Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները
Saturday, March 5th, 2011
Նրա ամուսնանալուց հետո մեկ-երկու տարի կորցրել էինք միմյանց, երբ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկով մի օր գրեց: Պատմեց, որ Շվեդիայում է ամուսնու հետ եւ երեխայի է սպասում: Մի քանի օր անց գրեց, որ մորաքույր եմ դարձել: Չնայած նրա հետ խոսելիս միշտ ինչ-որ տարօրինակ տխրություն էի զգում, բայց կարծում էի` ամեն ինչ լավ է, քանի որ ինքն է այդպես ասում եւ, ի վերջո, Շվեդիայում է ապրում:
Շվեդիա գնալուց առաջ այնքան խնդիրներ ունեցա, որ այլեւս չէի հավատում իմ այնտեղ հայտնվելուն: Բայց Ամանորի նախօրեին հասցրի ոտք դնել Ստոկհոլմի Սկավստա օդանավակայան: Ինձ այնտեղ դիմավորելու էր ընկերուհուս ամուսնու ընկերը, ում պետք է հայի արտաքինից ճանաչեի:
Չորս տարի առաջ, երբ նույն բնակարանում ամսական 15 հազար դրամով ապրում էինք ընկերուհուս հետ, ծիծաղում, վարունգներ շպրտում պատշգամբից ներքեւ, կեսգիշերին ձնագնդի էինք խաղում ու ձնեմարդ սարքում, երբեք չէինք պատկերացնի, որ մի օր հանդիպելու ենք միմյանց հեռու Սկանդինավիայում:
Հայտնվելով Եվրոպայում՝ որո-շեցի այցելել նրան, քանի որ երկուսս էլ շատ կարոտած էինք ու մենակ: Ինչպես արդեն ասացի, օդանավակայանում ինձ դիմավորում էր ընկերուհուս ամուսնու ընկերը` Լեւոնը: Բազմաթիվ ու բազմաձեւ մարդկանց միջից, այո, միանգամից ճանաչեցի նրան, մոտեցա, ներկայացա, ու միասին ուղղվեցինք դեպի մեքենան:





