Archive for July 3rd, 2010

1 դրամ` 1 կյանք…

Saturday, July 3rd, 2010

”Երբ բուժվեմ, հիվանդանոցից դուրս կգամ ու կգնամ` մեր բակում ֆուտբոլ խաղալու: Ուզում եմ մեծանալ ու բժիշկ դառնալ, որ բուժեմ մեր հիվանդանոցի երեխաներին…”,- ասում է 4-ամյա Էրիկը, որ հիվանդ է քաղցկեղով (Ոչ խոչկինյան լիմֆոմա): Բժիշկները հույս ունեն, որ նրան հնարավոր է փրկել` բարձր չափաբաժնով քիմիոթերապիայի միջոցով: Էրիկն այժմ բուժվում է Ռուսաստանում: Նրա բուժման համար մոտ 6 միլիոն դրամ է անհրաժեշտ:

“Հանուն կյանքի” երիտասարդ նախաձեռնողների խումբը դրամահավաքի միջոցով հավաքել է մոտ 1.5 մլն. դրամ, որի մի մասն Էրիկի ծնողներն արդեն վճարել են քիմիոթերապիայի առաջին կուրսի համար: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել դրամահավաքին` 1000-ից մինչեւ 100 հազար դրամ փոխանցումներով:

Էրիկի կյանքը փրկելու առաքելությանն են միացել նաեւ մի շարք երաժիշտներ` Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Արձագանք խումբը եւ այլոք: Հուլիսի 12-ին Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կկայանա ”Քաղաքը փրկում է կյանքը” խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հեղինակային, քաղաքային երգեր:

Բարեգործական համերգը եւս կազմակերպում է երիտասարդ նախաձեռնողների խումբը: Իսկ Տիկնիկային թատրոնի դահլիճը երաժիշտներին տրամադրվել է անվճար:

Յուրաքանչյուրի 1000 դրամը կարող է հնարավորություն տալ Էրիկին` շարունակել ապրել եւ իրականացնել հիվանդանոցի երեխաներին բուժելու նրա երազանքը:

Եթե 3 մլն. հայ ամսեկան 1 դրամ փոխանցի քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին, ամեն ամիս հնարավոր կլինի փրկել մեկ երեխայի կյանք ու երազանքներ…