Posts Tagged ‘ֆիեստա’

ֆիեստա

Tuesday, August 31st, 2010

Հիվանդանոցի կեղտոտ բազկաթոռներին նստած էինք մենք. գինին լցրել էինք սուրճի գավաթների մեջ, որպեսզի միջանցքով հոգնատանջ քայլող, անչափ հետաքրքրասեր “սանիտարկաները” գլխի չընկնեին,որ ալկոհոլ ենք ներս մտցրել: Շոկոլադն այդ պահի միակ քաղցրեցնող միջոցն էր, իսկ մնացածը… մնացածն իրականում անհամ էր ու դատարկ…

Եթե մի քիչ քայլեիր միջանցքով, թեքվեիր դեպի աջ, կամացուկ իջեցնեիր եվրոդռան սպիտակ բռնակը, կզգայիր մեր ՄԵԿԻ, այն միակի շունչը, որ քնեցված էր, բայց խոսում էր անդադար: ՄԵԿԸ արթնացավ… սպանեց տիեզերքին, սպանեց իրեն քնեցնողներին… արթնացաաավ… Ողջագուրվեց մեզ հետ, հավաքեց իր շուրջը բալիկներին, շարունակեց “մորքուրություն” անել… Սակայն հուզվեց… ու հուզվեցինք մենք…

Զգացի բոլորիս փոխարեն… բոլորիս զգացի այնպես, ինչպես ինձ…

Վախենում էինք կորցնել միմյանց, քանի որ այլեւս թելադրող չէինք, եւ մեր կամքն առ ոչինչ էր… Տիեզերքը փորձում էր իրեն ենթարկել մեզ, իսկ մենք ընտրության հնարավորություն չունեինք` բացի միմյանց ամուր գրկելուց ու բաց չթողնելուց…

Մամռոտ քարեր էինք, որ հոսում էինք գետով… հանկարծ գահավիժեցինք ու ահա մի մեեեծ ծով` իր ալիքներով… ու բախում գետնին, բախում ցամաքին… շպրտված մի պնդաճակատ ալիքի կողմից…

Մեկը միայն անընդհատ շշնջում էր` “And the sun also rises”… երեւի տիեզերքն էր, որ հաշվի չէր առնում այն արեւները, որ բոցկլտում էին մեր մեջ… նա իր շահի հետեւից ընկած` ամեն ինչ անում էր, որ իր արեւը ծագի… ծագի բնականոն, սովորական հունով…

Մեր անսովոր արեւները ոչ ոքի պետք չէին… եւ երբ զգում ենք, որ հիմա պիտի հանգչեն, շրջան ենք կազմում (նույնիսկ եթե հազարավոր կմ-եր հեռու ենք իրարից), միմյանց ջերմացնում ու նորից ԲՈՑԿԼՏՈՒՄ… մինչ անվերջություն…

Հ.Գ. գիտեմ, որ շատերդ ոչինչ չեք հասկանա գրածս “հիմարություններից”, բայց սա մարդկանց նեղ շրջանակի` իմ հարազատ մամռոտ քարերի համար է…