Archive for February 24th, 2017

Մի քիչ իմ ու ձեր մասին

Friday, February 24th, 2017

Բարև, վաղուց չեմ գրել, արդեն գրելուց առաջ բարևել է պետք։ Ուզում եմ կիսվել հեռուներում սովորող միայնակ ուսանողի առօրյայից։ Երեկ սթեյքի միս էի գնել, էսօր մի բաժակ սուրճն առանց այն էլ ավելորդ էներգիաս կրկնապատկել էր, որոշեցի սարքել։ Ինտերնետային բոլոր աղբյուրներում ճշտեցի սարքելու ձևը ու նույն կերպ արեցի։ Շատ համեղ էր առաջին պատառը, հետո տեսա, որ ներսը սթեյքին հատուկ վարդագույն, հումոտ միսն է, գլխովս միանգամից միտք անցավ՝ բա որ բակտերիա լինի մեջը, վարակվեմ։ Էդ սթեյքն էլ էդտեղ հարամվեց։

Հա, մենակությունն իրեն բնորոշ վախերն ու կպչուն մտքերն ունի, մանավանդ, եթե հասցրել ես արդեն երկու անգամ հիվանդանոցի ներսով անցնել։ Երբ ինքդ միայնակ պիտի լուծես բոլոր տեսակի խնդիրները, սկսում ես ամեն ինչ անել՝ դրանք կանխելու նպատակով։ Փողոցային բարբառով ասած՝ վնուշկված ես ապրում։ Արևմտյան հասարակությունում սովորող հայաստանցիները կարծում եմ զգացել են նկարագրածս։

Հայաստանում շատ ուժեղ զարգացած և առողջ օրգանիզմի պես աշխատող սոցիալական ու համայնքային աջակցության մեխանիզմ կա․ եթե որևէ մեկին որևէ բան պատահի, նույնիսկ ամենահեռու բարեկամները մի քանի րոպեում կհայտնվեն կողքին։ Այդ առաջին հերթին հոգեբանական աջակցությունը մենք չենք զգում՝ քանի դեռ ներսում ենք, մեզ միշտ թվում է, որ այդպես էլ պիտի լինի, բոլորը պիտի մեր կողքին լինեն։

Ամերիկյան հասարակությունում զարգացած է պրոֆեսիոնալ օգնության մեխանիզմը։ Այստեղ եթե մարդն իրեն վատ է զգում, առաջին հերթին պետք է 911 հավաքի՝ հարևանին կանչելու փոխարեն։ Այստեղ մարդիկ մենակ են գնում բժշկի, քանի որ նրանց առողջական կարգավիճակը գտնվում է անձնական տարածքում, որտեղից ներս նույնիսկ ամուսինը մուտք չունի հաճախ։

Մեզ մոտ, եթե հոգեբանորեն ճնշված ենք, զանգում ենք մոտ մարդկանցից մեկին՝ մի բաժակ գարեջրի շուրջ թեթևանալու։ Ամերիկայում այդ մեխանիզմը շատ հետաքրքիր է գործում․ կարող ես բարում օտար մեկին պատմել, թեթևանալ, բայց միշտ մեկին զանգել ու գանգատներդ պատմելը համարվում է նրան ծանրաբեռնել ու շահագործել։

Հայաստանում ստացածդ աջակցության դիմաց հաճախ թանկ գին ես վճարում․ դիմանալ բոլոր տեսակի դատողություններին ու պարտադրանքի վերածված խորհուրդներին։ Հաճախ իրավունք չես վերապահում մարդկանց խնդրել քեզ հանգիստ թողնեն, չտան այն հարցերը, որոնց պատասխանել չես ուզում։ Եւ երբեմն ինքդ էլ այդ ավելորդ հարցեր տվողներից ես լինում։

Ամերիկան այն երկրներից է, որ եթե ուզում ես ամբողջ քաղաքով շրջել, բայց ոչ ոք քեզ չնկատի, կստացվի։ Եթե ուզում ես, որ քեզ նկատեն, բարևեն, ժպտան, էլի կստացվի։ Ամերիկյան սոցումի խորությունների ու անհարթությունների մասին շատ բան չեմ կարող պատմել․ հեշտ բացահայտվող ժողովուրդ չեն՝ չնայած կարծրատիպին, որ բոլորը նույն տիպի են, նույնն բանն են սիրում և այլն։

Հայաստանյան համայնքից դուրս գալով՝ շարունակում ես մնալ այդ համայնքի դատողության տակ։ Քեզ սկսում են վերագրել բաներ, որոնք կապ չունեն հետդ, բայց ստատուսներիցդ են հոգեվերլուծաբանել։ Այստեղ դու չես ստանում աջակցություն, բայց դատողության չափաքանակը մեծանում է։ Հաճախ քեզնից ակնկալում են, որ պիտի միշտ լավ լինես, քանի որ դրսում խնդիրներ չեն լինում, և աշխարհի բոլոր խնդիրները Հայաստանում է կենտրոնացած։ Այդ ակնկալիքն է, որ ստիպում է այլևս չասել, թե ինչպես ես։

Հայաստանում ապրողները նաև մի ներքին թաքնված թշնամանք են տածում դրսում ապրողների նկատմամբ՝ համարելով, որ իրենց լքել են։ Երևի հենց այդ համայնքային աջակցության առողջ օրգանիզմի բջիջներն են խարխլվում ամեն գնացողի հետ, որի արդյունքում կարող են հիվանդանալ և գնացողները, և մնացողները։ Ստեղծվում է մրցակցային միջավայր, որտեղ ամենապայքարողը, ինքն իրեն փոփոխությունների ենթարկողը կենդանի կմնա, իսկ ծույլերն ու թույլերը կհիվանդանան, ֆիզիկապես ապրելով՝ կմահանան։

Մենակությունից ուր հասանք․.

Չգիտեմ, որքանով է համայնքային աջակցության օրգանիզմի այս էվոլուցիան լավ կամ վատ, բայց այն արդեն մեկնարկված է։ Ուզում եմ քիչ զբաղվենք միմյանց ոչնչացնելով, փոխարենը՝ լսենք մեր ներքին էվոլուցիոն պահանջներին, մեր էներգիան ուղղենք դեպի մեզ ու փորձենք կենդանի մնալ։

Շատ կարոտել եմ բոլորիդ․ չնայած՝ վերջին անգամ երբ եկա, ինձ լավ չէի զգում ձեր կողքին։