Archive for August, 2016

կոկայինն ու համալսարանը

Monday, August 15th, 2016

14002327_10154286560320549_706342498_o

Լուսանկարը՝ Նոր Օռլեանում, կապ չունի ներքևի տեքստի հետ

Ես ընդհանրապես սկսում եմ հարմարվել, ծանոթանալ ու ընտելանալ նոր քաղաքին՝ դրա գիշերային կյանքին մասնակցելուց հետո միայն։ Համալսարանական այս քաղաքում՝ Մորգանթաունում, ամեն շաբաթ-կիրակի անվճար ուտելիք, ըմպելիքներ են հյուրասիրում ուսանողների միավորման շենքում։ Բոլորը՝ հատկապես նորեկ առաջին կուրսեցիները (այստեղ նրանց անվանում են freshmen), լցվում են փողոցները, հերթ են կանգնում ուտելիքի համար, սնվում են, որից հետո բարձրանում են դեպի բլրի վրա գտնվող ակումբներ տանող նեղլիկ փողոցը։ Բարձրանալը հեշտ է, իսկ այ իջնելը․․․

Աղջնակներն այդ օրերին (ի դեպ՝ ԱՄՆ-ն բազմազանության երկիր է, բայց չգիտես ինչու՝ այս քաղաքում ակումբներ գնում են հիմնականում շեկլիկ ու սիրունիկ ամերիկացիները) հագնում են ամենաբարձր կրունկ ունեցող կոշիկները, ամենանեղ շրջազգեստն ու տոպը։ Եթե կեսգիշերից հետո բլրի ներքևում կանգնես, ականատես կլինես բազմաթիվ շեկլիկների՝ միմյանց հետևից գլորվելուն։

Այս աղջիկներից շատերն առաջին անգամ են ալկոհոլն ու թմրանյութը խառնում իրար։ Նրանք գլորվում են, գլորվում, բայց կարծես մարմինը ցավ չի զգում։ Ընդհանրապես, երբ մարդն ընկնում է, ոչ միայն ֆիզիկական ցավ է զգում, այլ հոգեկան կարճաժամկետ ընկճվածություն, որ չկարողացավ կառավարել սեփական մարմինը։ Շեկլիկների դեմքին որևէ արտահայտություն չի առաջանում, երբ գլորվում են, հետո հազիվ կանգնում, հետո նորից գլորվում։ Նրանք միայն ծղրտում են։ Ես անչափ զարմացել էի, որ մարդը կարող է 7 անգամ ընկնել ու ոչինչ չզգալ։ Թմրանյութն այստեղ շատ սովորական սպառվող ապրանքներից է։

ԱՄՆ-ի համալսարաններում սովորելը բավականին թանկ հաճույք է։ Այս շեկլիկների ծնողները մեծ ներդրումներ են արել նրանց վրա։ Միսիսիպիի պետական համալսարանի դասախոսներից մեկն ասում էր, որ մինչև հիմա իր ուսանողական վարկն է մարում, և դեռ իր երեխաներն էլ պիտի շարունակեն։

Շեկլիկները կիրակի պիտի լավացնեն վերքերը, որ երկուշաբթի դիմագրավեն դասերի ծանրությանը։ Նրանք անհամբեր պիտի սպասեն շաբաթ օրվան՝ գլորվելու հույսով։

Հ․Գ․ Ինձնից․ ես այստեղ կարոտում եմ մարդկանց գրկելը։ Նախկինում էլ զգացել եմ նման բան։ Ինձ համար գրկախառնությունը կարևոր է, ինչը բացարձակապես բացակայում է այստեղ։ Լավ մարդիկ կան արդեն շուրջս, նրանց մասին կպատմեմ ավելի ուշ։ Գժեր են մի քիչ։

Հարմարվե՞լ ես․ հարցի պատասխանն այստեղ

Friday, August 12th, 2016

13988706_10154278354985549_508415472_n

Սարդը նորից եկավ։ Եթե հիշում եք, Սարդը Հետքի բլոգն է, որ ստեղծել էի 2009-ին, շատ ակտիվ գրում էի 2010-ին՝ 6 տարի առաջ, երբ Հայաստանից հեռու էի՝ Լիտվայում։ Հիմա նորից Հայաստանից հեռու եմ․ մոտ մեկ տարով կսովորեմ ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիայի համալսարանում։ Մի տարի կտանեմ գլուխներդ, եթե շատ զբաղված չլինեմ դասերով։

Պարզվում է, որ ես մշտապես մարդկանց կարիք ունեմ։ Մոտ մի շաբաթ մենակ մնալուց հետո հասկացա։ Նախկինում գիտեի, թե մենակ մնալ սիրում եմ, բայց հիմա պարզեցի, որ չէ․ մարդկանց հետ շփումները, հարաբերությունները, կապերը, կապերի խզումը ու, հատկապես, կռիվները շատ եմ սիրում։ Մենակության թեմայով գլուխներդ շատ չեմ տանի կարծում եմ, շուտով կփոխվի իրավիճակը։

Ի դեպ՝ ԱՄՆ-ում մարդկանց լավագույն ընկերը հեռուստացույցը և տապակած հավը կարծես լինի։ Եթե կա ազատ ժամանակ, ապա կարելի է հավ տապակել, նստել մոնիտորի առաջ ու Netflix նայել։ Իհարկե, ես դեռ երկու նահանգում եմ եղել, բայց փոքր քաղաքներում տեսածս դա էր։

Լավ, քանի որ արդեն մեծացել եմ՝ համեմատած 2010-ի, հնարավոր է՝ գրածներիս մեջ ավելի համակարգվածություն նկատվի, ինչը լավ է։ Կամ հակառակը ։Դ Լավ։

Մինչ Արևմտյան Վիրջինիա գալս, 3 շաբաթ Միսիսիպիի պետական համալսարանում նախապատրաստական կուրս էի անցնում՝ ԱՄՆ ուսումնական համակարգի, օրենքների, մշակութային նրբությունների ու լեզվի վերաբերյալ։ Բոլոր միջազգային (ամերիկացիք foreign student բառը փոխարինել են international student-ով՝ առավել հանդուրժողական լինելու համար) ուսանողներն անցնում են նախապատրաստական կուրսը, քանի որ մենք տեղյակ չենք կամ գոնե լուրջ չենք վերաբերում որոշ օրենքների, որոնք այստեղ ճակատագրական դեր ունեն։ Մի քանի օրենք կթվարկեմ, որոնք շատ հավանում եմ, սովորում եմ պահպանել ու պատրաստվում եմ կիրառել ապագայում։

Օրենք 1․ ակադեմիական ազնվություն։ ԱՄՆ համալսարանները կարող են ուսանողին առանց քննարկելու հեռացնել դասերից՝ ակադեմիական ազնվությունը չպահպանելու համար։ Ուսանողն իրավունք չունի արտագրել, գրագողությամբ զբաղվել կամ յուրացնել և որպես սեփականը ներկայացնելը ուրիշի միտքը, գաղափարը։ Նույնիսկ որոշ դասեր արգելում են խմբային աշխատանքը։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր գաղափար հնարավորություն ունի դառնալու մեծ գումար, իսկ գաղափարի գողությունը՝ մեծ գումարի գողությունից առավել դատապարտելի է։ Կարծում եմ՝ չինացիների գործոնն այստեղ մի քիչ խտացրել է գույները ։Ճ

kris

Քրիսը՝ մեր դասախոսը նախորդ երեք շաբաթում, մոտ 30 տարեկան կլինի։ Նա միշտ լսարան մտնում էր աննկատ ու աննկատ դուրս գալիս։ Մշտապես խոսում էր միայն դասից, ինչն ինձ շատ էր ոգևորում։ Երբ մեզ բացատրում էր ակադեմիական ազնվության կարևորությունը, շատ կարևոր օրինակ բերեց․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կուրսընկերն, ով անընդհատ արտագրել է, մի օր դառնա ձեր երեխայի բժիշկը։ Կամ պատկերացնո՞ւմ եք, եթե Նյու Յորքի ճարտարապետները սովորելիս արտագրեին այլոց նախագծերը, նրանց սարքած բոլոր շենքերը կփլվեին մի օր։ Ուրեմն, եթե չենք ուզում, որ մեր երեխայի կյանքին վտանգ սպառնա կամ շենքը, որտեղ ապրում ենք, փլվի, պիտի պահպանենք և ստիպենք մյուսներին պահպանել ակադեմիական ազնվությունը»,- ասում էր Քրիսը։

Այդ ընթացքում ես հատ-հատ հիշում էի Երևանի պետական համալսարանում գործածս սխալները։ Այն գրքերը, որոնք չէի կարդացել ու ինձ պատմում էին ընկերներս, որ պատասխանեմ քննությանը։ Հիշում էի, որ բազմաթիվ անգամներ ինքս «լավություն» եմ արել՝ թույլ տալով ինձնից գրագողել ուսումնական որոշ թեմաներ։ Այդ ժամանակ դրանք որպես չարաճճիություն էի դիտում, իսկ հիմա հասկանում եմ, որ սովորելն, իսկապես, շատ բարդ ու լուրջ որոշում է։ Սովորելուց հետո անձը դառնում է այդ երկրի ու հասարակության համար որոշում կայացնողներից մեկը, նա ամեն օր որոշում է իր մասնագիտության հետ առնչվողների ճակատագիրը։ Դուք էլ հիշեք մի քիչ ձեր մասին․․․ երևի մեր արարքներից ամեն մեկը մի մեծ շարժառիթ է դարձել Հայաստանի հետընթացի մեջ։ Սրան դեռ էլի եմ անդրադառնալու․ շատ եմ անդրադառնալու։

Օրենք 2․ չուշանալ։ ԱՄՆ-ի համալսարաններում ուշանալը վիրավորանք է, իսկ մարդուն վիրավորանք հասցնելը՝ ճակատագրական սխալ։ Այստեղ հստակ դասակարգված է․ դասից չուշանալը 10 րոպե առաջ լինելն է, դասից ուշանալը ժամանակին լինելը, իսկ դասից 10 րոպե հետո լինելը չի քննարկվում։ Սա դեռ տեսական գիտելիք է, պրակտիկայում կտեսնեմ, կմանրամասնեմ, բայց այն, որ պրոֆեսորը դասից 10 րոպե առաջ է լինում լսարանում, փաստ է։ Սահմանված է նաև, թե որքան կարելի է ուշանալ ընկերոջ հետ հանդիպումից․ 15 րոպե։ Դրանից առավել ուշանալու դեպքում՝ ընկերոջդ վիրավորանք ես հասցնում։ Իրենք ասում են․ «Քո ժամանակն ավելի թա՞նկ է, քան իմը»։

Դե, ինձ իմացողներն արդեն իմացան, թե ես ինչեր հիշեցի՝ ուշանալուս մասին։ Մի ընթացք կար, որ 1 ժամը նվազագույն ուշանալուս շեմն էր։ Նույնիսկ ընկերներիցս մեկի հետ լուրջ խոսակցություն ունեցանք այդ մասին։ Ես շատ վիրավորվել էի, որ ինձ պայմանավորված ժամանակից կես ժամ առաջ էին ասել։ Բայց թե սպասողները որքան են վիրավորվում, ես այդ մասին չէի մտածել։ Հետաքրքիր զուգահեռներ են հիմա գնում․ ես՝ 2010-ին և 2016-ին։ Առաջարկում եմ՝ դուք էլ հիշեք ուշանալու դեպքերը։ Միգուցե երբ երթուղայինն ուշանում է կամ ընդհանրապես չի գալիս, ինչ-որ կապ ունի այն բանի հետ, որ ամեն մեկս ուշանում ենք ու ուշացնում որևէ մեկին։

Օրենք 3․ լուծումներ գտնել։ ԱՄՆ-ում եթե կա խնդիր, ուրեմն կա լուծում։ Բոլոր ամերիկացիները, ում հանդիպել եմ այս շաբաթների ընթացքում, այս կենսակերպով են առաջնորդվում։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք սկսում արագ լուծումներ փնտրել, երբ որևէ՝ նույնիսկ ամենամանր, խնդիր է առաջանում։ Մինչդեռ Հայաստանում մենք դեռ կարծում ենք, թե խնդիրներին լուծումներ գտնելը մարդկային հատկանիշ է, չկա նման բան։ Մարդիկ լինում են այնպիսին, ինչպիսին  նրանց կրթում են։ Ամերիկայում մեծացող երեխան դեռ մանկապարտեզից գիտի, որ բոլոր խնդիրները լուծումներ ունեն։

Խնդիրներին լուծումներ գտնելու առումով՝ ես կրթվել եմ հորիցս ու մորիցս, նաև ինքնակրթվել եմ։

Մեզ թվում է, թե սրանք շատ պրիմիտիվ բաներ են, բայց ոչ։ ԱՄՆ-ի համալսարաններում ուսանողին նախ սովորեցնում են պրիմիտիվ հատկանիշներ, որոնք շատ կարևոր են որոշում կայացնող մասնագետ դառնալու համար։ Դեռևս մանկապարտեզից մինչ դոկտորական թեզը նման պրիմիտիվ, բայց կարևոր գիտելիքներն անընդհատ հաստատվում են ապագա որոշում կայացնողի ուղեղում։ Այդ որոշում կայացնողներն էլ կարողանում են դարձնել իրենց երկիրը ամենահզորն ու բարեկեցիկը (աշխարհաքաղաքական նյուանսների մեջ պետք չէ խորանալ, քանի որ հիմքը պրիմիտիվ է)։

Մյուս օրենքների մասին հետո կպատմեմ։ Իսկ հնարավոր է՝ ավելի հետաքրքիր բաներ գտնեմ պատմելու։

Առաջին լուսանկարի վերաբերյալ․ ԱՄՆ-ն հայտնի է հանդուրժողականության և հավասարության կոչերով ու գործողություններով։ Փոքր քաղաքներում եթե ասում են, որ այսինչ տեղը 5 րոպե հեռավորությամբ է գտնվում, ի նկատի ունեն մեքենայով։ Նույնիսկ քայլելու համար նախատեսված մայթեր չկան։ Նրանց համար քայլող մարդիկ չկան։