Archive for the ‘պատմություններ’ Category

կոկայինն ու համալսարանը

Monday, August 15th, 2016

14002327_10154286560320549_706342498_o

Լուսանկարը՝ Նոր Օռլեանում, կապ չունի ներքևի տեքստի հետ

Ես ընդհանրապես սկսում եմ հարմարվել, ծանոթանալ ու ընտելանալ նոր քաղաքին՝ դրա գիշերային կյանքին մասնակցելուց հետո միայն։ Համալսարանական այս քաղաքում՝ Մորգանթաունում, ամեն շաբաթ-կիրակի անվճար ուտելիք, ըմպելիքներ են հյուրասիրում ուսանողների միավորման շենքում։ Բոլորը՝ հատկապես նորեկ առաջին կուրսեցիները (այստեղ նրանց անվանում են freshmen), լցվում են փողոցները, հերթ են կանգնում ուտելիքի համար, սնվում են, որից հետո բարձրանում են դեպի բլրի վրա գտնվող ակումբներ տանող նեղլիկ փողոցը։ Բարձրանալը հեշտ է, իսկ այ իջնելը․․․

Աղջնակներն այդ օրերին (ի դեպ՝ ԱՄՆ-ն բազմազանության երկիր է, բայց չգիտես ինչու՝ այս քաղաքում ակումբներ գնում են հիմնականում շեկլիկ ու սիրունիկ ամերիկացիները) հագնում են ամենաբարձր կրունկ ունեցող կոշիկները, ամենանեղ շրջազգեստն ու տոպը։ Եթե կեսգիշերից հետո բլրի ներքևում կանգնես, ականատես կլինես բազմաթիվ շեկլիկների՝ միմյանց հետևից գլորվելուն։

Այս աղջիկներից շատերն առաջին անգամ են ալկոհոլն ու թմրանյութը խառնում իրար։ Նրանք գլորվում են, գլորվում, բայց կարծես մարմինը ցավ չի զգում։ Ընդհանրապես, երբ մարդն ընկնում է, ոչ միայն ֆիզիկական ցավ է զգում, այլ հոգեկան կարճաժամկետ ընկճվածություն, որ չկարողացավ կառավարել սեփական մարմինը։ Շեկլիկների դեմքին որևէ արտահայտություն չի առաջանում, երբ գլորվում են, հետո հազիվ կանգնում, հետո նորից գլորվում։ Նրանք միայն ծղրտում են։ Ես անչափ զարմացել էի, որ մարդը կարող է 7 անգամ ընկնել ու ոչինչ չզգալ։ Թմրանյութն այստեղ շատ սովորական սպառվող ապրանքներից է։

ԱՄՆ-ի համալսարաններում սովորելը բավականին թանկ հաճույք է։ Այս շեկլիկների ծնողները մեծ ներդրումներ են արել նրանց վրա։ Միսիսիպիի պետական համալսարանի դասախոսներից մեկն ասում էր, որ մինչև հիմա իր ուսանողական վարկն է մարում, և դեռ իր երեխաներն էլ պիտի շարունակեն։

Շեկլիկները կիրակի պիտի լավացնեն վերքերը, որ երկուշաբթի դիմագրավեն դասերի ծանրությանը։ Նրանք անհամբեր պիտի սպասեն շաբաթ օրվան՝ գլորվելու հույսով։

Հ․Գ․ Ինձնից․ ես այստեղ կարոտում եմ մարդկանց գրկելը։ Նախկինում էլ զգացել եմ նման բան։ Ինձ համար գրկախառնությունը կարևոր է, ինչը բացարձակապես բացակայում է այստեղ։ Լավ մարդիկ կան արդեն շուրջս, նրանց մասին կպատմեմ ավելի ուշ։ Գժեր են մի քիչ։

Հարմարվե՞լ ես․ հարցի պատասխանն այստեղ

Friday, August 12th, 2016

13988706_10154278354985549_508415472_n

Սարդը նորից եկավ։ Եթե հիշում եք, Սարդը Հետքի բլոգն է, որ ստեղծել էի 2009-ին, շատ ակտիվ գրում էի 2010-ին՝ 6 տարի առաջ, երբ Հայաստանից հեռու էի՝ Լիտվայում։ Հիմա նորից Հայաստանից հեռու եմ․ մոտ մեկ տարով կսովորեմ ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիայի համալսարանում։ Մի տարի կտանեմ գլուխներդ, եթե շատ զբաղված չլինեմ դասերով։

Պարզվում է, որ ես մշտապես մարդկանց կարիք ունեմ։ Մոտ մի շաբաթ մենակ մնալուց հետո հասկացա։ Նախկինում գիտեի, թե մենակ մնալ սիրում եմ, բայց հիմա պարզեցի, որ չէ․ մարդկանց հետ շփումները, հարաբերությունները, կապերը, կապերի խզումը ու, հատկապես, կռիվները շատ եմ սիրում։ Մենակության թեմայով գլուխներդ շատ չեմ տանի կարծում եմ, շուտով կփոխվի իրավիճակը։

Ի դեպ՝ ԱՄՆ-ում մարդկանց լավագույն ընկերը հեռուստացույցը և տապակած հավը կարծես լինի։ Եթե կա ազատ ժամանակ, ապա կարելի է հավ տապակել, նստել մոնիտորի առաջ ու Netflix նայել։ Իհարկե, ես դեռ երկու նահանգում եմ եղել, բայց փոքր քաղաքներում տեսածս դա էր։

Լավ, քանի որ արդեն մեծացել եմ՝ համեմատած 2010-ի, հնարավոր է՝ գրածներիս մեջ ավելի համակարգվածություն նկատվի, ինչը լավ է։ Կամ հակառակը ։Դ Լավ։

Մինչ Արևմտյան Վիրջինիա գալս, 3 շաբաթ Միսիսիպիի պետական համալսարանում նախապատրաստական կուրս էի անցնում՝ ԱՄՆ ուսումնական համակարգի, օրենքների, մշակութային նրբությունների ու լեզվի վերաբերյալ։ Բոլոր միջազգային (ամերիկացիք foreign student բառը փոխարինել են international student-ով՝ առավել հանդուրժողական լինելու համար) ուսանողներն անցնում են նախապատրաստական կուրսը, քանի որ մենք տեղյակ չենք կամ գոնե լուրջ չենք վերաբերում որոշ օրենքների, որոնք այստեղ ճակատագրական դեր ունեն։ Մի քանի օրենք կթվարկեմ, որոնք շատ հավանում եմ, սովորում եմ պահպանել ու պատրաստվում եմ կիրառել ապագայում։

Օրենք 1․ ակադեմիական ազնվություն։ ԱՄՆ համալսարանները կարող են ուսանողին առանց քննարկելու հեռացնել դասերից՝ ակադեմիական ազնվությունը չպահպանելու համար։ Ուսանողն իրավունք չունի արտագրել, գրագողությամբ զբաղվել կամ յուրացնել և որպես սեփականը ներկայացնելը ուրիշի միտքը, գաղափարը։ Նույնիսկ որոշ դասեր արգելում են խմբային աշխատանքը։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր գաղափար հնարավորություն ունի դառնալու մեծ գումար, իսկ գաղափարի գողությունը՝ մեծ գումարի գողությունից առավել դատապարտելի է։ Կարծում եմ՝ չինացիների գործոնն այստեղ մի քիչ խտացրել է գույները ։Ճ

kris

Քրիսը՝ մեր դասախոսը նախորդ երեք շաբաթում, մոտ 30 տարեկան կլինի։ Նա միշտ լսարան մտնում էր աննկատ ու աննկատ դուրս գալիս։ Մշտապես խոսում էր միայն դասից, ինչն ինձ շատ էր ոգևորում։ Երբ մեզ բացատրում էր ակադեմիական ազնվության կարևորությունը, շատ կարևոր օրինակ բերեց․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կուրսընկերն, ով անընդհատ արտագրել է, մի օր դառնա ձեր երեխայի բժիշկը։ Կամ պատկերացնո՞ւմ եք, եթե Նյու Յորքի ճարտարապետները սովորելիս արտագրեին այլոց նախագծերը, նրանց սարքած բոլոր շենքերը կփլվեին մի օր։ Ուրեմն, եթե չենք ուզում, որ մեր երեխայի կյանքին վտանգ սպառնա կամ շենքը, որտեղ ապրում ենք, փլվի, պիտի պահպանենք և ստիպենք մյուսներին պահպանել ակադեմիական ազնվությունը»,- ասում էր Քրիսը։

Այդ ընթացքում ես հատ-հատ հիշում էի Երևանի պետական համալսարանում գործածս սխալները։ Այն գրքերը, որոնք չէի կարդացել ու ինձ պատմում էին ընկերներս, որ պատասխանեմ քննությանը։ Հիշում էի, որ բազմաթիվ անգամներ ինքս «լավություն» եմ արել՝ թույլ տալով ինձնից գրագողել ուսումնական որոշ թեմաներ։ Այդ ժամանակ դրանք որպես չարաճճիություն էի դիտում, իսկ հիմա հասկանում եմ, որ սովորելն, իսկապես, շատ բարդ ու լուրջ որոշում է։ Սովորելուց հետո անձը դառնում է այդ երկրի ու հասարակության համար որոշում կայացնողներից մեկը, նա ամեն օր որոշում է իր մասնագիտության հետ առնչվողների ճակատագիրը։ Դուք էլ հիշեք մի քիչ ձեր մասին․․․ երևի մեր արարքներից ամեն մեկը մի մեծ շարժառիթ է դարձել Հայաստանի հետընթացի մեջ։ Սրան դեռ էլի եմ անդրադառնալու․ շատ եմ անդրադառնալու։

Օրենք 2․ չուշանալ։ ԱՄՆ-ի համալսարաններում ուշանալը վիրավորանք է, իսկ մարդուն վիրավորանք հասցնելը՝ ճակատագրական սխալ։ Այստեղ հստակ դասակարգված է․ դասից չուշանալը 10 րոպե առաջ լինելն է, դասից ուշանալը ժամանակին լինելը, իսկ դասից 10 րոպե հետո լինելը չի քննարկվում։ Սա դեռ տեսական գիտելիք է, պրակտիկայում կտեսնեմ, կմանրամասնեմ, բայց այն, որ պրոֆեսորը դասից 10 րոպե առաջ է լինում լսարանում, փաստ է։ Սահմանված է նաև, թե որքան կարելի է ուշանալ ընկերոջ հետ հանդիպումից․ 15 րոպե։ Դրանից առավել ուշանալու դեպքում՝ ընկերոջդ վիրավորանք ես հասցնում։ Իրենք ասում են․ «Քո ժամանակն ավելի թա՞նկ է, քան իմը»։

Դե, ինձ իմացողներն արդեն իմացան, թե ես ինչեր հիշեցի՝ ուշանալուս մասին։ Մի ընթացք կար, որ 1 ժամը նվազագույն ուշանալուս շեմն էր։ Նույնիսկ ընկերներիցս մեկի հետ լուրջ խոսակցություն ունեցանք այդ մասին։ Ես շատ վիրավորվել էի, որ ինձ պայմանավորված ժամանակից կես ժամ առաջ էին ասել։ Բայց թե սպասողները որքան են վիրավորվում, ես այդ մասին չէի մտածել։ Հետաքրքիր զուգահեռներ են հիմա գնում․ ես՝ 2010-ին և 2016-ին։ Առաջարկում եմ՝ դուք էլ հիշեք ուշանալու դեպքերը։ Միգուցե երբ երթուղայինն ուշանում է կամ ընդհանրապես չի գալիս, ինչ-որ կապ ունի այն բանի հետ, որ ամեն մեկս ուշանում ենք ու ուշացնում որևէ մեկին։

Օրենք 3․ լուծումներ գտնել։ ԱՄՆ-ում եթե կա խնդիր, ուրեմն կա լուծում։ Բոլոր ամերիկացիները, ում հանդիպել եմ այս շաբաթների ընթացքում, այս կենսակերպով են առաջնորդվում։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք սկսում արագ լուծումներ փնտրել, երբ որևէ՝ նույնիսկ ամենամանր, խնդիր է առաջանում։ Մինչդեռ Հայաստանում մենք դեռ կարծում ենք, թե խնդիրներին լուծումներ գտնելը մարդկային հատկանիշ է, չկա նման բան։ Մարդիկ լինում են այնպիսին, ինչպիսին  նրանց կրթում են։ Ամերիկայում մեծացող երեխան դեռ մանկապարտեզից գիտի, որ բոլոր խնդիրները լուծումներ ունեն։

Խնդիրներին լուծումներ գտնելու առումով՝ ես կրթվել եմ հորիցս ու մորիցս, նաև ինքնակրթվել եմ։

Մեզ թվում է, թե սրանք շատ պրիմիտիվ բաներ են, բայց ոչ։ ԱՄՆ-ի համալսարաններում ուսանողին նախ սովորեցնում են պրիմիտիվ հատկանիշներ, որոնք շատ կարևոր են որոշում կայացնող մասնագետ դառնալու համար։ Դեռևս մանկապարտեզից մինչ դոկտորական թեզը նման պրիմիտիվ, բայց կարևոր գիտելիքներն անընդհատ հաստատվում են ապագա որոշում կայացնողի ուղեղում։ Այդ որոշում կայացնողներն էլ կարողանում են դարձնել իրենց երկիրը ամենահզորն ու բարեկեցիկը (աշխարհաքաղաքական նյուանսների մեջ պետք չէ խորանալ, քանի որ հիմքը պրիմիտիվ է)։

Մյուս օրենքների մասին հետո կպատմեմ։ Իսկ հնարավոր է՝ ավելի հետաքրքիր բաներ գտնեմ պատմելու։

Առաջին լուսանկարի վերաբերյալ․ ԱՄՆ-ն հայտնի է հանդուրժողականության և հավասարության կոչերով ու գործողություններով։ Փոքր քաղաքներում եթե ասում են, որ այսինչ տեղը 5 րոպե հեռավորությամբ է գտնվում, ի նկատի ունեն մեքենայով։ Նույնիսկ քայլելու համար նախատեսված մայթեր չկան։ Նրանց համար քայլող մարդիկ չկան։ 

Երազանքի նավը

Sunday, October 20th, 2013

Ինչ-որ տեղերում պատմություններ թողնելը մեզ հաճախ հուսադրում է: Կապիտան Մեհեկն այս անգամվա իմ պատմության հերոսն էր: Թուրքիայի հարավ-արեւելքում` Միջերկրականի ափին մի շրջան կա, որը հիմնականում բաղկացած է իջեւանատներից եւ փոքրիկ գյուղերից եւ կոչվում է Օլիմպոս: Մեհեկին բոլորն այստեղ կապիտան են անվանում: Ես նրան նկատել էի մինչ նավ բարձրանալը. ճկունությամբ տախտակամածից ցատկում էր նավի վրա եւ հակառակը, իսկ դեմքի մի քանի խորն ընդգծված կնճիռները փաստում էին ոչ հարթ կյանքի մասին: Բաց ծով դուրս գալուն պես` ոչ շատ ուժեղ ալեկոծություն սկսվեց: Մեհեկը շարունակում էր ցատկոտել նավի բոլոր կողմերն ու նախապատրաստել այն սպասվող ալեկոծությանը: Նա հաճույք էր ստանում ալիքների վայրիվերումներից, կոպիտ ձեռքերով բռնել էր ղեկն ու ասես խաղի մեջ մտել ծովի անհանգստության հետ:

Ինձ հանդիպած թուրքերից Մեհեկն առաջինն էր, ում հետ զգուշավորության զգացում չունեցա: Նա 35 տարեկան է, 14 տարեկանից նավաստի է եւ պահում է ողջ ընտանիքը: Հայրը 10 տարի բանտում է գտնվել, դուրս գալուց երկու տարի անց` մահացել.

(more…)

Մի երթեւեկության պատմություն

Friday, February 15th, 2013

by Ani Hovhannisyan

Հեղինակ` Աշոտ Վավյան
Փողոցն այնքան էր նեղ ու անհարմար, որ անհնար էր շրջանցել առջևի կանգնած ավտոմեքենան, որի վարորդը խոսում էր հեռախոսով և այս պահվածքով կարծես ուզում էր նաև ցույց տալ իր մեքենայի չափային ու գնային գերազանցությունը հետևինի նկատմամբ: Իսկ հնչող ազդանշանը հարմար առիթ էր նախքան շարժվելն իջնելու և ցուցադրելու արդեն սեփական մարմնի չափային ու քաշային առավելությունը…:
Մարդն իր փոքրիկ մեքենայով շարունակեց ճանապարը, թեև՝ անտրամադիր էր, և հենց այդ էր պատճառը, որ չնկատեց չգիտես որտեղից դեմ-դիմաց հայտնված սպիտակ շնիկին: Սակայն լավ էր, …մի կերպ արգելակեց: Իսկ շունն անտեր չէր, շուտով հայտնվեց բոլորին ծանոթ դեմքը, ում դեմքին էին սպասողական նայում իրեն ուղեկցող միմյանց շատ նման մարդիկ: Բայց դեմքն արդեն գոհունակ ժպտում էր՝ նայելով մեկ իր երեխային, մեկ՝ նրա գրկում փաղաքշվող կենդանուն: Նա արդեն որոշել էր հետաձգել օրվա գործերը և մտերիմների հետ ինչպես հարկն է նշել սիրելի շան փրկվելու իրադարձությունը:

Վկայություն՝ “Փակ շուկայի” սպանության գործով

Monday, May 28th, 2012
Անցած ամռանը ծանոթներիցս մեկն ասաց․ “Անի, ժուռնալիստ ես, կիմանաս, էդ Փակ շուկան Երեւան սիթի՞ են դարձնում”։ Պատասխանեցի, որ չգիտեմ, իսկ ինքը ո՞րտեղից է լսել դրա մասին։ “Մորաքրոջս աղջիկը Պրոսպեկտի էն փոքր “Սիթիում” էր աշխատում, էդ “Սիթին” փակել են, իրենց էլ գործից հանել, ասել են սպասեք՝ հեսա Փակ շուկայի տեղը մեեեծ “Սիթի” ենք սարքելու, նորից գործի ընդունենք ձեզ երկու տարուց”,-պատասխանեց ծանոթս։
Այդ ժամանակ դեռ Ծառուկյան-Ալեքսանյան գործարքի մասին որեւէ խոսակցություն չկար։ Ներքին բնազդով միանգամից հավատացի ծանոթուհուս խոսքերին ու գնացի Փակ շուկա։ Շուկայի առեւտրականները հաստատեցին․ “Հա, Սամվել Ալեքսանյանն ա գնել շուկան, մեր նոր շեֆն էլ եկել-ասել ա, որ հունվարի մեկից պետք ա դուրս գանք, շինարարություն են սկսելու, շուկան վերանորոգելու են ու նորից մեզ հետ կանչեն”,- ասում էր առեւտրականներից մեկը, ում ձայնագրությունը մինչ այժմ ունեմ հեռախոսիս մեջ։

Մենք այլեւս չխոսեցինք ցեղասպանությունից

Friday, October 21st, 2011

Այսօր իմացա, որ Զեհրան ամուսնանում է… հուզվեցի:

Գիշերվա ժամը երկուսն էր, ղեկավարս Զեհրային բերեց մեր տուն: Եվրոպական ձեւերով բարեւեցինք, բայց արեւելյան ազգերին բնորոշ ջերմությամբ  թեյեցինք ու խոսեցինք ողջ գիշեր:  Թուրքի նկատմամբ կոմպլեքս ունեի:  Թուրք տեսել էի, շփվել էի, խմել էի հետը, բայց ապրե՞լ…այս միտքն ինձ նույնիսկ գիշերները հանգիստ չէր տալիս:  Մինչ Զեհրայի գալը ես հպարտությամբ դարակներից հանել էի բոլոր հայկական հուշանվերները ու տարածել տնով: Սենյակիս դռան բռնակից  էլ հայկական դրոշ էի կապել:

(more…)

Ճանապարհ

Thursday, September 29th, 2011

Հեռախոսի զանգից արթնանում եմ:

-Բարև, էս չե՞ս գալիս դասի:

Նայում եմ ժամին 11:30 է.
- Ինչի, 14:30 չի՞ դասը:

- Չէ, այսօր երեքշաբթի է, 13:00-ին:

-Վաաայ…, լավ, գալիս եմ, սպասի’ր:

Նորից խառնել եմ դասաժամերը: Առհասարակ, ինչ դասերը մեկ ժամ ուշ են սկսվում , միշտ խառնում եմ. անցյալ անգամ էլ շուտ էի գնացել: Ասում են` մարդու օրգանիզմն իր ներքին ժամն ունի, որը չպետք է խախտել (ինչևէ, կրթության նախարարն այդ առաջարկն անելիս դա հաշվի չէր առել): Արագ-արագ հագնվում, պատրաստվում ու դուրս եմ գալիս: Ճանապարհին ինչ ասես չեմ ասում քաղաքապետին, որ երթուղայիները քաղաքի ծայրում են, այդքան հեռու են (հեռու մեր տնից): Այնքան եմ գնացել-եկել այս ճանապարհով, որ մտքերով եսիմ ուր եմ, իսկ ոտքերս արագ-արագ ինձ տանում են, ակամայից մտաբերում եմ սևակյան խոսքերը . «իսկ ոտքերիցս բարի բա~ն, չկա»…Եվ իրոք, ինչքան բարի են իմ ոտքերը, որ ներում են իմ քնկոտությունն ու ինձ այդպես արագ տանում են դեպի երթուղայինները: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ մարմնի ամեն մաս «ինքնիշխան» լիներ, ու ոտքերը ճամփի կեսին կանգնեին, ու ասեին` չենք գնու~մ…Այ պետությունն էլ պետք է լինի մեկ մարմնի պես, միասնական:

Ահա հասնում եմ: Ընկերունիս մի փոքր ջղայինացած հոնքերի տակից այնպես է ինձ նայում , ասես ուր որ է պիտի հարձակվի վրաս, բայց գիտեմ, չի զայրանա. սովոր է:

(more…)

Մեկ ուղի, հազար միտք

Wednesday, September 28th, 2011
Էէէէէէէէէհ, էլի ուշացա, բայց ոչ մի դեպքում երթուղային չեմ նստի: Դե լավ հա, …ի դասը չի՞. մի 15-20 րոպե էլ կուշանամ: Էս ականջակալներն ինչու են անընդհատ խճճվում: Նյարդայինանում եմ:
«Say one, more word, I double dare you (bring it on)
It’s my world, you’re in it, it’ll take you down in a minute…» … տեսնես մի օր C.O.B.-ը կգա՞ Հայաստան: Բայց, որ գա, երևի մի քանի հոգի կլինեն համերգին: Ինչ ծիծաղելի կլինի : Զարմանում եմ Նարինեի վրա. մարդ ինչպես կարող է Պարոնյան փողոցից համալսարան հասնելու համար երթուղային տաքսի նստել:
Փախստականների նյութը որ գրեմ, ահագին լուրջ գործ կանեմ: Եթե չեմ սխալվում Չարբախում փախստականների հանրակացարաններ կան: Այսինքն մի օր պետք է հանդիպեմ նրանցից մի քանիսի հետ: Սաթին էլ կասեմ, որ ֆոտոխցիկն ու կամերան հետը վերցնի, որ ինքն էլ նկարի: Իրանցիներն էլի լցվել եմ Հայաստան: Հիմա էլ Նովրուզ- Բայրամը չի. ինչ են ուզում իմ երկրից: Որ կողմ շրջվում ես, իրանցիներ են: Բայց շատ գեշ են է: Հաաաաաա, սրանք երևի ոչ թե պարսիկներ են, այլ Իրանում բնակվող ադրբեջանցիներ. դրանք արտաքինով շատ են տարբերվում: Այնպես են նայում, կարծես Իրանում նրանց երբեք բախտ չի վիճակվել աղջիկ տեսնելու: Էլի մոռացա գիրքս գրադարանին հանձնել:
Տեսնես մեկ ամիսը լրացե՞լ է, որ գիրքը ուշացնում եմ: Այս անգամ իրոք Իսահակյանի գրադարանից օգտվելու իրավունքից կզրկեն: Լավ, ոչինչ, քրոջս անունով գիրք կվերցնեմ: Ի՞նչ անեմ. Մետրո նստեմ, որ ավելի շուտ հասնեմ համալսարան, թե ոտքով շարունակեմ ճանապարհս: Մեկ է. երկու դեպքում էլ ուշանալու եմ: Ոտքով կգնամ: Այս մարդուն միշտ Թումանյան փողոցում տեսնում եմ: Երևի հենց այս շենքերից մեկում է ապրում:
(more…)

Սա հեչ էլ տափակ պատմություն չէր

Sunday, August 7th, 2011

Էսօր Լիլիթն ու ես նկարում էինք ամպերի վրա: Երբեք մտքովս չէր անցել, որ ամպերին նկարված իմ պատկերները մյուսներն էլ կարող են տեսնել: Ու եթե սա ինձ հետ պատահեր փոքր տարիքում, խորը կհիասթափվեի` մտածելով, որ փաստորեն ամպերը միայն իմը չեն: Մի տեսակ գոհ էինք անձրեւի գալստով. մաքրել էր Աղբարաշենի տնակներն ու շագանակագույն դարձրել.. բայց մեզ ամպերն էին հետաքրքրում` արեւմուտքից ու հարավից միմյանց միացած ամպերը:

Սկզբում զմայլվում էինք գորշ ամպերի միջից երեւացող օզոնի պարզ ու ջրի պես հագեցնող գույնով, իսկ հետո ես թռչող բադ նկարեցի` մի մեծ քուլայով: Լիլիթը նայեց նկարիս, ծիծաղեց. թռչող բադն էնպես էր սլանում` իմ ծիծաղն էլ եկավ:

Ձախ կողմում մեկ էլ Լիլիթը նկարեց մի “շլյապայով” կնոջ ու պագոնավոր տղամարդու միասնությունը: Մի 40-ն անց կլինեին, բայց իրար սիրելուց դեռ չէին ձանձրացել: Ուշադիր նայում էինք, որ տեսնեինք` ոնց են համբուրվելու, էն էլ նկատեցինք` ինչպես է կնոջ մազերը սահում ու խառնվում գորշ ամպերի քուլային: Ինչպես Լիլիթն ասաց, կինը լցվում էր գորշությամբ, իսկ տղամարդը կամաց-կամաց դատարկվում էր. միայն պագոններն էին, որ եռանկյունու պես հաստատակամ մնացել էին:

Մի 4 վայրկյան էլ որ անցավ, տեսա, թե լցված կինն ու դատարկված տղամարդն ինչպես են միասին տանկ դառնում, զրահամեքենա: Լիլիթը նայեց զրահամեքենայիս, ասաց. «Էհ, չէէէ, լավը չի. թող տղամարդ ու կին մնան հա՞»: Ասացի` հա, բայց դե մեկ է, տանկը մտքիցս դուրս չէր գալիս:

(more…)

Մալաթիայից Դավիթաշեն

Thursday, August 4th, 2011

-Վայ, էլի իմ սիրած «պասաժիռը» գնում ա տուն. Ո՞նց ես:

-Հազիվ քամուց հովացած, դուք ո՞նց եք (զարմացա, որ իր սիրած «պասաժիռն» եմ, որովհետեւ  առաջին անգամ էի տեսնում այդ վարորդին):

-Շատ լավ, որ գիշեր ա ու ես Դավթաշեն եմ քշում, ու «պասաժիռս» էսօր խոսկանա, դրանից լավ բա՞ն: Արի սենց խոսանք ու քշենք, հ՞ն:

-Դե պատմեք, ի՞նչ լավ բան կա:

-Վայ, նոր փոստա եղել օֆիսում, մեր էն ափալ-թափալ բոյով Գուգոն «պասաժիռ» ա վերցնում Ֆուրմանով, Կոմիտաս մտնելուց խախտում ա անում, «միլիցեքը» բռնում են, 3.000-ի ակտ են գրում վրեն: Էս Գուգոն տենց նստում ա, քշում, հիմա հասնում ա Ֆուրմանով, ասում ա՝ քուր ջան, ա՞ջ, թե՞ ձախ, պատասխան չկա, էլի ա հարցնում, էս աղջիկը ձեն չի հանում, էս Գուգոն ֆռում ա, տեսնում ա հետեւը մարդ չկա: Դու մի ասա, որ միլիցեքը կանգնացնում են, էս աղջիկը դուրս ա գալիս, առանց բան ասելու գնում ա, էս խեւն էլ տենց քշում ա: Հիմա կապ ա տալիս, ասում ա՝ կենտրոն, ավարտել եմ, բայց պասաժիռը չկա: Ասում են՝ ո՞նց չկա, ասում ա՝ դե տենց ֆռացի չկա: Հիմի սաղ օրը կայֆ ենք բռնում, ասում ենք, Գուգո, բա բագաժնիկը նայել ես՞: Շեֆը ասում ա՝ այ խեւ, բա վրեդ նստեց 4500 դրամ, ինչ խեւություն ասես քեզնից կհելնի, էդ շաշն էլ էլի նույնն ա կապում՝ բա շեֆ ջան, քշեցի, քշեցի, ֆռամ տենամ մարդ չկա: Այ տենց բաներ քուրս: Գիտես չէ բոյով Գուգոյին, էդի մազերը հա չի սանրում, տենց կիմանաս:

(more…)