Posts Tagged ‘Vahan Arcruni’

համամարդկային, համաինձնային…

Sunday, March 14th, 2010

Արծրունու համերգին էի գնացել այսօր: Փոքր թատրոնում էր` մի փոքր թատրոն… մոտ 80 հոգի կային, ովքեր հավաքվել ու սպասում էին նրա հնչյուններին: Ես էլ նրանցից մեկն էի, չնայած սովորությանս համաձայն ուշացել էի: Ներս մտա, տեսնեմ լիքը գլուխներ ուղղված են բեմին, մտածում են փիլիսոփայի հետ: Արծրունիական կիթառի առաջին իսկ ջղաձգումներից իմ գլուխն էլ սկսեց մտածել…անկախ ինձնից: has_am_20100114_3701115033Անկեղծ ասեմ, համերգի ողջ ընթացքում զգացի այն, ինչից մինչ տեղ հասնելս վախենում էի, խուսափում, չէի ուզում զգալ…համամարդկային, համահայային (համահայկական բառը չինովնիկերեն է) մի հեգնանք, որ փոխանցվում էր ամբողջ աշխարհն ու երեւույթներն իր վրա կրող բեմից: Չէ, ինչ համամարդկային… իմ ցավը, իմ հեգնանքը ողջ համերգի ընթացքում դեմքիս շպրտեց փիլիսոփան. երգեց իմ մասին, ծաղրեց, ծաղրեց մինչեւ վերջ…իսկ ես չէի ուզում, դրա հավեսը չունեի:

Գիտակցությունս միայն մի բան է հասկանում, որ ենթարկվեցի արվեստագետի գլխավոր նպատակին` «պետք է դնել հանդիսատեսին մի ստենդի վրա, որ զգա իրականությունն ու վերեւից նայի իրերին»,-մի անգամ ինձ ասաց Արծրունին:

Ավարտից հետո դուրս պրծա թատրոնից, փողոցն անձրեւում էր… ազատվեցի, բայց արդեն ստենդի վրա էի ու իջնել չէի կարող ու դեռ չեմ իջել…

Շարունակել չեմ կարող, բայց ուզում եմ մկնիկը սեղմել publish-ին, այնպես որ, սեղմում եմ… մինչ տեսություն…