Posts Tagged ‘Սիսիան’

Գուրգեն պապին

Saturday, November 3rd, 2012

Մեր բակում բոլորն իրենց ծառերը ցանկապատել ու ձյութել էին, որ պտուղները չգողանանք: Ցանկապատները մեզ համար ոչինչ էին. երեկոյան 8-ից հետո, դուրս էինք գալիս «աբլավի»: Ծառ չէր մնում, որ չթալանեինք, իսկ բռնվելիս` հրոսակախմբի պես այս ու այն կողմ էինք փախչում: Պատահում էր, որ թալան էի կազմակերպում հենց մեր ծառերի վրա: Քանի որ ծնողներս արդեն ինտերնետ ունեն ու կարդալու են գրածս, երեւի կներեն ինձ:) Ես սիրում էի հանցագործություններ անել. միշտ կանգնում էի մաֆիայի գլխին: Հեշտ բան չէր. ծեծն ու ամոթանքը միշտ ես էի ուտում: Տանը հանգիստ էի. ոչ իմ տարիքի, ոչ էլ իմ խելքի մարդ կար, որ ինքնարտահայտվեի: Իսկ այ փողոցում` իմ սիրելի հրոսակախումբը…

Մի ծառ կար, որին երբեք չէինք դիպչում եւ մի տուն կար, որի դարպասին քարերով չէինք խփում…իմ սիրելի Գուրգեն պապի: Նա ապրում էր հիվանդ ու ծեր կնոջ հետ, ունեցած-չունեցածը մի տանձի ծառ էր, որի կողքին երբեք էլ ցանկապատ չքաշեց: Իսկ մենք երբեք էլ այդ ծառի բերքը չգողացանք: Գուրգեն պապին մի ավտոտնակ էլ ուներ, որտեղից ամեն օր անդադար դըխկ ու չըխկի ձայն էր գալիս: Սիսիանցիների տներում դեռեւս Գուրգեն պապիի սարքած վառարաններն ու դույլերը կան: Երբ հոգնում էր իր ժեշտերի ձայնից, դուրս էր գալիս, հենվում էր փայտե բարձր սեղանին ու հետեւում մեր խաղին:

(more…)

Ես վախենում եմ հեռանալ Երեւանից

Friday, May 18th, 2012
Ամերիկացի Բենը, որ երկու տարի ապրել է իմ ծննդավայր Սիսիանում՝ որպես կամավոր, երկու օր առաջ հյուրընկալվեց Թբիլիսիի ուսանողական մեր բնակարանում։ Բենը խոսում է հայերեն, երբեմն նաեւ փորձում արտահայտվել Սիսիանի բարբառով։ Ես պատկերացնում եմ, թե որքան դժվար է անցել կամավորության իր երկու տարին իմ հայրենիքում, քանի որ այնտեղ կամավոր լինելու գաղափարը դեռեւս մինչեւ վերջ չի ընկալվում։ Մարդիկ կարծում են, թե կամավորները մեծ գումարներ են ստանում՝ Ամերիկայից Սիսիան տեղափոխվելու համար։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե ոչ, դա իրականում բարի կամքի դրսեւորում է եւ այլն, ոչ։

Ինքս ապրել եմ կամավորի կյանքով․ իրականում, պարապությունը կամ դեռեւս կողմնորոշված չլինելն է երիտասարդին դրդում կամավոր լինել մեկ այլ երկրում։ Բենն այնքան էլ երիտասարդ չի թվում, բայց խոստովանեց, որ անընդհատ փորձում է ստեղծածին մարտահրավերների դիմակայել, խնդիրների առջեւ կանգնել, ինչն ԱՄՆ-ում իրեն չի տրվում, իսկ Հայաստանում՝ որքան ուզես։

Բենը կիթառ է նվագում։ Մոտ մեկ ամիս առաջ նա Երեւանի փաբերից մեկում համերգ է տվել, ստացված հասույթով գրքեր է գնելու Սիսիանի գրադարանի համար։ Նա դա պատմում է մեծ ոգեւորությամբ եւ մեծ հույսով, որ սիսիանցի երեխաները կսկսեն գիրք կարդալ․ նա ուզում է տեսնել իր արածի արդյունքը․ ինձ շատ ծանոթ զգացում է, մանավանդ երեխաների հետ աշխատելու ժամանակ։

(more…)

Դաստակերտի ուտոպիան. 317 բնակիչ ունեցող քաղաքը գյուղ չի կարող դառնալ

Wednesday, May 12th, 2010

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Պաշտոնական տվյալներով Հայաստանի ամենափոքր քաղաք համարվող Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքն ունի 0,3 հազար բնակչություն:

Խորհրդային տարիներին պղնձամոլիբդենային հռչակավոր եւ առեղծվածային կոմբինատով հայտնի քաղաքային համայնքն այսօր մեծ մասամբ ավերակների է վերածվել, որոնց վրա դաստակերտիցները մի կերպ ապրում են իրենց կյանքը` ոչ մի հստակ պատկերացում չունենալով քաղաքի ապագայի մասին:

40-ից ավելի փոքրիկ դաստակերտցիների համար պղնձամոլիբդենային կոմբինատի առեղծվածը գոյություն չունի. Խորհրդային միության կարեւոր գործարաններից մեկի ավերակները նրանց համար այսօր վտանգավոր խաղահրապարակի է վերածվել: Դաստակերտը քաղաք է, որն այսօր գյուղ չի կարող դառնալ, քանի որ համայնքի տարածքում գյուղատնտեսական նշանակության հողեր չկան, իսկ հարեւան համայնքերում չկան հարմար գյուղտնտնտեսական հողեր` համայնքին տալու համար:

(more…)