Archive for August 15th, 2012

Ճանապարհից

Wednesday, August 15th, 2012
Եկել եմ Ստամբուլ՝ պրակտիկայի։ Համալսարանը, որ ինձ ուղարկել է, պահանջում է պրակտիկայի յուրաքանչյուր օրը բլոգում գրառել։ Չեմ սիրում էդ տեսակ աննորմալ պահանջներ ու որոշել էի չբավարարել, բայց էսօր մի բան ունեմ գրելու։
Թբիլիսի-Ստամբուլ ավտոբուսի իմ տեղը պատուհանի մոտ չէր, բայց ես դրանից շատ չէի էլ ազդվել, մինչեւ մի կին եկավ, կանգնեց կողքիս ու թուրքերենով խնդրեց, որ ես պատուհանի մոտ նստեմ, իսկ ինքը՝ իմ տեղում։ Սկզբում չհասկացա՝ ինչ է ասում, հետո ռուսերենով ասաց ու միեւնույն ժամանակ հարցրեց, թե որտեղից եմ։ Պատասխանեցի՝ հայ եմ ու քաշվեցի պատուհանի կողմ։
- Իյա, բա ավելի լավ, այ բալա։
- Դուք է՞լ եք հայ,- ես։
- Չէ, ես Թիֆլիսի ադրբեջանցի եմ։
- Բա հայերեն եք խոսում։
- Հա, բա գիտեմ, սովորել եմ։ Երկու հայ հարեւան ունեմ։
24 ժամ տեւած ճանապարհն անցա ադրբեջանուհի Սեդայի հետ, ով Թուրքիա էր մեկնում “ապրանք բերելու”։ Նա առեւտուր է անում Թբիլիսիի ամենամեծ՝ “Լիլո” կոչվող շուկայում։
Սեդան կոպիտ կին էր, բայց նման չէր մյուսներին․ ուներ իր հստակ սկզբունքները ու պատրաստ էր մարտնչել բոլորի դեմ, ով դեմ կգնար դրանց։ Ես նրան սիրեցի, մի տեսակ մայրական հոգատարություն էլ ուներ։ Ճանապարհին ինձ մի քանի թուրքերեն թիվ սովորեցրեց, որ հանկարծ տաքսիստները չխաբեն եւ այլն․․ հա, կոնֆետներ էլ էր տալիս, մեկ-մեկ էլ գիշերը քնած ժամանակ ծածկում էր․ զգում էր՝ մրսում եմ։
Տեղ հասնելուն պես՝ ես Սեդային մոռացա, նա՝ ինձ․ յուրաքանչյուրս սկսեց իր գլխի ճարը տեսնել ավտոկայանից տուն հասնելու համար։ Սիրում եմ կարճաժամկետ հարազատներ ունենալ։
Հ․Գ․ Ստամբուլի մասին դեռեւս գրել չեմ կարող։