Archive for July 4th, 2009

…Ես չեմ ուզում, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն…

Saturday, July 4th, 2009

…Ես կարող եմ լռել… ոչ ոք ինձ չի ստիպում գրել…

Anushik

 

…Ինձ համար կարեւոր է, թե ում եմ տալիս գրածս կարդալու… իմ ընթերցողներն ինձ արդեն էությամբ գիտեն…իսկ նրանք, ովքեր չգիտեն, կարդալուց հետո են բացահայտում ինձ… Եթե ճիշտ ընկալեն գրածս, պիտի որ հասկանան, որ ես կամ իմ բանաստեղծության մեջ, ինձնից եմ տալիս նրանց…

 

…Երջանիկ ստեղծագործող չկա…Ստեղծագործելու համար ողբերգություն է պետք…իհարկե խոսքս չի վերաբերվում այն ստեղծագործողներին, ովքեր ասում են, որ ապահովված լինելով չես կարող ստեղծագործել…օրինակ եթե ներկեր ունենայի, ավելի վատ կնկարեի…դա այդպես չէ…Մարդ ուղղակի պետք է կարողանա զգալ եւ տեսնել ողբերգությունը, կարեւոր չէ ինքն ինչ պայմաններում է ապրում…Կան բաներ, որ ինձ կարող են երջանկացնել, բայց երջանիկ մարդ եւ ստեղծագործող լինել հեռու են միմյանցից…

 

…Կյանքի փոփոխություններն, իսկապես, անդրադառնում են ստեղծագործողի վրա…Երբ Վանաձորում էի ապրում, ավելի հանգիստ եւ ընտանեկան մթնոլորտում էի… Եկա Երեւան… Մեծ քաղաքում մարդը հաճախ հայտնվում է կրունկի տակ… Քաղաքն ինձ հաճախ ջարդում է…

 

…Ինձ համար քննադատությունն ամենալավ բանն է… Թող լինի հետաքրքիր քննադատություն… Թող ասեն. գրածդ զիբիլ է…Շատ լավ է, բայց նաեւ թող ասեն` ինչու է զիբիլ…

 

…Ստեղծագործողը միշտ էլ կստեղծագործի` գրողների միության անդամ, կուսակցական կամ մրցանակակիր լինի նա, թե ոչ… Մրցանակը չէ, որ նրան կխրախուսի ավելի լավ գրելու… նա կգրի այնպես, ինչպես ուզում է կամ կարող է… Չնայած դա էլ դեր ունի, երբ դու զգում ես, որ չես անտեսվում, բայց կարեւոր չէ…

 

…Ավելի փորձված գրողները, երբ կարդում են ստեղծագործություններս, ասում են, որ ժամանակի ընթացքում կանցնեմ արձակի… բայց ես ինձ դեռ չափածոյում եմ տեսնում… Իրականում ես ստեղծագործում եմ, եւ երբ զգամ, որ դա պետք է ներկայացնել արձակի ժանրով, կանեմ դա… բայց արձակով գրելու համար պետք է մի քիչ հասունանամ…

 

…ստեղծագործողի համար մեծ է ցանկությունն անելու այն, ինչ չի կարող… Կարող ես ինքնասպան լինել ոչ թե կամուրջից ցած ցատկելով, այլ դրա վրա կանգնած… Այդպես ինքնասպան եղել եմ… ուղղակի երբ հասնում եմ ծայրին, շտապ վերադառնում եմ սկիզբ… ես դեռ պատրաստ չեմ վայր ընկնելու ծայրից… գուցե այդ անկումը վերածվի վերելքի, բայց ես դեռ պատրաստ չեմ անկման… ես չեմ գնա այդ ռիսկին… գուցե դեռ հում եմ որպես ստեղծագործող…

 

…Ու հետո նկարիչին պետք չէ բերետ դնել, որ երեւա` նկարիչ է…

 

…Երբ գրում ես, կորցնում ես սեռդ… կապ չունի կին ես, թե տղամարդ…

Արեւը նարինջ էր`

Անկտրելի, ջերմացնող նարինջ,

Երբ կանգնած էի բալկոնի ճաղին…

Մորս գալուն էի սպասում

Ու թռչում էի մի քիչ:

…Հիմա քաղաքը մեռած է.

Իրիկնաժամի հալվող հեղձուկից պայթում է

ճարպակալած ծերուկը,

Ձմերուկները, արեւից թունավորված,

վաղվան են սպասում…

Թվում է` քնած է հարեւանս,

թվում է` քնած եմ եւ ես.

մենք հաշվում ենք մեռնելու համար

ու հաշվում ենք վախից` ուրվականներին ի տես…

Գիշերը հատ-հատ ոչնչացնում է

մեր պատերազմող, սնանկ մտքերը,

ու բարակ կամրջով այդ պահին

թպրտում է սիրտը գողի.

Կիսամերկ մի պոռնիկ

Սպասում է մեռնող ասֆալտին`

համոզված, որ գիշերը նույնն է,

գնացուցակը` նույնպես…

Սա էլ է երեւի նարինջ երազել ճիշտ ժամանակին,

Իսկ ժամանակը հոսում է, երբ երազում ենք…

Արդեն պառաված կրծքի լանջերին

անցյալ հիշեցնող առաջին դանակն է ու

նարնջահյութը…

…Արեւը մեռած է…

 

…Երբ ես ասում եմ «Արեւը նարինջ էր…», ես այլ բան եմ պատկերացնում, մեկ ուրիշը` մեկ այլ… Մարդու համար կա մի վիճակ, երբ մինչ դրան հասնելը ամեն ինչ «չկտրված է…» Ինձ համար էլ կան սիմվոլներ, որոնք մեծ արժեքներ են ներկայացնում…այս դեպքում արեւն ու նարինջը… ուղղակի ի տարբերություն արեւի` նարինջը կտրվող է… Բայց նաեւ կան չկտրվող նարինջներ… դրանք դուրս են ընդհանուր հասկացություններից… Դրանք նյութապես կարելի է կտրել… Մինչ կտրվելը այդ հասարակ նարինջներն էլ մեծ արժեք են ունեցել… Կարեւորը կտրվել կամ չկտրվելը չէ…կարեւորը այդ արժեքը պահպանելն է… Թող կտրվի, կարեւորն այն պահելն է… ուղղակի կտրված նարինջն ավելի դժվար է պահել… Ես չեմ ուզում, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն…