Posts Tagged ‘ամերիկա’

Ես վախենում եմ հեռանալ Երեւանից

Friday, May 18th, 2012
Ամերիկացի Բենը, որ երկու տարի ապրել է իմ ծննդավայր Սիսիանում՝ որպես կամավոր, երկու օր առաջ հյուրընկալվեց Թբիլիսիի ուսանողական մեր բնակարանում։ Բենը խոսում է հայերեն, երբեմն նաեւ փորձում արտահայտվել Սիսիանի բարբառով։ Ես պատկերացնում եմ, թե որքան դժվար է անցել կամավորության իր երկու տարին իմ հայրենիքում, քանի որ այնտեղ կամավոր լինելու գաղափարը դեռեւս մինչեւ վերջ չի ընկալվում։ Մարդիկ կարծում են, թե կամավորները մեծ գումարներ են ստանում՝ Ամերիկայից Սիսիան տեղափոխվելու համար։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե ոչ, դա իրականում բարի կամքի դրսեւորում է եւ այլն, ոչ։

Ինքս ապրել եմ կամավորի կյանքով․ իրականում, պարապությունը կամ դեռեւս կողմնորոշված չլինելն է երիտասարդին դրդում կամավոր լինել մեկ այլ երկրում։ Բենն այնքան էլ երիտասարդ չի թվում, բայց խոստովանեց, որ անընդհատ փորձում է ստեղծածին մարտահրավերների դիմակայել, խնդիրների առջեւ կանգնել, ինչն ԱՄՆ-ում իրեն չի տրվում, իսկ Հայաստանում՝ որքան ուզես։

Բենը կիթառ է նվագում։ Մոտ մեկ ամիս առաջ նա Երեւանի փաբերից մեկում համերգ է տվել, ստացված հասույթով գրքեր է գնելու Սիսիանի գրադարանի համար։ Նա դա պատմում է մեծ ոգեւորությամբ եւ մեծ հույսով, որ սիսիանցի երեխաները կսկսեն գիրք կարդալ․ նա ուզում է տեսնել իր արածի արդյունքը․ ինձ շատ ծանոթ զգացում է, մանավանդ երեխաների հետ աշխատելու ժամանակ։

(more…)

Սա հեչ էլ տափակ պատմություն չէր

Sunday, August 7th, 2011

Էսօր Լիլիթն ու ես նկարում էինք ամպերի վրա: Երբեք մտքովս չէր անցել, որ ամպերին նկարված իմ պատկերները մյուսներն էլ կարող են տեսնել: Ու եթե սա ինձ հետ պատահեր փոքր տարիքում, խորը կհիասթափվեի` մտածելով, որ փաստորեն ամպերը միայն իմը չեն: Մի տեսակ գոհ էինք անձրեւի գալստով. մաքրել էր Աղբարաշենի տնակներն ու շագանակագույն դարձրել.. բայց մեզ ամպերն էին հետաքրքրում` արեւմուտքից ու հարավից միմյանց միացած ամպերը:

Սկզբում զմայլվում էինք գորշ ամպերի միջից երեւացող օզոնի պարզ ու ջրի պես հագեցնող գույնով, իսկ հետո ես թռչող բադ նկարեցի` մի մեծ քուլայով: Լիլիթը նայեց նկարիս, ծիծաղեց. թռչող բադն էնպես էր սլանում` իմ ծիծաղն էլ եկավ:

Ձախ կողմում մեկ էլ Լիլիթը նկարեց մի “շլյապայով” կնոջ ու պագոնավոր տղամարդու միասնությունը: Մի 40-ն անց կլինեին, բայց իրար սիրելուց դեռ չէին ձանձրացել: Ուշադիր նայում էինք, որ տեսնեինք` ոնց են համբուրվելու, էն էլ նկատեցինք` ինչպես է կնոջ մազերը սահում ու խառնվում գորշ ամպերի քուլային: Ինչպես Լիլիթն ասաց, կինը լցվում էր գորշությամբ, իսկ տղամարդը կամաց-կամաց դատարկվում էր. միայն պագոններն էին, որ եռանկյունու պես հաստատակամ մնացել էին:

Մի 4 վայրկյան էլ որ անցավ, տեսա, թե լցված կինն ու դատարկված տղամարդն ինչպես են միասին տանկ դառնում, զրահամեքենա: Լիլիթը նայեց զրահամեքենայիս, ասաց. «Էհ, չէէէ, լավը չի. թող տղամարդ ու կին մնան հա՞»: Ասացի` հա, բայց դե մեկ է, տանկը մտքիցս դուրս չէր գալիս:

(more…)