գործով էի զբաղված: (more…)