Archive for March 31st, 2013

Ապրիլմեկյան լրատվամիջոցներ

Sunday, March 31st, 2013

Դպրոցական տարիքում ապրիլի 1-ին ամենաշատը սպասում էին մեր դասարանի ստախոսները` նրանք, ովքեր ամեն օր էին ստում ու առանձնակի հաճույք էին ստանում դրանից` կարծելով, թե դիմացինին հիմարեցնում են: Ապրիլի 1-ը նրանց համար իրականում յուրօրինակ օր էր: Նրանք այդ օրը հրապարակայնորեն անում էին այն, ինչը միշտ ներքուստ ու գաղտնի են արել` մի տարբերությամբ, որ եթե նախկինում այդ արարքի համար կդատապարտվեին, ապա ապրիլի 1-ին ստելը կառաջացներ բոլորի հրճվանքը` նույնիսկ ուսուցիչների:

Ի դեպ` մեր դասարանի, բակի, փոքրիկ քաղաքի մեծ մասն էին սիրում ստելու օրը: Ես էլ մի բան հորինում, ստում էի (հաճախ անհաջող)` հետ չմնալու համար, բայց էդ օրն էդպես էլ չսիրեցի: Ինձ թվում էր` բոլորն իրականում ստախոս են, պաշտում են ստելը, հաճույք են ստանում ուրիշներին խաբելուց, բայց այդ մասին արտահայտվում են միայն ապրիլի մեկին:

Համատարած ստի ու հրճվանքի մթնոլորտը շարունակվում ա նաեւ այսօր: Այն լրատվամիջոցները, որոնք միշտ ստել են գաղտնի, այսօր չկարողացան զսպել իրենց: Կեսգիշերից հետո մրցույթ է լրատվամիջոցների միջեւ, թե “ով այնպիսի սուտ կասի”, որ ավելի շատ քլիք ու լայք հավաքի: Ուղղակի դժվար թե խմբագիրներն իրենց “թագավորության կեսը” տան: Նրանք շատ-շատ հրճվող ուսուցչի դերում են:

Կուզեմ, որ ամեն օր ապրիլի մեկ լինի, միայն թե բոլոր ստախոս լրատվամիջոցներն իրենց սուտ լուրերի տակ էդքան պատրաստակամորեն գրեն միակ ճշմարտությունը. “Ապրիլմեկյան կատակ – մենք խաբում ենք ձեզ”:

Հ.Գ. Իրականում, էնքան զզված եմ էս ստի ու հրճվանքի մթնոլորտից, որ հավես չարեցի մի նորմալ գրեմ: Ու թույլ շարադրված միտքս կհասկանան նրանք, ովքեր դեռ մանկուց չեն սիրել ապրիլմեկյան հրճվանքներն ու կատակները: