Archive for July 7th, 2009

Թուրքիան` հանգստի վա՞յր, թե՞ թշնամի երկիր

Tuesday, July 7th, 2009

Ամեն տարի` ամռանը, հայաստանցիների համար օրակարգային է հանգստի խնդիրը: Այս տարի եւս, երեւանցիները համեմատում են տուրիստական գործակալությունների առաջարկած գներն ու իրենց գրպանների ծանրությունը:

Համեմատության արդյունքում հանգստյան վայրի ընտրությունը կատարվում է առաջարկվող գների թանկ կամ էժան լինելու հանգամանքից:

Հանգստյան վայրի ընտրությունը մեծապես կախված է նաեւ գովազդներից:

Երեւանի փողոցներում հաճախ կարող ենք հանդիպել «Հանգիստ Թուրքիայում»Blog գրությամբ գովազդային վահանակների: Հենց այս վահանակների առկայությունն էլ մեծ տարաձայնությունների առիթ է դարձել հայ հասարակության շրջանում:

ՀՅԴ կուսակցության երիտասարդները համարում են, որ Թուրքիայում հանգստանալը նույնն է, ինչ թուրքական բանակի բյուջեն լցնելը:

Այս նույն կարծիքին են նաեւ դաշնակցական լրատվամիջոցները. «Երկիր Մեդիա» հեռուստատեսության կայքը նշում է. «Երեւանի փողոցներում շուրջայցից բոլորովին այլ տպավորություն ես ստանում, թվում է, թե տուրիստական գործակալություններն աշխատում են երկրի փողերը Թուրքիա ուղարկելու ուղղությամբ»:

Երիտասարդության մեկ այլ հատված էլ գտնում է, որ Թուրքիայում հանգստանալը ե´ւ հարմարավետ է, ե´ւ շահավետ. «Ես ծով եմ սիրում, այդ պատճառով է, որ նախընտրում եմ Թուրքիայում հանգստանալ: Իսկ Սեւանում ամեն ինչ շատ թանկ է, մեկ օր Սեւանում անցկացնելը նույնն է, ինչ 3 օրվա Անթալիայի գինը»,-ասում է ուսանողուհի Լիլիթը:

ՀՅԴ-ն գտնում է նաեւ, որ հայերի` Թուրքիայում հանգիստն անցկացնելը ոչ միայն պատվաբեր չէ մեր ազգի համար, այլ նաեւ վտանգավոր է: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Սա վկայում է այն մասին, որ հայերը որեւէ դժվարություն ունենալու դեպքում չեն կարող պատասխանատվություն պահանջել, քանի որ դեսպանատուն չունենք Թուրքիայում:

Տուրիստական գործակալությունները պատասխանում են, որ ըստ միջազգային պայմանագրերի Հայաստանի քաղաքացիների շահերը Թուրքիայում պաշտպանում է Ռուսաստանի դեսպանատունը:

Դաշնակցական լրատվամիջոցները, սակայն, գտնում են, որ Թուրքիայում ռուս դիվանագետներն անզոր են պաշտպանել անգամ սեփական քաղաքացիների շահերը:

Իրարամերժ կարծիքները համոզիչ են, սակայն անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե որտեղ պետք է հանգստանան հայերը` Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներու՞մ, թե՞ պատմական թշնամի համարվող երկրի էժանագին վայրերում: