Posts Tagged ‘Անկախության օր’

18 տարեկան եմ, բայց ծնունդս նշող չկա…

Monday, September 21st, 2009

Այսօր լրացավ 18 տարիս… ամեն տարի այս օրը խնամակալներս  դրոշներ են կախում փողոցների անկյուններում… այս անգամ էլ, նրանք դա արել  են գիշերով, որպեսզի ես չտեսնեմ… բայց տեսա, տեսա, որ  դրոշները կախում են  միայն կախելու համար… դրոշները նոր էին, այն հին ու մաշված դրոշները չէին…ankakhutyun

Գիտեմ, որ իմ ծննդյան օրը մարդիկ կոչում են Անկախության օր… ասում են, որ անկախության հետեւանքով ծնվեցի… ես, իհարկե, չգիտեմ` ինչ կար «չանկախության» օրոք, բայց շատ լավ գիտեմ, որ նախնիներ ունեմ. ծնողներ, պապիկներ, տատիկներ… նրանք դեռ մեր թվարկությունից առաջ գոյություն ունեին… դարավոր պատմության միջով են անցել, շատ են տանջվել, պայքարել, որ մի օր ես ծնվեմ…

Իսկ այսօր ԵՍ ԿԱՄ… այստեղ եմ, ապրում եմ, երազում, գործում… Ուրախ եմ,  որ կամ, իսկապես ուրախ եմ…

Ինչպես բոլորը, ես էլ ունեմ բազում խնդիրներ,  սխալներ, բայց կամ, այստեղ եմ, ահա…

Մտածում էի`   հարազատներս շատ կուրախանան իմ եղելության 18-ամյակով… բայց սխալվեցի…

Ոչ աշխատանքային է օրը. բոլորը տներում են…ալարում են դուրս գալ, շնորհավորել ինձ… ալարում են… Տոն օր  ասելով` Տան օր են հասկանում…

Միայն խնամակալներս են կարծես պարտավորվում  նշել իմ տոնը… կազմակերպել են ամենանգամյա «ֆոնոգրամա-համերգ»… ջինսերով երգչուհիները բեմ  են դուրս գալու, ասելու են «Չեմ տեսնում ձեր ձեռքերը» ու գնալու…

Մարդիկ էլ կգան, կնայեն միմյանց, նոր թեմաներ կհավաքեն  այս շաբաթվա համար ու էլի կգնան…ուր մնաց ԻՄ տոնը… ուր մնաց ձեր` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ տոնը…